Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Եթե ազատ քվեարկություն թողնվի, Հայոց Ցեղասպանության բանաձեւը Քնեսեթում կընդունվի

Հուլիս 06,2016 12:03

Հակառակ նախատեսվածի, որ անպայման քվեարկություն տեղի կունենա, երեկ Իսրայելի խորհրդարանը կրկին Հայոց Ցեղասպանության բանաձեւը չքվեարկեց, այն ետ ուղարկեց Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովի դատին, թեեւ հանձնաժողովն արդեն իր դրական եզրակացությունն էր տվել:

ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ կառավարության ներկայացուցիչը «ցեղասպանություն» բառը չօգտագործեց: Բանաձեւին «կողմ» եղողները նույնպես քվեարկեցին այն հանձնաժողով ուղարկելու օգտին: Կիրո Մանոյանն ասում է`հավանաբար մտավախությամբ, որ այն բացասական գնահատականի կարժանանա:

«Հայ համայնքը դժգոհ է եղածից, քանի որ ցանկանում են ամեն դեպքում քվեարկություն լինի`հստակեցնելու համար Իսրայելի իշխանությունների կեցվածքը: Անցնող վեց տարիներին, երբ Թուրք-իսրայելական հարաբերությունները լարված էին, Իսրայելի իշխանությունները նույնպես «կողմ» չեն եղել բանաձեւի քվեարկությանը, բայց դեմ էլ չեն եղել հարցի արծարծմանը: Հայ համայնքին սատարող հրեա մտավորականներն այս ամենում քաշքշուկ են տեսնում`այն Թուրքիայի գլխին մահակ օգտագործելու համար: Բայց կա՝ ինչ կա»,- «Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց Կիրո Մանոյանը:

Նա կարծում է, որ Քնեսեթում հարցի հերթական արծարծումը Գերմանիայի դիրքորոշման եւ Հռոմի Պապի հայտարարությունների շարունակությունն է, նաեւ`Թուրքիային ուղղված ուղերձ: «Կա տեսակետ, եթե թողնվի ազատ քվեարկություն, մեծ հավանականությամբ բանաձեւը կընդունվի»,- ասաց Կիրո Մանոյանը`նկատի ունենալով այն, որ խորհրդարանական 5-6 կուսակցությունների ներկայացուցիչները երեկ Քնեսեթում «կողմ» են արտահայտվել բանաձեւին:

Պարոն Մանոյանի հավաստմամբ, Իսրայելում մեծացել է հասարակական դրական կարծիքը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, բայց իշխանությունը չի գնում այդ քայլին` նախ Թուրքիայի մոտ դժգոհություն չառաջացնելու, ապա հարցը Թուրքիայի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար:

Aravot.am-ի հարցին՝ Ցեղասպանության ճանաչման գործում ի՞նչ դերակատարում ունեն հայ-իսրայելական, ըստ էության, գոյություն չունեցող հարաբերությունները, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ Իսրայելը քայլեր չի անում, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտանան, բայց Իսրայելի հետ հարաբերություններն այս հարցի հետ այդքան էլ չեն առնչվում, քանի որ Իսրայելի համար այս հարցը լծակ է Թուրքիայի դեմ:

Խոսելով ընդհանուր առմամբ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ բանախոսն ասաց`ակնկալում է, որ ԱՄՆ նախագահը հեռանալուց առաջ «մի բան կասի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031