Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մաս ես կազմում ճարտարապետական մտքի գեներատորի

Օգոստոս 02,2016 15:07

Քաղաքաշինարար եւ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը կարեւորում է Հայաստանի մասնակցությունը Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեին: Նա Բիենալեն բնորոշում է ոչ թե որպես էքսպո, այլ ճարտարապետական տեսական մտքի գեներատոր, որը սահմանում է, թե ինչպես պետք է շարժվի ոլորտը առաջիկա 5-10 տարիներին:

2016թ. Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարով: Հայաստանի տաղավարի համադրող Սարհատ Պետրոսյանն ասում է, որ վերջին երկու բիենալեներին էականորեն փոխվել է Հայաստանի մոտեցումը: «Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25 տարին, ու մենք հետահայաց փորձել ենք հասկանալ, թե ուր ենք հասել, եւ չենք կրկնել այն խոսակցությունները, որ միշտ արծարծվել են: Ընդհակառակը, փորձ ենք արել բացել նոր խոսակցություն՝ ճարտարապետական ոլորտի վերաբերյալ, փորձել ենք գնալ առաջ»,-ասում է համադրողը ու հավելում, որ «Ոսկե առյուծ» ստացած իսպանական տաղավարի ու հայաստանյան տաղավարի մոտեցումների ընդհանրությունները թույլ են տալիս մտածել, որ Հայաստանը պատշաճ է ներկայացել:

Այս տարի փոխվել է հայկական տաղավարի վայրը, այն տեղակայված է Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում: Եկեղեցին երկար տարիներ հասանելի չի եղել բնակիչների եւ այցելուների համար ու փաստորեն 6 ամսով բացվել է՝ հայկական տաղավարի շնորհիվ:

«Անկախ կենսապատկերի» 5 ուսումնասիրությունները

Ընտրվել են 5 հետազոտական պատմություններ՝ «Ժողովրդական հրապարակ», «Այցելելով հետերկրաշարժային Գյումրի», «Սպառվող գերեզմաններ», «Առաջ տված տներ» եւ «Վերանայելով Մեծամորը»: Այս 5 պատմություննները փորձում են բացահայտել հայկական լանդշաֆտի (կենսապատկերի) փոփոխությունները:

hodvats 1«1990 թվականին անկախության շեմին գտնվող Հայաստանում ազգագրագետ Լևոն Աբրահամյանը հրատարակեց «Ծեսը, նախաթատրոնը և թատերական հրապարակը» հոդվածը, որտեղ օգտագործվել էին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարները։ Այսօր՝ քառորդ դար անց, նույն պատմությունը՝ Ազատության հրապարակի ողջ ընթացքի մասին, նրանք վերաշարադրելու հնարավորություն ունեն:

Հաջորդ պատմությամբ փորձել ենք հասկանալ աղետի գոտու խնդիրը: Շատ խոսելով աղետի գոտու մասին, մոռանում ենք, որ, այնուամենայնիվ, մասնագիտական մեղքի բաժին ունենք: Հետաքննող լրագրող Վահան Իշխանյանը փորձելու է բացահայտել՝ որո՞նք էին այն քաղաքականության բացթողումները, որոնք բերեցին մի վիճակի, երբ երկրաշարժից 30 տարի անց ունենք աղետի գոտի: Եվ սա այն դեպքում, երբ ունենք նաեւ շենքեր, թաղամասեր, որտեղ մարդ չի բնակվում, ու սրա վրա պետք է շեշտադրում անենք:

Իմիջիայլոց, հետազոտող խմբերից մեկի մասնակիցներից են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի սաները: Նրանք կքարտեզագրեն ու կներկայացնեն հետերկրաշարժյան ժամանակահատվածում կառուցված Գյումրին:

Փաստորեն, սա մի նախագիծ է, որն իրականացվում է ուսումնական գործընթացին զուգահեռ: Մասնակիցները հենց քաղաքի բնակիչներն են, որոնք ձեւավորված վերաբերմունք ունեն միջավայրի նկատմամբ: Վիզուալ առումով «մտնել» ենք այդ մարդկանց ապրելակերպի մեջ, ընտրել այն երեխաներին, որոնք ապրում են հենց այդ թաղամասերում: «Թումոն» երեխաներին տվեց լուսանկարչական ապարատներ, եւ իրենք սկսեցին ներսից ցույց տալ, թե ինչ վիճակում են իրենք ապրում: Այսպիսով` մենք փորձեցինք բզբզել մասնագիտական նոր խոսակցություն:

hodvats4Հաջորդ պատմությունն անդրադառնում է հայկական գերեզմանաշինության ֆենոմենին: Ընդ որում՝ ոչ թե գերեզմաններն ենք ուսումնասիրել, այլ միջնադարյան ճարտարապետական հայկական տեսությունը բերել-հասցրել ենք 21-րդ դար, լայնացրել պատմական դիտարկումները: Փաստորեն, ժամանակակից գերեզմանոցը, եթե բացառենք նրա որոշ հինավանդական հատվածները (որոնք արագորեն վերանում են), ժամանակակից հայաստանյան բնակավայրային կենսապատկերի ամենաարտառոց և առայժմ կոնցեպտուալ որևէ լուծում չունեցող բաղկացուցիչն է:

