Լրահոս
Օրվա լրահոսը

Օտրի տրիո. տեղի է ունեցել Հայաստանում բացառիկ անսամբլի շնորհանդեսը

Հուլիս 14,2016 13:29

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ նպաստում է նվագախմբի կազմում յուրօրինակ անսամբլների ստեղծմանը։ Հուլիսի 13-ին ծնունդ է առել մի նոր, ինքնատիպ անսամբլ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Օտրի տրիո անսամբլի շնորհանդես-համերգը։ Տրիոյի կազմում են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ)։ Այս կազմով անսամբլը Հայաստանում բացառիկ է։

Երաժիշտները նշում են, որ ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ իրենք ներկայացնում են դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից։ Նորաստեղծ Otri Trio-ն հանդիսատեսին է առաջարկում գեղեցիկ, հարուստ հնչողություն, որն արդյունք է երաժշտական գործիքների անսովոր համադրության։

Ի դեպ, Otri բառն ունի լատիշական ծագում, որը թարգմանաբար նշանակում է այլընտրանքային։ Այսպիսով՝ Otri Trio-ն դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ է։ Նորաստեղծ անսամբլի անդամները նշում են, որ անվան մտահղացումը մաեստրո Սերգեյ Սմբատյանինն է։

Անսամբլային նման կազմի համար գրված ստեղծագործությունները քիչ չեն, սակայն երաժիշտները նկատում են, որ հետագա համերգային գործունեության ընթացքում մեծ պատրաստակամությամբ կհամագործակցեն հայ կոմպոզիտորների հետ՝ ընդլայնելով իրենց երկացանկը։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի Սերենադ ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, ռե մաժոր, Մաքս Ռեգերի Սերենադ ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, Նինո Ռոտայի Տրիո ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները։ Վերջին երկու գործերը, ի դեպ, հայաստանյան պրեմիերաներ էին։ Համերգային երեկոյին մասնակցել է նաև դաշնակահարուհի Անուշիկ Կարապետյանը։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031