Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղում Հայաստանից գնացած զենք է եւ պետք է կրակի, բա ի՞նչ պիտի անի». Ռուստամյանը՝ ՌԴ պաշտոնյային

Մայիս 11,2016 13:50

Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի խոսքերը, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ՝ պատասխանեց. «Վատ չի, եթե նա ասում է՝ ճանաչենք, որ մենք ուղարկենք զենքը: Դա վատ նախադրյալ չի ստեղծում: Այսօր շատ հստակ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստում է ռազմական փոխօգնության պայմանագիր: Այդ պայմանագիրը պետք է իրերը կոչի իրենց անուններով՝ դե ֆակտո իրավիճակը պետք է ամրագրենք դե յուրե, որի մասին վաղուց խոսում էինք: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորը եւ դրան համապատասխան քայլեր պիտի կատարի: Դա նախեւառաջ ենթադրում է, որ պետք է չեզոքացնի Հայաստանն այն սպառնալիքը, որ Ադրբեջանն այսօր ներկայացնում է Ղարաբաղի ժողովրդի առաջ: Բնական է, որ այդ պայմանագիրը պետք է արագացվի, արագ կնքվի, որպեսզի նման հարցեր չառաջանան: Հայաստանի զենքը, ՀՀ-ի ունեցած զինանոցը պետք է ծառայի ԼՂՀ-ի համար, սա ակնհայտ է»:

Հարցին՝ ՌԴ-ն թույլ կտա՞, որ Հայաստան մտնող ռուսական զենքը կրակի ԼՂՀ-ից՝ նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ է կրակում ձեր կարծիքով Ղարաբաղում, կարո՞ղ ա Ադրբեջանից զենք է ձեռք բերում: Հայաստանից գնացած զենք է եւ այո, պետք է կրակի, բա ի՞նչ պիտի անի: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը մի պարզ պատճառով, որպեսզի դա տեղի ունենա միջազգային գործընթացի միջոցով: Մենք դա ուզում ենք Մինսկի խմբի միջոցով ճանաչել, ոչ թե միակողմանի, ինչպես տարբեր դեպքերում եղել է: Դա մեծագույն զիջում է եղել ՀՀ-ի կողմից, որ չի ճանաչել ԼՂՀ-ն: Բայց եթե Ադրբեջանը բանակցություններ ասածը մտցնում է փակուղի և, ըստ էության, դադարեցնում է բանակցությունները, ուրիշ ելք չի մնում, քան ճանաչել Ղարաբաղը, որի մասին ՀՀ նախագահը շատ հստակ հայտարարել է: Դրա համար ասում ենք՝ դա պետք է միշտ մնա մեր օրակարգի վրա, որտեղ հստակ պետք է երեւա՝ հարձակում ԼՂՀ-ի վրա՝ նշանակում է հարձակում ՀՀ-ի վրա, եւ Հայաստանը պետք է բոլոր միջոցներով պաշտպանվի»:

Արմեն Ռուստամյանը հորդորեց միջազգային հանրությանը, որ խոսեն ոչ թե դրա, այլ այն մասին, թե ինչու է այսօր Թուրքիան զորք կուտակում Նախիջեւանում. «Իրենք պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, ամբողջ տարածաշրջանի տակ դնում են ական, հետո մեղադրում են որեւէ մեկին, որն ուզում է պաշտպանվել դրանից, դա ճիշտ չի»:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն, Դուք ԼՂՀ-ն ճանաչելու հարցում համամիտ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որ հիմա այդ նախագիծը բերելը անհեռատես, առանց հաշվարկի քայլ է՝ նա պատասխանեց. «Մենք ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ենք համամիտ, մենք համամիտ ենք մեր տեսակետների հետ, որն արտահայտել ենք վաղուց եւ բազմիցս: Մենք էլ ենք ասել, որ դա պետք է կատարվի համաձայնեցված եւ ճիշտ ժամանակին: Եթե մեր երկրի ղեկավարությունը, որն այսօր բանակցություններ է իրականացնում, գտնում է, որ դրա ճիշտ ժամանակը չէ, ուրեմն դրա ժամանակը չէ: Բայց միեւնույն ժամանակ ասվում է, որ դա պետք է մնա մեր զինանոցում՝ որպես անհրաժեշտ քայլ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդունի says:

    Խոսքս ուզում եմ ուղղեմ հոդվածի լրագրողուհուն։ Հարգելի Հռիփսիմե, ինչու՞ եք էդպես վախվորած կամ պարտված դիրքից հարցեր ձեւակերպում, և ի դեպ, ոչ միայն Դուք։ Ինչ՞ է նշանակում․ «ՌԴ-ն թույլ կտա՞, որ Հայաստան մտնող ռուսական զենքը կրակի ԼՂՀ-ից» Ինչու՞ եք արեստականորեն, էլ ավելի, բարձրացնում ՌԴ֊ի դերը ՀՀ տարածքում։ Սա ինչ՞ ա։ Ոնց՞ թե․ « ․․․թույլ կտա՞․․․» Հո Ռուսաստանը մեր պապան չի, որ թույլ տա։ Վերջ ի վերջո սա տարածքային և ֆիզիկական անվտանգության հարց է և Հայաստանի Հանրապետությունը, վաղուց, ամենատարբեր առիթներով հայտարարել է, որ ինքը հանդիսանում է Արցախի վարչական տարածքի և բնակչության երաշխավորը։ Ավելին, տարիներ առաջ, ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, Արցախում հայտարարվեց, որ լուրջ սպառնալիքի դեպքում հարվածներ կլինեն նավթա֊գազային համալիրին, որը ԱՄՆ֊ի և Բրիտանական “Բրիտիշ Փեթրոլյում” ընկերության տնտեսական հետաքրքրության շրջանակներում է։ Դրանից հետո և մինչև հիմա ոչ մի պետություն ձայն չի հանել այդ առիթով, չեն քննադատել, թե․ «էս ինչ՞ եք ասում»
    Ուրեմն, եղեք ավելի վստահ ու համարձակ և ձեւակերպեք հարցեր ելնելով ՀՀ շահերից և դիրքից։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031