Չորրորդ նյութը, որը ինձ շատ հարազատ է, կցակառույցների ֆենոմենն է: Կցակառույցներին միշտ բացասական ենք նայում, բայց մեր հայացքը ոչ միայն հումորով նայելն է, այլեւ հասկանալ բուն պատճառը: «Առաջ տված տները» նպատակ ունի ուսումնասիրել ընդարձակումների առանձնահատկություններն ու տարօրինակությունները՝ վեր հանելով այս անվերջ քաղաքային ձևափոխումների սոցիալ-հոգեբանական արմատները։ Դրանք տեղական իշխանությունների համար դեռևս անլուծելի մարտահրավեր են՝ միաժամանակ արտացոլելով պլանավորված՝ «պաշտոնական-անարատ» և իրական՝ առաջ տված տների քաղաքային կառուցապատման հակասություններն ու բախումները։ Դրանց օրինակների բացահայտման և վերարժևորման միջոցով է հնարավոր ակնկալել դրանց «լուծումը»: Ինչու են մարդիկ այդպես վարվում:

DCIM127GOPROG0080470.

Վերջին նյութն իմ հոգեզավակն է ՝ Մեծամոր քաղաքը: Մեծամորը Հայկական ատոմակայանի բանվորական ավանն է, որը բյուրեղացնում է Հայաստանի պատմության նորագույն շրջանի ֆենոմենները՝ սկսած խորհրդայինից մինչև այս օրերի Հայաստանը։ 2007 թ. ես բախտ ունեցա մասնակցելու քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին, որի ժամանակ էլ բացահայտեցի այդ խամրած բյուրեղը:

Այս 5 պատմություններով փորձել ենք ծաղկաքաղ անել վերջին 25 տարիների խնդիրները եւ բացել նոր քննարկում: Խորագիրն ընտրվել է ավելի վաղ, քան Բիենալեի գաղափարը: Ինչ վերաբերում է Հայաստանի տաղավարի «Անկախ կենսապատկեր» խորագրին, այն եւ Հայաստանի անկախության հետ է կապվում, եւ հաշվի է առնված այսօրվա եվրոպական դիսկուրսը, որը հենց լանդշաֆտի հետ է դիտարկում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԽ ժառանգության պահպանության գրեթե բոլոր քննարկումները գնում են լանդշաֆտի եւ ոչ նյութական ժառանգության համադրման շրջանակում», -ասում է Սարհատ Պետրոսյանը:

Չճարտարապետական, բայց արժեքավոր պրոցեսներ

hodvats2Խոսելով ընդհանրապես միջավայր փոխելուն միտված ճարտարապետական ու քաղաքաշինական գործընթացների մասին, քաղաքաշինարարը նշում է. «Այսօր մեր միջավայրում առկա խնդիրների մեծ մասի պատճառն այն է, որ տեսական առումով դրանք չենք հետազոտել: Նկատի ունեմ, որ երբ ցանկացած գիծ ես գծում կամ որեւէ եզրաքար փոխում, այդ քայլի հետեւում պետք է լինի տեսական վերլուծություն: Երբեմն դա պակասում է ճարտարապետական որոշումների մեջ: Մենք դրա վրա ենք շեշտադրում արել, օրինակ, Երեւանի օպերայի հրապարակի ընթացքը ճիշտ հասկանալու եւ հետագայում այն վիճակի բերելու համար, որը կլինի հանրության կողմից ընդունելի, նույնն էլ գերեզմանների պարագայում:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, օրինակները, որ ճարտարապետությունը միջավայր է փոխել լավ իմաստով՝ քիչ չեն, օրինակ՝ Շառլ Ազնավուրի հրապարակի փոփոխությունները դրական են, Աբովյան փողոցի որոշ հատվածներ շատ հետաքրքիր են, մասնավորապես՝ «Լը Կաֆե Դը Պաղիի» հատվածը, կանաչի համադրությունները եւ անհատի միջամտությունները՝ Կասկադի, Սիրահարների այգու պարագայում, նախկինում անհետաքրքիր Փարպեցի-Սարյան փողոցները վերածվել են Երեւանի լավագույն գիշերային վայրերի:

