Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Էրդողանը եւս մեկ առիթ ստացավ իր իշխանությունը ավելի ամրապնդելու համար

Հուլիս 16,2016 12:25

Ինչպես հայտնի է, Թուրքիայի երկու գլխավոր քաղաքներում՝ Անկարայում եւ Ստամբուլում հեղաշրջման փորձ էր կատարվում: Սակայն, շուտով տեղեկություններ տարածվեցին, որ կատարվածի կազմակերպիչները ձերբակալված են, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Թուրքիայում կատարվածը ապստամբություն էր երկրի միասնականության եւ համախմբվածության դեմ: Նա նաեւ ասել է, որ կատարվածը նվեր էր Աստծու կողմից, քանի որ բանակը մաքրվում է:

Aravot.am-ը հեղաշրջման փորձի մասին զրուցեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի հետ: Նա նշեց, որ կատարվածը Թուրքիայի համար նորություն չէ. Թուրքիայի պատմությունը սկսած 1960 թվականից տասնամյակը մեկ ռազմական հեղաշրջումներ կամ ռազմական հեղաշրջումների փորձեր են լինում. «Սա, իհարկե՛, փորձերի դասից էր, որը վերջնական հաջողության չի հասել: Ամեն դեպքում դա նորություն չէ, որովհետեւ ռազմական առումով ընդհանրապես Թուրքիայում բանակը քաղաքական մեծ դերակատարություն է ունեցել եւ ներկայումս ունի, թեեւ Էրդողանի իշխանության տարիներին ջանասիրաբար փորձ էր կատարվում նվազեցնել Թուրքիայում գեներալների՝ քաղաքականությանը ներխուժելու ներուժը: Այսինքն՝ հնարավորինս փորձվում էր սահմանափակվել նրանց ազդեցությունը քաղաքական դաշտում:

Էրդողանը հետեւողականորեն նման քաղաքականություն էր իրականացնում, ինչի արդյունքում որոշակիորեն ամրապնդում էր իր դիրքերը եւ թուլացնում ռազմական ներկայացուցիչների ազդեցությունը: Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ նրանք փորձ կատարեցին, թեեւ անհաջող, եւ այդ անհաջողության գրավականներից մեկն էլ Էրդողանի հետեւողական քաղաքականությունն էր, որոշակի լծակների ձեռք բերումը: Եվ տեսանք՝ հեղաշրջման թեժ պահին տարբեր բանակների հրամանատարները հայտարարեցին, որ որեւէ կապ չունեն  հեղաշրջման հետ: Սա նույնպես ցույց էր տալիս, որ միասնականություն Թուրքիայի հեղաշրջում իրականացնողների եւ ընդհանրապես ամբողջ բանակի մեջ չկա, ուստի՝ պետք չէ ասել, որ սա Թուրքիայի բանակի հեղաշրջումն էր, սա բանակում մի խմբավորման փորձն էր»:

Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ անգամ Էրդողանի ելույթի ընթացքում խուճապի նշաններ չկային. Սառնասրտորեն  պատրաստվում էր գործողության՝ հասկանալով, որ ունի հասարակության, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության եւ ոստիկանության աջակցությունը. «Նման դեպքերում, Թուրքիայի պատմությունը ցույց է տվել՝ քանի դեռ ղեկավար ձերբակալված չէ, պետք չէ խոսել հաջողված հեղաշրջման մասին»:

Թուրքագետը ընդգծեց, որ էրդողանամետ լրատվամիջոցները  կատարվածում մեղադրում են գյուլենականներին՝ նշելով, որ նրանք են կանգնած այդ ամենի հետեւում. «Սա նշանակում է, որ հերթական ձերբակալությունների, ճնշումների ալիքն է լինելու գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ, շատ ավելի կատաղի, քան վերջին երկու տարիներին էր: Թուրքիայի զինված ուժերի կազմում բավական խոշորածավալ ազատումներ են լինելու: Եվ սա Էրդողանի անձի տեսանկյունից նշանակում է, որ նա եւս մեկ առիթ ստացավ իր իշխանությունը ավելի ամրապնդելու, ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար»:

Գեւորգ Պետրոսյանը  չի կարծում, որ կատարվածը կարող է անդրադառնալ Հայաստանի հետ վարած քաղաքականության վրա, որովհետեւ քաղաքական դերակատարները չեն փոխվել: Հարցը այլ կլիներ, եթե քաղաքական դերակատարները փոփոխվեին. «2002 թվականից Թուրքիայում ղեկավարող ուժը շարունակում է մնալ իշխանության ղեկին, եւ այն քաղաքականությունը, որը վարել էր մինչ 2016 թվականի հուլիսի 15-ին, 16-ին շարունակվելու է նաեւ հուլիսի 16-ից հետո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ինչ է նշանակում «Էրդողանի անձի տեսանկյունից նշանակում է, որ նա եւս մեկ առիթ ստացավ իր իշխանությունը ավելի ամրապնդելու, ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար»: Էրդողանը հարազատս չի, բայց փաստ. նրա վրա հարձակվել են, նա պաշտպանվել է:

    Գեւորգ Պետրոսյանը իր մասնագիտական որակներով եւ սուր մտքով, տրամաբանված մտածողությամբ չի տպավորում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031