Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հետո էլ կասեն` հայրենիքը սկսվում է սահմաններից»

Հունիս 24,2016 15:30

Սահմանամերձ դովեղցիները` իրենց ապրելակերպի մասին

«Երկու կով ունեի, ադրբեջանցիները գողացան (2007-08 թվականներին), երկու երեխաներս էլ այդ ժամանակ բանակում էին: Եկան բանակից ո՛չ աշխատանք գտան, ո՛չ մի բան, հիասթափված թողեցին գյուղը` գնացին Ռուսաստան: Մարդիկ լրիվ երեխաներին հավաքում գնում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում էր Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Սոնա Կիրակոսյանը, որին հանդիպեցին վերջերս «Մեդիա նախաձեռնության» կողմից կազմակերպված Տավուշի եւ Գեղարքունիքի մարզեր լրագրողական այցի ընթացքում: Տիկին Սոնայի խոսքերով` հիմա գյուղում մի բան չկա, որ մարդիկ զբաղվեն, եւ մնացել են միայն նրանք, ովքեր պետական աշխատանք ունեն:

4-.11

Նա թեպետ 3 երեխա ունի, բայց հիմա ոչ մեկը մոտը չի: Ապրում է ամուսնու, 79-ամյա սկեսրոջ, հարսի եւ փոքրիկ թոռնիկի հետ: Ցույց տալով նորաթուխ հարսին` ասում է` 3 տարվա ամուսնացած են, բայց ամուսինը հիմա կողքը չէ` Ռուսաստանում է: Սոնայի հարսը` Մերին, ընդհանրապես Դովեղը չէր տեսել մինչ ամուսնանալը, իսկ ամուսինը վերջին անգամ, նրա խոսքերով, տեսել է Նոր տարուն, որը շուտ հետ գնաց` ստիպված էր: Մերին մասնագիտությամբ դեղագործ է, բայց ինչպես գյուղի շատ կանայք, նա էլ տանն է` 3 տարեկան տղային է մեծացնում ու տան գործերում օգնում սկեսուրին: Փոքրիկ Արսենը արդեն գիտի, թե ինչո՞ւ են հայ զինվորները կրակում թշնամու վրա. «Մեր հայրենիքը գողանում են: Մեծանամ՝ սպանիլպտ իմ, հետո ջուրն իմ գցելու էդ թուրքերին», իսկ թե ո՞րն է քո հայրենիքը՝ հարցին պատասխանում է. «Հայրենիքը իմ տունն ա, այ ընդի` զինվորների կշկին ա»:

13514475_910691509040447_184106078_n
Տիկին Սոնան հոգոց հանելով՝ ասում է. «Սա կյանք չի՝ ո՛չ մեր ջահելների, ո՛չ մեզ համար, հետո էլ կասեն` հայրենիքը սկսվում է սահմաններից, սահմանը մենք ենք, սահման պահողները էսքանս ենք»:

Նա նշում է, որ հիմնականում գյուղում մնացած կանանց ուսերի վրա է ընտանիքի հոգսը. «Ասենք, գոնե կանանց համար էս գյուղում մի գործ լինի, մի կարուձեւի արտադրամաս, Շամշադինում ձեռնոցներ են կարում, չե՞ն կարող մի մասնաճյուղ էլ այստեղ դնել: Էդ իրենց հայրենակիցն ա` բացել ա, բայց դե մենք ի՞նչ անենք, որ նման հայրենակից չունենք: Գյուղի հիմնական ցավը աշխատատեղն ա: Հիմա քանի ընտանիք կա, երկու-երկու երեխաների հետ թողնում գնում են Ռուսաստան: Երիտասարդների մի մասն էլ կա՛մ Երեւանում են, կա՛մ էլի երկրից դուրս: Մեծ տղաս մասնագիտությամբ նկարիչ դիզայներ է, փոքր տղաս չի սովորել, այդքան ուսանող դժվար ա պահել. կովի պանիրը ծախում էի՝ ուսանող էի պահում էդ փողով: Աղջիկս լեզվաբանական ինստիտուտը ավարտել, եկել է Նոյեմբերյան խանութում օգնական է աշխատում. ինչեւէ, գոնե տանից դուրս է գալիս»:

