Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը

Հունիս 17,2016 18:55

Հունիսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվելու է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված զինվորների ընտանիքներին:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

zoheri cnoghnerԱրարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը, զոհված զինվորների ծնողները, հարազատները:

Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ դրամաբաշխումը:

Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց . «Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում աղոթք առաքեցինք առ Աստված մեր հերոս զավակների հոգիների հանգստության համար: Նրանց կորստի ցավը մեր սրտերում՝ այսօր համախմբվել ենք՝ սփոփելու և մխիթարելու միմյանց:

Քաջարի հայորդիներ ծնած ծնողներ, վստահ ենք, որ ձեր որդիները գիտեին, թե ինչի համար են զոհվում. «Մահ իմացյալ անմահություն է»:

Ժամագրքի մեջ զինվորներին նվիրված այսպիսի մի աղոթք կա. «Դուք ձեր մարմինները փոխանակեցիք որպես փրկագին ձեր հոգիների»: Այո´, նրանք իրենց մարմինները զոհաբերեցին ոչ թե սոսկ հողի՝ այլ հայրենիքի, մարդկային ու ազգային արժևորված սկզբունքների, արժանապատվության և ազատության համար:

Մեր նահատակ հերոսներն իրենց արյունը թափեցին, իսկ դուք ձեր զավակներին զոհաբերեցիք որպես կյանքի հաղթական ուժի վկայություն:

Navasard KchoyanԱղոթում և հայցում ենք Բարձրյալից մեր զինվորների հոգիներին մշտնջենական խաղաղություն: Աստված խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը, և թող մեր ծնողները որդեկորույս չդառնան: Խունկ, աղոթք և խոնարհում նրանց հիշատակին»:

Ներկայացնելով «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2016թ. ծրագիրը` թեմի բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի ծրագրում ընդգրկվել են ոչ միայն Արարատյան Հայրապետական թեմի, այլ ամբողջ Հայաստանի ու Արցախի ընտանիքները: Հավաքված գումարը բաշխվելու է.

2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. ապրիլի 1-ը մարտական գործողությունների ժամանակ (հակառակորդի կողմից) զոհված  զինծառայողների ընտանիքներին ՀՀ-ից և ԼՂՀ-ից,
ԼՂՀ պաշտպանության գոտում 2016թ. ապրիլի 2-19 մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Օգնությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել է 2014թ. Ս. Սարգիս զորավարի տոնին: Հայոց բանակում ծառայության ընթացքում զոհված և վիրավորված զինվորների 662 ընտանիքի նախորդ երկու տարիների ընթացքում արդեն բաշխվել է 100 մլն դրամ:

Արարատյան Հայրապետական թեմում հայոց բանակին ու զինվորներին ուղղված մի շարք ծրագրեր կան, որոնք իրականացվում են ողջ տարվա ընթացքում:

Դրանցից են.

«Մենք մեր զինվորի կողքին ենք»
Լավագույն զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթիվ
«Ծառայենք թիկունքում»
«Աջակցություն Արցախի սահմանապահներին»
«Այցելություն ու զորակցություն վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքներին»
«Բերքից լավագույնը զինվորին»
«Նվիրիր հույս» բարեգործական համերգներ
«Հաղթանակի աղոթք»
Բոլոր այս ծրագրերի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն Հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել Հայրենիքի պահապաններին մեր կարողության չափով և ուշադրության կենտրոնում պահել մեր ազգի ու պետականության կարևոր պատվար բանակը:

Սրբազան հոր հանձնարարությամբ թեմի քահանաները մշտապես հատուկ ուշադրության ներքո պիտի պահեն զինվորների ընտանիքները՝ նրանց նաև հոգևոր աջակցություն ցուցաբերելու համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930