Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանին կհանձնվի աշխարհի առաջնության բրենզե մեդալ

Մայիս 20,2016 14:30

 

Հերթը 77 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանինն է:

Անցած աշնանը Ամերիկայի Հյուսթոն քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որի եւ նախորդ առաջնության արդյունքների հանրագումարով որոշվում էր, թե Ռիո դե Ժանեյրոյի ամառային 31-րդ օլիմպիական խաղերում որ երկիրը քանի՞ ներկայացուցիչ է ունենալու, տղամարդկանց գերծանր քաշային կարգում աշխարհի ռեկորդով հաղթել էր ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը: Սակայն նրա դոպինգ ստուգումը ցույց էր տվել, որ նա օգտագործել է դոպինգ՝ վերջին սերնդի իպամորելին, որի համար արդեն դեկտեմբերին նրան ժամանակավորապես արգելել էին հանդես գալ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներին, մինչեւ կբացվի երկրորդ՝ «B» սրվակը, որը նույնպես դրական արդյունք է տվել:

Նախօրեին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Լովչեւին ուղարկել է նրան չորս տարով որակազրկելու որոշման պաշտոնական փաստաթուղթը, որն իրավական ուժ է ստանում մարզիկին այդ մասին իրազեկելու պահից: Հետեւաբար, չեղյալ են հայտարարվում ռուսաստանցու՝ Հյուսթոնում ցույց տված արդյունքը, աշխարհի ռեկորդը եւ ետ է վերցվում ոսկե մեդալը:

andranik-7-1

Լովչեւի որակազրկումով նույն Հյուսթոնում երկամարտի 437 կգ արդյունքով չորրորդ հորիզոնականը զբաղեցրած մեր Գոռ Մինասյանը ինքնըստինքյան հռչակվում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայ մարզասերներն անհամբերությամբ սպասում են նաեւ աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում ծավալված սկանդալային պատմության հանգուցալուծմանը: Այդ քաշային կարգում մեր ծանրորդներից Անդրանիկ Կարապետյանը, որը վերջերս Նորվեգիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, աշխարհի առաջնությունում երկամարտի 363 կիլոգրամ արդյունք էր արձանագրել եւ միայն անձնական ավելի բարձր քաշի պատճառով նույնպես հանգրվանել էր չորրորդ տեղում: Սակայն այստեղ էլ դոպինգ է հայտնաբերվել 2-րդ տեղը զբաղեցրած կորեացի Կվանգ Սոնգ Կիմի անալիզում, որը նույնպես IWF-ի նախնական որոշումով ժամակավորապես զրկվել է պաշտոնական մրցումների մասնակցելուց: Գրեթե կասկած չկա, որ նա եւս արժանանալու է Լովչեւի ճակատագրին, որի մասին էլ պաշտոնապես կհայտարարվի: Այդ դեպքում էլ հարմար առիթի դեպքում աշխարհի առաջնության բրոնզե մեդալ կհայտնվի նաեւ Անդրանիկի կրծքին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031