Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը չհաշտվեց իրեն ծեծի ենթարկած համայնքի ավագանու անդամի հետ

Հունիս 03,2016 17:20

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ,1969թ. ծնված Վիգեն Մատինյանը 2015թ. օգոստոսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Լուսաձորի հարակից տարածքում, իրեն պատկանող ցորենի արտում բռնկված հրդեհի ժամանակ, գտնվելով հոգեկան լարված վիճակում, նկատել է հրդեհի վայրից հեռացող եւ օգնություն ցուցաբերելուց խուսափող Անդրանիկ Մելիքսեթյանին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նշված օրը Լուսաձորում ցորենի արտի հրդեհը հանգցնելու համար Իջեւանից այդ գյուղ է ժամանել հրշեջ խմբի հրամանատար Ա.Մելիքսեթյանը, նա ավտոմեքենա նստելով ցանկացել է առաջ գնալ՝ տեսնելու համար, թե հրշեջ մեքենան ո՞ւր է հասել, մոտենո՞ւմ է վառվող արտին: Հոգեկան հուզմունքի մեջ գտնվող Վ.Մատինյանն էլ կարծելով, որ նա չի ցանկանում արտը հանգցնելու համար իրեն օգնել, հեռանում է, նրան հարվածներ է հասցրել:

Լուսաձոր համայնքի ավագանու անդամ Վ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկինում չդատված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջության այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ»): Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսված է 50-150 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (2015թ. այդ նախարարությունները մեկ կառույց էին) ինտերնետային կայքը ոչ մի տեղեկություն չհաղորդեց արտակարգ այդ դեպքի մասին:

Դատարան ուղարկված քրեական գործում Անդրանիկ Մելիքսեթյանը ներկայացված է ոչ թե որպես Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ, այլ՝ Գանձաքար գյուղի բնակիչ:

Վ. Մատինյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Մայիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Վ. Մատինյանին դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:

Դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում արատավորված չի եղել,անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար, վատառողջ է:

Տուժող Ա. Մելիքսեթյանը թեեւ Վ.Մատինյանին նյութական պահանջ չի ներկայացրել, սակայն նրա հետ հաշտվել չի ցանկացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930