Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ հայտարարությունը կարելի է օգտագործել ընդդեմ Ռուսաստանի շահերի

Հուլիս 08,2016 17:00

Ի՞նչ անել, որ Հայաստանը չնմանվի «Ալպիական մանուշակի» բզեզին

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու մասին վերջին օրերի ընթացքում երկու հայտարարություն հնչեց: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացված նիստում արտգործնախարարների արած համատեղ հայտարարության մեջ արտգործնախարարները վերահաստատեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Մյուս հայտարարությունը կատարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսին բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետեւ դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը»:
Իհարկե, զուտ հռչակագրային առումով այս հայտարարությունները կարելի է հայկական կողմին ձեռնտու համարել: Սակայն փորձագիտական կարծիքներ կան, որ այս հայտարարությունները հռչակագրային են եւ առանձնապես կշիռ չունեն: Ըստ այդ կարծիքների` ՀԱՊԿ հայտարարություններում գոնե պիտի շեշտվեր, որ, օրինակ, եթե լինեն ոտնձգություններ Հայաստանի նկատմամբ, ապա ՀԱՊԿ-ը պատրաստ է շատ կոշտ արձագանքել, կամ որ Հայաստանը կարող է ամեն վայրկյան դիմել ՀԱՊԿ-ին, եւ ՀԱՊԿ-ը նորից կարձագանքի:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում հակադարձեց, թե նման խնդիրներ առաջ քաշելն իրատեսական չէ: Արտակ Դավթյանն անգամ հույս չուներ, որ ՀԱՊԿ-ի կողմից նման հայտարարություն կլինի. «ՀԱՊԿ-ի մանդատը բոլորովին այլ է, լիազորությունների շրջանակը՝ եւս»:
Դառնալով նմանօրինակ հայտարարությունների կշռին, եւ թե դրանք հայկական կողմն ինչպե՞ս կարող է օգտագործի՝ պարոն Դավթյանն ասաց. «Իհարկե, ռազմական ագրեսիայի պարագայում, եթե կրկնվի, մենք պիտի լինենք պատժողը, ուրիշ ոչ մեկը մեր փոխարեն չի անելու դա: Եթե մենք մտածում ենք, որ մեր փոխարեն ուրիշները պետք է պատժեն, ապա այս գլխից ալպիական մանուշակի բզեզին ենք հիշեցնում: Աշխարհը ճոճք չէ, առավել եւս այդ հարաբերությունները ճոճք լինել չեն կարող` լավ իմանալով մեր հարեւանին: Ինքներս պիտի հասկանանք, որ իրականում պատժողը մենք ենք, ուղղակի մեր հետագա գործողությունները կլինեն անխոցելի ե՛ւ ԵՄ երկրների, ե՛ւ ՀԱՊԿ գործընկերներին ներկայացնելուց»:

Միջազգային եւ քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը կարծում է, որ ՀԱՊԿ հայտարարությունը հայանպաստ է. «Ավելի մանրամասն ու կոնկրետ հայտարարություններ ու պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն կողմերի հանդիպումների ժամանակ` Վիեննայի գործընթացի շարունակության մեջ»:

Ըստ պարոն Ենոքյանի` «մենք ավելիին հասնել չէինք կարող, լավ էր, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ ընդգծվեց Վիեննայի պայմանավորվածության դերը եւ ոչ թե Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում: Դա առավելագույնն էր, որ մենք կարող էինք վերցնել»: Ըստ
Աղասի Ենոքյանի` սա լուրջ հիմք է, որ այսուհետ հղում անեն միայն Վիեննայի գործընթացին. «Կարող ենք օգտագործել այն առումով, որ այլեւս մի կողմի միջնորդությամբ բոլոր տեսակի բանակցությունները մերժենք: Եթե Ռուսաստանը փորձի նորից միջնորդությունն իր ձեռքը վերցնել, մենք կարող ենք հղում կատարել այս հայտարարությունների վրա»:

Սակայն ըստ Աղասի Ենոքյանի` այս հայտարարությունները բանակցային գործընթացում առանձնապես փոփոխություն չեն առաջացնի:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031