Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «հող հանձնելու» մասին

Հունիս 22,2016 10:00

Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ առաջին եւ երկրորդ նախագահները) գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները:

«Ճյուղավորումը» հետեւյալն է. քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ Ժիրայր Սեֆիլյանը դրան դեմ է, հենց այդ պատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե, այդ տրամաբանությամբ ինձ էլ պետք է ձերբակալեն, որովհետեւ ես էլ եմ դրան դեմ, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության 99,99 տոկոսը: Կասեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մնացած հայաստանցիները, որովհետեւ նա հանրահավաքներ է անում: Բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ՝ դժվար թե նրա քաղաքական գործունեությունը իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի: Ընդգծեմ՝ ես այստեղ չեմ քննարկում Ղարաբաղյան պատերազմի հերոսի դեմ առաջ քաշված մեղադրանքների ճիշտ կամ սխալ լինելը՝ խոսքս «թեմայի ճյուղավորումների» մասին է:

Իսկ թեման «հող հանձնելն» է: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ օրակարգում էր Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելը, այսինքն՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ստեղծումը: Ճիշտ է, Ալիեւը մինչեւ հանդիպումն ասում էր, որ հայերը պետք է դուրս գան «օկուպացված տարածքներից», բայց նա մի՛շտ է դա ասում, բայց նույնիսկ նա՛ չէր ասում, որ Սանկտ Պետերբուրգում այդ խնդիրն է քննարկվելու: Ուրիշ հարց՝ արդյոք ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մեխանիզմները գործելո՞ւ են (խիստ կասկածում եմ), եւ արդյոք Ադրբեջանը նոր հարձակում չի՞ պատրաստում (վստահ եմ, որ պատրաստում է): Բայց «5 շրջան զիջելու» կանխավարկածի հետ դա որեւէ կապ չունի:

Հայաստանի որեւէ նախագահ (կամ հետագայում՝ վարչապետ) չի կարող համաձայնել նման ծրագրի՝ բազմաթիվ պատճառներով: Բայց առաջին պատճառն այն է, որ դրանք ինչ-որ «շրջաններ» չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն են, եւ Հայաստանի ոչ մի քաղաքացի, այդ թվում՝ նախագահ, չի կարող այդ տարածքը «նվիրաբերել» ուրիշ մի պետության: Եթե որեւէ մեկի մտքով անցնի դա անել, ապա, միեւնույն է, նրա համաձայնությունը զրոյական նշանակություն կունենա:

Իսկ թե ինչու Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին՝ ա՛յ, այստեղ ներկայիս եւ նախորդ իշխանությունները լիքը քննադատվելու տեղ ունեն:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. yurik_baghdasaryn says:

    Ու՞մ հավատալ:Այսօրվա haqqin az թերթում Ալիեվի ադմինիստրացիան հայտարարում է,որ Ալիեվի եվ Սարգսյանի միջեվ համաձայնություն է ձեռք բերվել:Հանձնվում է հինգ շրջան,հետո եվս երկուսը եվ որոշվում է միջիանցքը ու հետո նոր Արցախի կարգավիճակը:Կարելի է ենթադրել ,որ եթե մեր կողմից հերքող պատասխան չլինի ուրեմն այդպես է որ կա:

  2. Հ.Շ. says:

    Ժիրայրը մի քիչ հանդարտեցուցին, որովհետեւ այդ երեւակայական զիջումների վերաբերող հաւաքական հիստերիան կարող է դառնա մասսայական, եւ ինք ու իր նմանները, շահագործելով այդ շինծու ու անհեթեթ տագնապը, կարող են գոյացնել կացութիւն մը որ, երկրի անկայունութեան եւ Պետական հեղինակութեան տկարացման պատճառներով, յանկարծ իրական կը դարձնէ այդպիսի զիջումների վտանգը:

  3. Գեւորգ says:

    Հարգելի ժողովուրդ խելքի եկեք: Եթե Սերժը որոշել է հանձնել ղարաբաղը, զինվորականներն էլ համաձայնվել են (իսկ զին. ղեկավարները հիմնականում հենց ղարաբաղցի են), որ իրենց հողը տան, այդ դեպքում մեր (հայաստանցիների) անելիքը էլ որն է? Ինձ թվում է, պետք չէ հիստերիայի մեջ ընկնել՝ օգտակար մի բան անելու փոխարեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930