Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 597,826,000 դրամ

Հուլիս 11,2016 16:15
Արցախի Հանրապետության կառավարության մի շարք անդամներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին են ներկայացրել օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից ի վեր ԱՀ կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Քանի որ կառավարությունն ի սկզբանե պարբերաբար հրապարակում էր պարենային և իրային աջակցության մուտքի և ելքի, ինչպես նաև ֆինանսական աջակցության մուտքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, այժմ ստորև հրապարակում ենք նաև հանգանակված գումարների ծախսերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն՝ առանց բացելու ռազմական գաղտնիք պարունակող մանրամասները:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 2,334,853,200 ՀՀ դրամ, 3,510,147 ԱՄՆ դոլար, 173,728 եվրո և 62,121,313 ՌԴ ռուբլի կամ, ընդհանուր առմամբ, 4,562,175,600 համարժեք ՀՀ դրամ:
Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքագրված գումարներից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ընդհանրական տողերը՝ ՀՀ դրամով արտահայտված՝ փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000, ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100, ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝ 198,859,700, զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100:
Հաշվի առնելով տվյալ ծախսերի գաղտնիությունը՝ կառավարությունը չի կարող ավելի մանրամասն հրապարակային տեղեկատվություն տրամադրել դրանց վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարևորելով հանգանակության ոչ միայն մուտքերի, այլ նաև ծախսերի թափանցիկությունը՝ գործադիր մարմինը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ավելի մանրամասն փակ հաշվետվություն մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների առջև՝ նրանց ցույց տալու հատուկ հաշվեհամարի գումարներով կատարված աշխատանքները:
Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին՝
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվեհամարները՝
ՀՀ դրամ՝ 22300612211100,
ԱՄՆ դոլար՝ 22300110153200,
Եվրո՝ 22300200153300,
ՌԴ ռուբլի՝ 22300400153100:
Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ՝
Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաև զգալի ծավալի իրային և պարենային աջակցություն, որոնք հաշվետու ժամանակահատվածում տրվել են կարիքավոր քաղաքացիներին և պաշտպանության նախարարությանը: Դրանց շարքում, 137 նվիրաբերված մեքենաները փոխանցվել են գլխավորապես պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մի շարք այլ պետական մարմինների: Նյութական աջակցության և ստացված մեքենաների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները՝ կից փաստաթղթերում, իսկ ֆինանսական հանգանակության մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայք էջում.
Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի օրերին և դրանից հետո իրենց ներդրումն են ունեցել Արցախի առաջնագծի և թիկունքի ամրացման կարևոր գործում՝ վստահելով հանրապետության իշխանություններին տնօրինելու իրենց նվիրատվությունները՝ հանուն Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031