Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատկերացնում, որ Սեֆիլյանը 2 ինքնաձիգով կփորձեր ինչ-որ հեղաշրջում անել». Լեւոն Բարսեղյան (Տեսանյութ)

Հունիս 28,2016 14:46

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հ/կ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում ներկայացրեց Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի առեւանգման մանրամասները: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Գյումրիում` Հռոմի Պապի այցի ժամանակ: Բարսեղյանն ավելի վաղ սոցցանցի իր էջում մանրամասն գրել էր միջադեպի մասին:

Նրա խոսքով` Շահենին Գյումրիից տարած քաղաքացիական հագուստով ոստիկանները պատճառաբանել են, թե Շահենն իրենց խնդրել է տանել իր մոր մոտ. «Երեկոյան էլ «սարքեցին», թե Շահենը նրանց օրինական պահանջը չի կատարել, բայց նա ժողովրդի հետ կանգնած է եղել, ի՞նչ պահանջի մասին է խոսքը: Բազմաթիվ մարդիկ սպասում էին Հռոմի Պապին, ձեռքով ողջունում, աղոթում, բայց ոչ մեկին չէին բռնում-տանում, միայն Շահենին տարան: Շահենը պաստառը հանած չի եղել, ոստիկանը մտածել է խափանել երիտասարդին: Օրենսդրությամբ արտահայտման մեխանիզմը խափանման ենթակա չէ: Եթե մեկը քար է նետում, պետք է խափանել, բայց ոչ պաստառ պարզելու դեպքում: Ոստիկանը չպետք է գնահատի` շապիկի գրառումը վիրավորակա՞ն է, թե ոչ, խափանե՞լ, թե ոչ»:

Բարսեղյանը կարծում է, որ Շահենին պարզապես ցանկացել են մեկուսացնել եւ լռեցնել, որ չկարողանա ակցիա իրականացնել. «Սկզբում ասել են` Դիլիջանով գնում ենք Երեւան, այսինքն, որ նա հնարավորինս հեռու լինի գործընթացից: Սպիտակի ոստիկանությունում իմ կողմից առեւանգման փաստի առթիվ հաղորդում տալուց հետո հասկացել են, որ այդ երկու հոգին դառնում են առեւանգող, «մոգոնել» են վարչական իրավախախտում` իմ հաղորդում տալուց ժամեր առաջ: Շահենը միամիտ չէ, լավ գիտի արտահայտման ազատության գործիքակազմը: Ոստիկանության ուժերի ջանքերով մարդ առեւանգելու միջադեպը պետք է գնահատվի միայն օրենքի համատեքստում, որ թե բարոյականության, որովհետեւ մենք չունենք բարքերի ոստիկանություն»:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը` Լեւոն Բարսեղյանն ասաց. «Կասկածներ ունեմ` մտածել են, թե ակցիաներ կարող են նախաձեռնել, որոշել են ապօրինաբար խափանել: Չեմ պատկերացնում, որ Սեֆիլյանը 2 ինքնաձիգով կփորձեր ինչ-որ հեղաշրջում կամ զինված գործողություններ անել: Գործը շինծու է, հորինված, կմկմացող վկաներով եւ վկայություններով, որոնք ոչ մի կերպ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Իշխանությունն ապացուցել է, որ բանսարկու է: Եթե հարմար է համարում, գործեր է «կարում», մարդկանց ժամանակավոր մեկուսացնում, մինչեւ իր վերջը կգա, կամ էլ մեր վերջը կգա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930