Ճարտարապետը փաստում է, երբեմն գնում են չճարտարապետական պրոցեսներ, որոնք նախապես ծրագրված չեն. «Դրանք շատ ավելի արժեքավոր են, քան ճարտարապետական պրոցեսները, միեւնույն ժամանակ դա մարտահրավեր է ճարտարապետներիս, ճարտարապետական հանրությանը, բիզնեսմեններին, քաղաքի կառավարությանը»:

Մեկ այլ Բիենալե + «Ոսկե առյուծ»

2015թ Ժամանակակից արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեին Հայաստանը ներկայացավ «Արմենիթի» նախագծով, ինչը զարմանալիորեն մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց, եւ Հայաստանի տաղավարը «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացավ:

bienale

«Ոսկե առյուծ» մրցանակի լուսանկարը՝ Ժամանակակից արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեի կայքից:

Սարհատ Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանի տաղավարի հաջողությունը պայմանավորված է առանձնահատկությունների համալիրով՝ միջազգային կարգի համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանի անձով, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր քաղաքներում ապրող արվեստագետների մասնակցությամբ, որոնց միավորում է ոչ միայն իրենց ազգությունը, այլեւ այն, որ բոլորը ցեղասպանության վերապրածների սերունդներն են՝ ճակատագրի բերումով հայտնված հայրենիքից դուրս: Նաեւ Հայոց ցեղասպանության տարվա խորհուրդը նպաստեց համաշխարհային առումով այդ խնդրին ուշադրություն արժանացնել:

Ստեղծագործական ինդուստրիայի հաղթարշավը

hodvats3
Սարհատ Պետրոսյանը վստահ է՝ մշակույթը եւ ճարտարապետությունը կարող են նպաստել տնտեսության զարգացմանը. «Ստեղծագործական ինդուստրիաները լայն համախումբ (սպեկտր) են ներառում՝ լուսանկարչությունից մինչեւ հուշանվերների արտադրություն ու ֆեյշըն դիզայն: Հայաստանը, որպես ինտելեկտուալ երկիր, ունի զարգացման լավ հնարավորություններ: Դրա լավագույն ապացույցը Տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ու ոչ մի սահման չի կարող խանգարել, որ վաճառես մտավոր պրոդուկտդ: Հատկապես էական փոփոխություններ են տեսնում դիզայնի ու լուսանկարչության ոլորտում: Ընդ որում՝ երկուսն էլ հաջողություններ գրանցեցին, որովհետեւ երկուսում էլ չկային Սովետից ժառանգված կայացած համակարգեր, որոնք թույլ չէին տա երիտասարդության մուտքը դաշտ: Բարեբախտաբար, հայկական օլիգարխիկ համակարգը նման բաներից գլուխ չի հանում, եւ չի փորձի էդտեղ մտնել»:

hodvats6Քաղաքաշինարար, ճարտարապետը համոզված է, որ կարելի է ճարտարապետական քաղաքաշինական հետաքրքիր լուծումներ ունենալ քիչ գումարով, ուղղակի պետք է լինի պատշաճ հանրային կառավարման հնարավորություն: «Այսօր շատ մեծ կարեւորություն է ստանում Guerrilla gardening հասկացությունը, չպլանավորված կանաչ տարածքներ են ստեղծվում, երիտասարդները դիզայնով են զբաղվում: Հայաստանում էլ նման փորձեր կան, իմիջիայլոց, Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ գրաֆիտին խթանվում է պետության կողմից, քաղաքապետարանը վճարում է դրա համար, մինչդեռ ամբողջ աշխարհում դա վանդալիզմ է համարվում: Ամեն դեպքում, ցանկացած նախագծի իրականացման դեպքում պետք է սեր լինի դեպի քո միջավայրը: Հայաստանի նման երկրում բոլոր նախադրյալները միտված են նրան, որ լավ գաղափարները իրականացվեն՝ ներառելով հասարակության լայն շերտերին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ www.independentlandscape.am-ից:

 

 Հրապարակումը պատրաստվել է ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Երբ տեսա նյութը ներկայացնող պատկերը, սկզբում մտածեցի, թե Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի տգեղ, անդեմ ու ոչ մի ձեւով կողքի հայկական շենքրի հետ չներգրվող, Ջիմ Թորոսյանի կառուցած երկար շենքի մասին է: Բայց ուրիշ նյութի հանդիպեցի: Տեսնես կգա՞ մի օր, որ մեր ճարտարապետական դեմքն այլանդակող բոլոր խայտառակ շինությունները վերանան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031