Լրահոս
Օրվա լրահոսը

«Դզող-փչողի բուդկան», «Մերսեդեսի գործարանը» եւ Սահմանադրությունը

Հուլիս 05,2016 12:06

«Չարբախում դզող-փչողի մի բուդկան ինքն իրեն «Մերսեդեսի» գործարան չի դառնում»,- այս պատկերավոր համեմատությունն այսօր «Հենարան» մամուլի ակումբում արեց սահմանադրագետ Վարդան Այվազյանն`անդրադառնալով մեզանում Սահմանադրություն-հասարակություն կապին: Այս կենցաղային համեմատությունը բանախոսն արեց փաստելու համար, որ հասարակության կյանքում զարգացում ապահովելու համար համալիր մոտեցում է պետք. «Սահմանադրության միջավայրը քաղաքացիական հասարակությունն է, այն ինքն իրեն չի ձեւավորվում, դա պետության տքնաջան եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ պետք է լինի`մանկան օրորոցից»:

Նա մեկ այլ կենցաղային համեմատություն էլ արեց`պետք է ունենալ «շուն ու կատվի» Սահմանադրություն: Նկատի ունի`հակակշռող մեխանիզմներով:

Բայց եթե համապատասխան իրավամտածողություն, ընկալում եւ մոտեցում չունենք, որեւէ լավ Սահմանադրություն չի աշխատելու: Բանախոսն արձանագրում է, որ ներկայիս քաղաքական ուժերն այդպիսի ընկալում եւ մոտեցում չունեն: Վերջին Սահմանադրությունը որակական առումով, ըստ նրա, շատ լավն է իր նախորդներից: Բայց, նկատի ունենալով քաղաքական կուսակցությունների ընկալումները, կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում նոր Սահմանադրությունը դժվար թե հաջողություն ունենա: «Խորհրդարանական զարգացումները ավելի շատ կրկես են հիշեցնում»,- կարծում է Վարդան Այվազյանը:

Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, ըստ մասնագետի, նախ անհրաժեշտ է պետական իշխանության իրավահամարժեք գիտակցություն, որ Սահմանադրությունը չդառնա սուբյեկտիվ ընկալման եւ մեկնաբանման առարկա: Այլապես նորից լինելու է ընտրախախտումների ինստիտուտը, խորհրդարանում ոչ համարժեք մարդիկ են հայտնվելու եւ այլն: Օրը կգա, երբ մեզանում էլ Սահմանադրությունը «Սուրբ գիրք» կլինի, ինչպես ԱՄՆ-ում, բայց ե՞րբ`այդ է հարցը: Այստեղ անելիք ունեն թե իշխանությունները, թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը, թե լրագրողները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031