4-12
Այս գյուղի աղջիկներն էլ, շատ այլ աղջիկների նման, ըստ տիկին Սոնայի՝ ավարտում են ուսումը, եւ եթե Երեւանում աշխատանք են գտնում, գյուղ էլ չեն գալիս:
Չհաշված սահմանամերձ գյուղի դժվարությունները, ամեն ինչ փորձում են ստեղծել, նաեւ հավ են պահում, երկու հատ էլ գոճի, որ վարկի փողը տան:
Հակառակորդի կողմից կրակոցների օրերին էլ տնից դուրս չեն գալիս: «Մենք` մեր տունը, ո՞ւր գնանք, մեզ ո՞վ կպահի իրա տանը երկար»,- ասում է տիկին Սոնան` ավելացնելով, որ անցած տարվա կրակոցներից էլ թշնամու գնդակը ուղիղ տղայի եւ հարսի սենյակի պատուհանին է հասել:

Անահիտ Կիրակոսյանն էլ տիկին Սոնայենց հարեւանությամբ ապրում է ամուսնու, տղայի, հարսի, երկու անչափահաս թոռնիկների հետ. «Մեր տունն էլ Սոնայենց կողքի տունն ա, անգամ մի 15 տարի առաջ թուրքերն են եկել, մտել մեր տուն, մեզ նստացրեցին աթոռներին, ավտոմատները պահեցին մեզ վրա, բայց էլի մնացինք մեր տանը` դուրս չգնացինք: Ամուսինս առաջին կարգի հաշմանդամ է, ինսուլտ խփեց, մի 5 անգամ վիրահատել են արդեն, հիմա չի խոսում, ես էլ 3-րդ կարգի հաշմանդամ եմ»:
Դժվարությամբ են ապրում սահմանում` ասում է տիկին Անահիտը, եւ թեպետ նա ամուսնու հետ 70 հազար դրամ թոշակ է ստանում, բայց ինչպես նա է նշում` 35 հազարը դեղ են առնում, մի մասն էլ կոմունալ վճարումներ անում, իսկ մնացածով էլ պետք է ամբողջ ամիս ծայրը ծայրին հասցնեն` սպասելով հաջորդ թոշակին. «Բայց դե, մենք մեր կյանքը լավ ու վատ ապրել ենք` էս ջահելներն են ափսոս, գործ լիներ` աշխատող են, լավ էլ կաշխատեն ու ոչ էլ գյուղից դուրս կգան»:

Գյուղում 4-5 տնտեսություն էլ տեղափոխվել են նախկին մանկապարտեզի շենք: Նորայր Աբրահամյանը, որը եւս իր 4 հոգանոց ընտանիքով այդտեղ է ապրում, նշում է, որ չնայած 8 հազար մետր հողատարածք ունի, բայց չի մշակում, քանի որ թշնամին միշտ նշանառության տակ է պահում այդ հողերը. «Մենք էս հողերը կարողանանք մշակել ու բերքը վաճառենք, էլի մեր ժողովուրդը գոհ կլինի, բայց ինչքա՜ն-ինչքա՜ն վարելահողեր ունենք, խաղողի այգի, որ սահմանի բերանին ա` չենք կարողանում մշակել: Լավ ա՝ տղերքս 9-6-րդ դասարան են արդեն, մեծ տղես իմ բոյին ա հասել, ինձ օգնում ա` ծնեբեկ ենք հավաքում, սինդրիկ, պոպոք»:

Նորայր Աբրահամյանը եւ մնացած ընտանիքները չնայած տարիներով ապրում են նախկին մանկապարտեզի շենքում` չունեն սեփականաշնորհման վկայական. «Մեր գյուղապետը ասում է, որ պետք ա քարտեզագրեն ու նոր վաճառեն, դրան ենք սպասում էս ինչքան ժամանակ է»:

