Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության թեժ գծից քաղաքացու հետ փորձել են «տղայական զրույց» ունենալ

Հունիս 01,2016 16:50

Ինչպես գրել ենք, տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը, օրերս գործով մտնելով Գյումրու հարկային տեսչություն, մուտքի մոտ տեսել է ցուցանակ, համաձայն որի՝ սպորտային համազգեստով քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է: Տնտեսագետը, գտնելով, որ սրանով սահմանափակվում է մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, պարզաբանումներ ստանալու համար նախեւառաջ զանգահարել է Պետեկամուտների կոմիտեի թեժ գիծ: Այստեղ, ըստ մեր զրուցակցի, պատասխան չեն ունեցել, թե որ օրենքի համաձայն են խստիվ արգելում սպորտային համազգեստ հագած քաղաքացիների մուտքը պետական կառույց:

Այնուհետ տնտեսագետը զանգահարել է կառավարության թեժ գիծ ու անակնկալի եկել, քանի որ, ըստ նրա, «մունաթ-զունաթով» են խոսել իր հետ: «Կառավարության թեժ գիծ եմ զանգահարել ամսի 27-ին, ինչ-որ մի աղջիկ՝ Անահիտ անունով, փորձում է բացատրություն տալ: Ես հարցնում եմ՝ ի՞նչ օրենքի հիման վրա եք սպորտային համազգեստ հագած քաղաքացիների մուտքը պետական կառույց արգելում: Այստեղից պատասխանում են՝ ձեր հեռախոսազանգը գրանցված է, ես էլ հետաքրքրվում եմ՝ ընթացք տրվելո՞ւ է գրանցված հեռախոսազանգին: Նա, չունենալով պատասխան, հեռախոսը փոխանցում է ինչ-որ մեկին: Ասում եմ «ինչ-որ մեկին», քանի որ տվյալ անձը չներկայացավ, մի քանի անգամ հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ներկայացեք, այդպես էլ չներկայացավ: Ու այդ մեկը վերցնում է հեռախոսը, պետական կառավարման անհայտ ծագման մի երեւույթ, խոսում է դու-ով, բացատրում եմ, որ քաղաքացու հետ պետք է դուք-ով խոսեք ու սկսում է վիրավորական արտահայտություններ… Հետո ասում է ՝ կգան քեզ կտեսնեն: Այսպես ասած՝ տղավարի հարթություն է հարցը տանում:

Մի քանի օր է՝ սպասում ենք իրենց անձնական հարթությանը, չկան ու չկան այդ առյուծ տղեքը: Եթե անձնական հարթություն է, էլի պատրաստ եք, այդտեղ էլ խնդիր չունենք: Ես սրան բացատրում եմ, որ կարող եմ քեզ հակադարձել քո տոնով, բայց ես քաղաքացի եմ, դու պետական ծառայող ես, այդքանով հանդերձ մի հատ էլ քաղաքացուն կարող ես վիրավորե՞լ: Բա չասեմ, որ քո արած արտահայտությունների համար չես կարող ո՛չ օրենքի, ո՛չ մարդկային, ո՛չ էլ բարոյական հարթությունից պատասխան տալ: Ինքը կառավարության աշխատող է, ու երբ Հովիկ Աբրահամյանը նման հայտարարություններ էր արել, մտածում էինք մեր երկրում միգուցե ինչ-որ բան շարժվի, բայց երբ որ կառավարության թեժ գիծն այս մոտեցումն ունի…

Զանգում եմ թեժ գծի պատասխանատուին, ոնց որ Սիմոնյան Հայկ էր անուն-ազգանունը, ասում եմ՝ ինձ վիրավորել են, ասում է՝ չեմ կարող ասել ով է, գաղտնիք է: Ասում եմ՝ դուք ձեր աշխատողներին չե՞ք ճանաչում, նա ուզում էր ինձ տեսնել, հիմա ես եմ ուզում նրան տեսնել, այդ առյուծ տղուն: Հիմա, փաստորեն, պետական ծառայությունը կառավարության թեժ գծում գաղտնիք է: Ենթադրում եմ, որ մի թեժ գիծ էլ կառավարության թեժ գծի համար պետք է բացվի, որ իրենց այդ անօրինությունների, անկարգությունների համար տեղյակ պահենք, որ այդպիսի «հերոսների» մուտքն այդ համակարգ արգելվի:

Հիմա եթե այս հարաբերություններով պետք է Հովիկ Աբրահամյանը փորձի պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, ես խիստ կասկածում եմ: Չե՞ն կարող մի իրավական լուծում ասեն, թե որ օրենքով քաղաքացիները սպորտային հագուստով պետական կառույց չեն կարող մտնել»,- հարցնում է Կարեն Պետրոսյանը:

Նա նաեւ ասաց, որ այսօր նույն հարցով զանգահարել է արդարադատության նախարարության թեժ գիծ, այստեղ խորհուրդ են տվել գրավոր նամակ գրել: «Հարցնում եմ՝ թեժ գծի իմաստն այն է, որ ես զանգահարեմ, դուք ասեք գրավոր նամակ գրե՞ք, պատասխանում են՝ այո: Մեր հարկերից աշխատող ենք պահում թեժ գծում, որ իրենց զանգենք, մեզ հուզող հարցի պատասխանը ստանալու փոխարեն, ասեն նամակ գրեք: Այնքան վիրավորական է, մենք ուրեմն գրավոր նամակ գրելու տեղն ու ձեւը չգիտենք, պետք է զանգենք թեժ գիծ, որ իրենք ասեն գրավոր նամակ գրեք: Երեք թեժ գիծ եմ զանգել, երեք տեղում էլ ասում են գրավոր նամակ գրեք, եթե գրավոր նամակ գրելու համար եք դուք այդտեղ, մենք ինչո՞ւ պետք է ձեր աշխատանքի համար վճարենք: Ամեն նախարարություն իր թեժ գծի ծառայությունն ունի՝ 3-4 աշխատող:

Պարոն Հովիկ Աբրահամյան, կրճատումները սկսեք թեժ գծից, եթե թեժ գիծը ստեղծվել է նրա համար, որ խորհուրդ տան քաղաքացիներին գրավոր նամակ գրել, ամեն թեժ գծից որ մի 4 հոգի հանեք, 100 հոգի միայն այդպես դուրս կգա: Ահա քեզ պետական ապարատի օպտիմիզացիա, 5-10 օր առաջ այդպես էիք ասում, սկսեք թեժ գծից…

Կարծում եմ՝ հարգելի վարչապետին կհաջողվի պարզել թեժ գծի անհայտ անձին, մեզ չհաջողվեց բացահայտել նրա ինքնությունը, միգուցե վարչապետին հաջողվի՞»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930