Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկը չէ, որ դասեր է քաղում»

Օգոստոս 08,2016 12:30

Հայ օպերային թատրոնի պատմության մեջ իր արժանապատիվ տեղն ունի
ՀՀ ժողովրդական արտիստ, հայ դասական երգարվեստն աշխարհին ներկայացնող Հասմիկ Պապյանը: Հանրաճանաչ երգչուհու ստեղծագործական գործունեության մասին շատ է գրվել ու դեռ կգրվի, քանզի սիրված երգչուհին շատ ասելիք ունի եւ երկար ճանապարհ անցնելու: Տա Աստված, որ այդ ճանապարհը լինի շատ-շատ երկար եւ էլ ավելի բեղմնավոր:
Այս հարցազրույցի նպատակն է խոսել կյանքից, մտորել այսօրվա մասին…

– Հռոմի պապի այցը Հայաստան, իրոք, պատմական երեւույթ էր: Տպավորությունները դեռ թարմ են… Ձեզ եւ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին բախտ վիճակվեց մոտիկից շփվել Ֆրանցիսկոս Պապի հետ, ստանալ օրհնությունը եւ զրուցել նրա հետ: Ի՞նչ զգացում ապրեցիք այդ պահին:

– Այս իմաստով ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել: Օրհնված էի, որ ինձ բախտ վիճակվեց հանդիպել Ֆրանցիսկոս Պապին, այդ մեծ հայասերին ու հայրենասերին: Ես իտալերենով շնորհակալություն հայտնեցի նրան: Նա ուրախացավ, որ հայաստանցին գիտե իտալերեն, ասացի, որ ես երգչուհի եմ: Այնքան ջերմ ստացվեց մեր կարճատեւ զրույցը, որ Հռոմի պապն ինձ այս խաչը նվիրեց (երգչուհին սրբորեն կրում է այդ խաչը): Մինչ այս, շատ երկրներում, կարծես, կասկածում էին, որ մենք Առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Սրբազան քահանայապետը քրիստոնյա ազգերին հայտարարեց եւ շատերը համոզվեցին: Հայաստան աշխարհը, ողջ հայության հետ, ապրեց ուրախության եւ հպարտության երեք անմոռաց օրեր:

– Դուք սիրված ու ճանաչված եք ոչ միայն մեզանում, եւ ձեր կարծիքը կարեւոր է մեզ համար: Ինչպե՞ս կգնահատեք Հռոմի պապի այցը Հայաստան:

– Ֆրանցիսկոս Պապի կոչը, հղումը շատ դիպուկ եւ իմաստալից էր: Նա ընդգծեց, որ սա ուխտագնացություն է Առաջին քրիստոնյա երկիր: Կարեւոր եւ ուրախալի էր, որ Պապը այցելեց նաեւ Գյումրի: Սա մեծ մարդասիրական եւ քրիստոնեական ուղերձ էր ոչ միայն համայն հայությանը: Նա նույնիսկ չանտեսեց հաշմանդամներին, հատկապես՝ երեխաներին: Մենք ապրեցինք, կարելի է ասել՝ մաքրամաքուր, ապրեցինք` հպարտության օրեր… Պատահական չէր, որ այդ օրերին ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Հայաստանն էր, հայ ժողովուրդը… Ուշագրավ էր Պապի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհելն անմեղ նահատակների հիշատակին, այցի ավարտին` եղավ Խոր վիրապում եւ դիտեց Բիբլիական Արարատը…

Hasmik_Papyan_3
– Ի՞նչ խորհուրդ տվեց մեզ Հռոմի սրբազան քահանայապետը… Ի՞նչ դասեր քաղեցինք այցից եւ արդյո՞ք քաղեցինք…