Դովեղում մի քանի կրպակատիպ մթերային խանութներ են գործում, որոնց գործերն էլ, ըստ իրենց, այդքան էլ լավ չեն. «9 վարկ ունեմ, դեպի սահման ամենավերջին տունը մերն ա, ամուսինս էլ ստենտավորման կարիք ունի, բայց չենք կարողանում ստենտավորել, 8-րդ տարին ա՝ ուսանող եմ պահում, ու ոչ մի օգնություն չի եղել որպես սահմանամերձ համայնքի»,- ասում է կրպակներից մեկի սեփականատերը, որը չցանկացավ ներկայանալ:

Գյուղի մեկ այլ կրպակ էլ աշխատեցնում է Հայկանուշ Գիշյանն ամուսնու` Սարիբեկ Կիրակոսյանի հետ, եւ արդեն 17 տարի է՝ փոքրիկ կրպակն աշխատեցնելով են գոյատեւում: «Ամուսինս արդեն 5 տարի է՝ չի կարողանում նորմալ քայլել, իմ ճնշումն էլ շատ բարձր ա, ու դժվարությամբ եմ աշխատում: Էս մի տարի ա, որ հարկ չենք տալիս, էլի մի կերպ կարողանում ենք գոյությունը պահել»,- պատմում է Հայկանուշ տատը` ցույց տալով նաեւ «պարտքի տետրը» եւ ասում, որ մարդիկ կան, քանի տարի է՝ պարտքը չեն կարողանում մարել:

Գյուղում, ըստ Հայկանուշ տատի, հիմնականում գնում են հաց, սուրճ, պաղպաղակ. «Գալիս ասում են` Հայկուշ տատ, թոշակի կեսը լսին ենք տվել, գազին, կեսն էլ գնանք ալիր առնենք, էլ ոնց պարտքով չտաս: Անցած տարվա պարտք էլ կա, երկու-երեք տարվա էլ: Մարդ կա` համ թոշակ ա ստանում, համ նպաստ, բայց էլի չի հերիքացնում փողերը, որ պարտքերը տա: Մարոժնին 100 դրամ, 50 դրամ ա, որ նիսիա են առնում, էլ ի՞նչ ասես: 80 հազարի մարոժնի եմ նիսիա վերցրել, դեռ 10 հազար չեմ հավաքել, որ էն մարդը գա` տամ, ես էլ եմ հմանչըմ»:

Գյուղում առեւտուրը, Հայկանուշ տատի խոսքերով, պատահական է լինում, հատկապես` առձեռն գումարով:

Ամուսինները մեկ տղա ունեն, որի կինը նոր է մահացել. «Տղես 6 տարի ա՝ սահմանին ա, առաջին գիծ, ապրիլի 1-ից դեսը տուն չէր եկել, էսօր սմենափոխ ա լինելու` իջնի»,- ասում է Հայկանուշ տատը, որը նաեւ հարսի մահից հետո 16, 12 տարեկան թոռներին է բերել իր մոտ, որ, ինչպես նա է ասում` ապահով պահեմ, որ կարողանան փորներովը մին հաց ուտեն:

Չնայած դժվարություններին, տիկին Հայկանուշը գոհ է, որ կարողանում են գոյությունը լավ թե վատ պահել. «Ես հլա խանութ ունեմ, մի քանի հատ գոճի ունեմ: Բա մնացածը, որ թողնում գնում են՝ ի՞նչ ասեն: Ես դժգոհըմ չեմ, որ գնըմ են, որովհետեւ ապրելու միջոց չունեն, հաց չեն կարում հայթայթեն, 10 մետրի վրա թուրքը կրակում ա, ոչ անասուն են կարում պահեն, ոչ վարելահողերն են մշակում: Ափսոսում եմ, որ էս նմանի գյուղում, որ ջուրն ունենք, գազն ունենք, լույսը կա, բայց որ ապրելու հնարավորություն չկա, ո՞ւմ ոտը բռնում ա՝ գնում ա»:

Norayr Abrahamyan
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930