Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ անկախության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխե՞լ է

Մայիս 09,2016 19:12

ՀԱԿ անդամները համամիտ չեն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ անկախության ճանաչման հարցում իր դիրքորոշումը փոխել է: Հիշեցնենք, որ 2008-ի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հնչեցրած իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե պատեհ պահն է, որ ՀՀ ԱԺ-ն հանդես գա ԼՂՀ անկախության ճանաչման նախաձեռնությամբ:

ՀՀ առաջին նախագահը, մասնավորապես, հայտարարել էր. «Թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»:

Իսկ 2016-ի մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ԼՂՀ անկախության ճանաչման հարցի կապակցությամբ հանդես եկավ այլ վերլուծությամբ:

Մասնավորապես անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը` ՀՀ առաջին նախագահն իր հոդվածում նշեց. «Գնահատելի եմ համարում, որ Հայաստանի իշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համամտությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից։ Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու»:

Aravot.am-ի հարցին` ի՞նչն է պատճառը, որ այս հարցում Լևոն Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումը փոխել է, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսպես պատասխանեց. «2008-ին այլ իրավիճակ էր, 2016-ին` այլ: Այսօրվա իրավիճակում ԼՂՀ ճանաչումը ժամանակավրեպ ու վտանգավոր քայլ է»:

Մեր հստակեցմանը` արդյոք ՀՀ առաջին նախագահը դիրքորոշո՞ւմ է փոխել, Արման Մուսինյանն արձագանքեց. «Չգիտեմ` ինչից ելնելով եք այս եզրակացությունը բխեցնում, բայց ես իմ պատասխանն արդեն ասացի»:

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով` այստեղ դիրքորոշման փոփոխության հարց չկա, այլ իրավիճակի փոփոխության արդյունք  է. «Եթե մարդ իրեն համարում է քաղաքական գործիչ, դա կհասկանա, դա բացատրելու բան չէ: Ուղղակի իրավիճակի փոփոխության պարագայում պետք է ճկուն լինել: Դա սկզբունքների փոփոխություն չէ, ի վերջո վերջնական լուծումն է կարևոր: Այս դեպքում վերջնական լուծմանը հասնելու ընթացքում կարող է իրավիճակից ելնելով քաղաքական, այդ թվում նաև պետական ու դիվանագիտական գործիչները համապատասխան ձևով իրենց նախկինում կայացրած որոշումներն ու հայտարարությունները փոփոխության ենթարկեն: Բայց ամենակարևորը նպատակն է, իսկ այս դեպքում նպատակը միշտ մեկն է  եղել` ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումը աշխարհի կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031