– Դա ցույց կտա ժամանակը: Ամեն մեկը չէ, որ դասեր է քաղում: Ըստ իս, մենք շատ բան սովորեցինք, ունեցանք հպարտության եւ մարդասիրության զգացում: Պապի այցը, իրոք, պատմական էր, իսկ պատմական երեւույթը միշտ էլ իր ազդեցությունը թողնում է: Ժամանակի խնդիր է…

– Որպես հայրենասեր հայուհի՝ ինչպե՞ս արձագանքեցիք ապրիլյան քառօրյա պատերազմին:

– Մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս: Մենք հավերժ պիտք է հիշենք եւ խոնարհվենք պատերազմում զոհված տղաների շիրիմների առաջ: Այն տղաները, որ իրենց կյանքով պահեցին ու պահպանեցին մեր հայրենիքը, հայրենասիրության դաս էր այսօրվա ու գալիք սերունդների համար: Նրանք մեր ժամանակների հերոսներն են…Հավերժ փառք նրանց:

– Ի՞նչն է ձեզ անհանգստացնում Հայաստանում: Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր հայրենիքի վաղվա օրը:

– Ինձ անհանգստացնում է Հայաստանի` այսօրվա եւ վաղվա հանդեպ մեր ժողովրդի հավատի պակասը: Կուզենայի, որ անջրպետ չլիներ հարուստների ու աղքատների, իշխանության ու ժողովրդի միջեւ: Կուզենայի, որ հայը իր հայրենիքում արժանապատիվ ապրեր, ժողովուրդը լիներ այս երկրի տերն ու ծառան… Կուզենայի, որ արտագաղթ, գործազրկություն, աղքատներ չլինեին… Իմ հայրենիքը տեսնեի անհոգ ու բարգավաճ…

Hasmik_Papyan_2

– Ունենալով մեծ համբավ եւ հեղինակություն, Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք: Գո՞հ եք Ձեր ճակատագրից…

– Շատ երջանիկ եմ: Երջանկությունս կատարյալ կլիներ, եթե մեր առօրյա կյանքում բացասական երեւույթները պակաս լինեին, որոնք արգելք են կատարյալ երջանկության համար: Օրինակ` ինչպես կարող ես երջանիկ լինել, երբ հեռավոր Պառավաքար գյուղում խմելու ջուր չկա` այս 21-րդ դարում: Այսքան աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տարերային աղետներ… Դուրս ես գալիս փողոց՝ մարդկանց դեմքին ժպիտ չկա… Երջանկությունը միայն քեզանով չի սահմանափակվում… Կուզենայի Հայաստանը տեսնել կատարյալ, անհոգ ապրող մարդկանցով, փողոցները` առանց մուրացկանների, առանց հարուստ ու աղքատների, լիներ իսկական բարեկեցիկ եւ ապահով Հայաստան: – Երբ տեւական ժամանակ հեռանում եք Հայաստանից, զգո՞ւմ եք շուտափույթ վերադառնալու պահանջ:

Հայաստանում լինելը յուրաքանչյուր հայի համար կարոտ է, հոգու պահանջ, ուզում ես օր առաջ լինել հայրենիքում: Հայաստանը միայն ծննդավայր չէ, ուր էլ լինես՝ ուզում ես գալ Հայաստան, որտեղ քո արմատներն են: Երանի գար այն օրը, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան եւ տեր կանգնեն իրենց հող ու ջրին…

– Մտադի՞ր եք ընդմիշտ մնալ Հայաստանում…

– Այո, Հայաստանը իմ ծննդավայրն է:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր օպերային թատրոնի այսօրը:

– Այսօր մեր օպերային թատրոնն ունի շատ աղքատ խաղացանկ: Կուզենայի, որ ավելի շատ ներկայացումներ լինեին, խաղացանկն ավելի հարուստ լիներ: Ցանկությունս է, որ առաջվա նման ունենայինք լեցուն դահլիճներ…

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ
Լուսանկարները՝ www.belcanto.ru-ի եւ armradio.am

 

«Առավոտ»

06.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031