Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց` ով է ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը եւ ինչ կապ ունի «Հայկական վերածննդի» հետ

Ապրիլ 15,2016 18:24

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներից Օֆելյա Գրիգորյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում գումարտակի անունից հայտարարեց, որ ոմն Գարիկ Խաչատրյան ներկայացել է որպես գումարտակի ազատամարտիկ եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության անունից սփյուռքի հայությանը կոչ է անում գումար փոխանցել` Արցախին օգնելու նպատակով: Իրականում, ըստ Օֆելյա Գրիգորյանի, գումարտակում այդ անունով անձ չկա: Տիկին Գրիգորյանն այդ մասին նաեւ իր «ֆեյսբուքյան» էջում էր գրել. «Շուշիի առանձին գումարտակը երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի «Օրինաց Երկիր» կուսակցության հետ եւ ոչ էլ այսօրվա «Հայկական Վերածննդի» հետ…ինքնակոչերը գումարտակի անունից հանդես գալու իրավունք չունեն: Հարգելի Գարիկ Խաչատրյան, դուք որ կուսակցության կամ կազմակերպության անդամ ուզում եք դարձեք, բայց գումարտակի անունից նրանց համար դրամահավաք կազմակերպելու իրավունք չունեք»,-մասնավորապես ասված է գրառման մեջ:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վստահաբար կարող եմ նշել, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունում չկա Գարիկ Խաչատրյան անուն-ազգանունով որեւէ կոմպետենտ անձ, որը լիազորություն ունենա կուսակցության անունից նման հայտարարություն կամ մեկնաբանություն անել»: Մոսինյանը հավելեց, որ առհասարակ դրամահավաքի մասին որեւէ հայտարարություն «ՀՎԿ»-ի կողմից չի արվել:

Aravot.am-ը սոցցանցում գտավ սփյուռքյան համանուն` «Հայկական Վերածնունդ» անունով կազմակերպության Մոսկվայում գործող մասնաճյուղի էջը, որտեղ էլ տեղադրված է դրամահավաքի մասին հայտարարությունը: Նկատենք, որ հայտարարության մեջ հայաստանյան «Հայկական Վերածնունդ» կուսակցության եւ Շուշիի առանձնակի գումարտակի մասին խոսք չկա: Ասվում է, որ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության վստահված անձը` Արցախյան պատերազմի մասնակից Գարիկ Խաչատրյանն է համակարգելու Արցախին ուղղված օգնության տրամադրումը: Այս առնչությամբ տիկին Գրիգորյանը մեզ ուղարկեց «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կառույցի մեկ այլ` փարիզյան մասնաճյուղի հայերեն հաղորդագրությունը, որում, սակայն, հիշատակվում է Շուշիի առանձնակի գումարտակի անունը: Հայտարարության մեջ ասված է. «Կոչ ենք անում բոլոր սփյուռքահայերին միանալ այս դրահամահավաքին:

«Հայկական Վերածնունդը» իր իսկ միջոցներով դրամական օգնությունը անմիջականորեն կփոխանցի զոհվածների ընտանիքներին: Այդ նպատակով «Հայկական Վերածննդի» պատասխանատու անձը՝ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Գարիկ Խաչատրյանը մեկնում է Հայաստան` անհրաժեշտ աշխատանքները տեղում համակարգելու նպատակով»:

«Հայկական Վերածննդի» մոսկովյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջով Aravot.am-ին տրամադրեցին Գարիկ Խաչատրյանի հեռախոսահամարը: Մեզ հետ զրույցում նա նախ հարցրեց, թե ով է ասել, թե ինքն իբր Շուշիի առանձնակի գումարտակից չէ. «Հարցրեք Ժիրայր Սեֆիլյանին: Նա լինելով հրամանատար, գիտի, թե ովքեր են ներկայացնում գումարտակը: Ինձ համար ոչինչ չարժե, թե ով ինչ է ասում: Ես եղել եմ Շուշիի առանձնակի գումարտակում, մասնակցել եմ մարտերի, ջոկատ եմ տարել` որպես մարտական պատասխանատու: Չեմ ուզում մանրանալ, որովհետեւ չունեմ դրա կարիքը: Ես ընդդիմության շարքերում եմ, պարզապես չեն ուզում ներկայացնել, որ Շուշիի առանձնակի գումարտակից որեւէ մեկն ընդդիմությունից է»:

Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ Երեւանում է եւ տվյալներ է հավաքագրում քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների մասին, որպեսզի առաջիկայում «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցի նախաձեռնած դրամահավաքի միջոցները բախշվեն այդ ընտանիքներին:

«Ես այստեղ եմ` կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն անձամբ` առձեռն, զոհվածների ընտանիքներին փոխանցելու համար: Ես ներկայացնում եմ «Հայկական Վերածնունդ» սփյուռքի կազմակերպությունը, որը ստեղծվել է երեք տարի առաջ եւ գործում է սփյուռքում: Մենք, որպես կազմակերպություն, որեւէ կապ չունենք Հայաստանում «Օրինաց երկրի» կողմից ստեղծված «Հայկական Վերածնունդ» կուսակցության հետ: Այդ կուսակցությունը գողացել է  մեր կազմակերպության անունը եւ օգտագործում է` շփոթության մեջ գցելով հանրությանը»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Դառնալով Շուշիի առանձնակի գումարտակին` նա հավելեց. «Չեմ ուզում խորանալ այս ամենի մեջ. դա պարզապես վայել չէ ինձ` կամավորին, որն իր կյանքն է նվիրաբերել երկրի սահմանների պաշտպանությանը»:

Լուսանկարը` Գարիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիկին Օֆելյան սխալվում է: Մենք սփյուռքում գործող Հայկական Վերածնունդն ենք և բացարձակապես ոչ մի կապ չունենք Օրինաց Երկրի հետ: Այս շփոթմունքի պատճառը նա է, որ Արթուր Բաղադասարյանի կուսակցությունը ընտրեց մեր կազմակերպության անունը ՝ Հայկական Վերածնունդ, որը գույությունը ուների իրենցից առաջ: Մենք իրենց զգուշացրեցինք բայց դա ապարդյուն անցավ:

    Այդ կուսակցության անունը այնքան վարկաբեկված է, որ իրենց պատճառով մեր ուղղությամբ է զայրույթ գալիս: Սոցիալական ցանցերում տեսնում ենք մարդիկ ինչպես են արձագանքում, մտածելով որ Արթուր Բաղդասարյանն է դրամ հավաքում: Երբ բացատրում ենք մարդիկ հասկանում են:

    Տիկին Օֆելյայի զայրույթը հասկանում ենք, բայց նա պետք է ճշտեր նոր նման հայտարարություն աներ: Գարիկը մեր շատ լավ ընկերն է, Հայկական Վերածնունդի Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու է, և Շուշիի առանձնակի գումարտակի անդամ ազատամարտիկ:

    Սասուն Քոսյան
    Հայկական Վերածնունդ – Նյու Յորքի մասնաճյուղի պատասխանատու

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930