Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա՞ր, որ պիտի չնկարես այդ ամենը». լրագրողին Սարի թաղում սպառնացել են

Օգոստոս 01,2016 17:55

Թերթերի խմբագիրները համոզված են` լրագրողների դեմ հուլիսի 29-ին կատարված բռնությունները թիրախավորված են եղել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, դատապարտելով տեղի ունեցածը, հայտարարեց. «Որքանով էլ խոսում ենք բարեփոխված ոստիկանության մասին, նոր երիտասարդ ավյունով աշխատանք սկսած ԱԱԾ աշխատակիցների մասին կամ քննչական մարմինների գործունեության մասին, որ իբր միջազգային չափանիշներով են սկսել աշխատել, ամենևին այդպես չէր: Իրականում ունենք ագրեսիվ ոստիկաններ, այնպիսի իրավիճակ, որ չկա պատասխանատվություն երկուստեք. և՛ իշխանությունը պատասխանատվություն չի կրում իր արարքների համար, և՛ ընդդիմությունը: Այս իրավիճակում ունեցանք տուժած լրագրողներ, որոնք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը և դարձան քաղաքացիական հագուստով անձանց թիրախը, որոնք իմանալով, որ լրագրողներ են, հարձակվեցին նրանց վրա, կոտրեցին տեսախցիկները ծեծեցին, ֆիզիկական և նյութական վնաս պատճառեցին լրագրողներին»:

Թագուհի Թովմասյանն արձանագրեց, որ 15 օր հետո ունենք 70 վիրավոր, երկու զոհ և հիասթափված ու հույսը կորցրած հասարակություն, իշխանության ու ընդդիմության կողմից անպատասխանատու մթնոլորտ:

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը փաստեց, որ նման իրավիճակում Հայաստանում չափազանց դժվար է լրագրողների համար իրենց մասնագիտական պարտքն ու աշխատանքը կատարելը. «Այն հանգամանքը, որ Հայաստանում լրագրողներին չեն սիրում, դժվարացնում է մեր աշխատանքը: Լրագրողներին չեն սիրում ոչ միայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, այլև հասարակությունը, միայն, երբ կարիքն է զգում, այն ժամանակ ուզում է լրագրողների միջոցով իր ասելիքը տեղ հասցնել»:

Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ պետք է պատասխան տան նրանք, ովքեր բերել էին այդ քաղաքացիական հագուստով անձանց այնտեղ: Նա պատմեց, որ երբ դիմել են իրավապահներին լրագրողների անվտանգությունը ապահովելու համար, պատասխանել են, թե մենք չենք կարող ձեր լրագրողների անվտանգությունը ապահովել, որտեղ թաքնվել են, թող մնան թաքնված. «Ո՞վ է պատասխանատուն այս ամենի, փողոցային խուժա՞նը, որը լցվել էր փողոցում և այդ կերպով էր փորձում հարց կարգավորել: Ուժային կառույցներն իրենք պետք է ապացուցեն, որ մեր երկրում ցանկանում են ապահով մթնոլորտ ապահովել: Սարի թաղում լույսերն անջատել էին, որ թաքնվեն. ումի՞ց էին թաքնվում Երևանի կենտրոնում: Հասկացանք, որ Սարի թաղը չունի ոչ համայնքի ղեկավար, ոչ պատգամավոր, որևէ մեկը չհետաքրքրվեց քաղաքացիների որպիսությամբ ու անվտանգությամբ: Գնացին մարդկանց իրենց տանը ծեծեցին, ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար»:

Թագուհի Թովմասյանը պատմեց, որ լրագրողները պատմել են, թե իրենց վրա բարկացել էին` չհասկացա՞ր, որ դու պիտի չնկարես այդ ամենը. սա նշանակում է, որ ամեն ինչ միտումնավոր էր արվում:

Հակոբ Ավետիքյանն էլ եզրափակեց. «Այնտեղ լրագրող մասնագիտությունն էր պատժվում, թիրախավորվում»: Պարոն Ավետիքյանը վրդովվեց ու ասաց, որ լրագրողական համայնքը պայքարելու է իր իրավունքների համար, մինչև անգամ հնարավոր են բողոքի ակցիաներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Ի՞նչ է նշանակում – հասարակությունը չի սիրում լրագրողներին… Նման անպատասխանատու հայտարարություն անող լրագրողին, այն էլ խմբագիր, ինչպե՞ս սիրես… Իսկ այն,որ որոշ լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն ու գրագիտության պակասը մատնանշվում ու քննադատվում է, նորմալ է… Ի՞նչ է ուզում եք որպես ,,չորրորդ իշխանություն,, մնացած երեքի պես ձեզ օրենքից ու քննադատությունից վեր դասե՞ք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031