Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում բացվեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային լաբորատորիա

Ապրիլ 07,2016 14:20

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանսբ Բրուքսը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտոնատար այլ անձինք Իջևանում մասնակցեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը:

«Հայաստանի Հանրապետությունը բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր` շարունակաբար և հետևողականորեն զարգացնում է հանրային առողջապահական կարողությունները: Այսօր աշխարհի մեծաթիվ երկրների համար օրակարգային են էկոլոգիական ռիսկերը, արտակարգ իրավիճակները, վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ և նորահայտ վարակիչ հիվանդությունները, համաճարակաբանության երկրամասային տեղաշարժերը և այլ գործոններ»,-բացման մասնակիցներին ասաց Արմեն Մուրադյանը` այս համատեքստում կարևորելով լաբորատոր համակարգի դերը, միջազգային ժամանակակից մոտեցումներին համահունչ դրա զարգացման միտումները:

«Ես վստահ եմ, որ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիան, հարմարավետ պայմաններն աշխատանքային նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն կենտրոնի մասնագետներին»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` բոլորի անունից շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությանը արդյունավետ համագործակցության համար:
Դեսպան Ռիչարդ Մ. Միլսը նշելով, որ այս ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է` շեշտեց, որ Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ-ի) կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինն է։

«Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»,-ընդգծեց դեսպանը:

Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Ռիչարդ Մ. Միլսը նշեց, որ կրակի դադարումը բոլորի կողմից ջերմությամբ է ընդունվել։ Իսկ տարածաշրջանային այս կենտրոնի բացումը կարևոր է որպես երկու բարեկամ երկրի համագործակցություն։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գնահատմամբ` լաբորատորիայի բացումը կարևոր է նաև հանրային առողջապահական տեսանկյունից: Նրա խոսքով` նորակառույց այս կենտրոնը այսուհետև հնարավորություն կընձեռի հատկապես հատուկ վտանգավոր վարակներն ավելի արագ հետազոտել` ավելի բարձր որակով, ինչպես նաև ուղիղ կապ հաստատել կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայի հետ: Արտավազդ Վանյանը կարևորեց նաև ծրագրի շրջանակում իրականացված մասնագետների վերապատրաստման գործընթացը, որը շարունակական է լինելու:

«Կարևոր է նաև, որ ներդրվում է հիվանդությունների էլեկտրոնային ինտեգրացված համակարգ, որը թույլ է տալիս սերտ աշխատանքներ իրականացնել այլ գերատեսչությունների հետ` արագ արձագանքելով յուրաքանչյուր հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությանը»,-մանրամասնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:
Նշենք, որ ԿՈՆՀԾ ծրագրի շրջանակում այժմ ավարտում են Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017 թ. կավարտի ևս երեք կենտրոնի կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

 
ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930