Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը

Սեպտեմբեր 08,2016 16:25

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատճառը նախկին վարչապետի աշխատանքով չի պայմանավորում

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր արդեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Երեկոյան, ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո պաշտոնական ձեւակերպումները կլինեն եւ արդեն իսկ բավականին հստակություն կմտնի: Այնուհանդերձ, սա Հովիկ Աբրահամյանի՞ որոշումն էր, ինչպես ինքը ներկայացրեց, թե՞ կուսակցական որոշում էր, որը պարտադրվեց նրան: Արդյոք պատճառը Հովիկ Աբրահամյանի վատ աշխատանքն էր:

– Ես չեմ կարծում, որ լավ կամ վատ աշխատանքով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Այդ հրաժարականն ավելի շատ ներքաղաքական վերադասավորումների համատեքստում եմ դիտարկում: Երբ հուլիսյան դեպքերից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին, որպեսզի կարողանան հասարակության կրքերը մեղմել եւ մասամբ գոհացնել որոշ ակնկալիքներ, արդեն իսկ հասկանալի էր, որ իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումներ պիտի տեղի ունենան: Եվ քանի որ խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին էր`կարելի էր ենթադրել այս սցենարը: Բայց, ինքս տրամաբանություն չէի տեսնում այս փուլում կառավարության փոփոխության, քանի որ առջեւում ընտրություններ են: Չեմ կարծում, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը կարող է շատ արագ եւ արմատական փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսության մեջ, որոնք կարող են բարձրացնել իշխանության վարկանիշը:

Ամեն դեպքում, այս ամենը պետք չէ ցավոտ տանել: Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում եւ իշխող համակարգում շատ առանցքային դեմք է, որպեսզի նրա պահանջվածությունը տեսանելի չլինի: Նա կառավարման համակարգում շատ լուրջ ճանապարհ է անցել: Չեմ կարծում թե Հովիկ Աբրահամյանի վաստակը կանտեսվի: Մոտ ապագայում, կարծում եմ այդ հարցի պատասխանն էլ կտրվի:

lyudmila_sargsyan

– Իր պաշտոնավարման մեկնարկին Հովիկ Աբրահամյանը խոստացավ անել այնպես, որ լավ լինի, մարդիկ էլ գոհանան: Բայց չեղավ:

– Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից այնպիսի տնտեսություն էր ստացել, որի վերականգնումը կարճ ժամանակում միայն կախարդական փայտիկով էր հնարավոր: Դա երկար ժամանակ է պահանջում: Դա չի նշանակում, որ ես գոհ եմ կառավարության աշխատանքից: Բայց օբյեկտիվ լինելու համար պիտի ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը մարդկային դեմքով վարչապետ էր: Նա շատ դրական մարդկային հատկություններ ունի: Մարդ, ով ընդունակ է ձեռք մեկնել, եթե դրա անհրաժեշտությունը կա, ընդունակ է լսել ու փորձում էր ինչ-որ բաներ անել ավելի, քան իր նախորդները: Նա կարողանում էր հարաբերվել քաղաքական դաշտի բոլոր թեւերի հետ, կարողանում էր լսել մարդկանց, ականջալուր լինել խնդիրներին: Որքանո՞վ էր հաջողվում դրանց լուծումներ տալ`չեմ կարող ասել: Շատ բաներ նրան չհաջողվեց անել`շատ տարբեր պատճառներով: Երկրի սոցիալական վիճակից հանրային դժգոհությունն այնքան մեծ էր, որ փոքրիկ հաջողություններով հնարավոր չէր գոհացնել ժողովրդին:

Ինքս մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, գործնական խոսակցությունների մեջ ներքաշվելու, այդ թվում նաեւ հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում: Որոշ մոտեցումներ նրա կողմից ընդունելի եւ իրագործելի դիտարկվեցին, ինչ-որ քայլեր էլ տեսանելի էին արդեն: Բայց խնդիրն այն է, որ մեր երկրում այնպիսի համակարգ է ձեւավորված, որի գնահատականները բազմաթիվ անգամներ տարբեր մարդկանց կողմից հնչել են, որը խիստ սահմանափակում է վարչապետի հնարավորությունները: Ամեն ինչ չէ, որ վարչապետը կարող է իրականացնել, եթե նույնիսկ ցանկանում է:

– Հովիկ Աբրահամյանի կարողությունները ՀՀԿ-ն ո՞ր ոլորտում կօգտագործի, ըստ ձեզ, եթե առհասարակ կօգտագործի:

– Ես վստահ եմ, որ կօգտագործի: Կարծում եմ`Հովիկ Աբրահամյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի պետը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մինչեւ այժմ, համենայնդեպս, ՀՀԿ-ում դժգոհ չեն եղել նրա կողմից անցկացված ընտրությունների արդյունքներից:

Դա ենթադրո՞ւմ է նրա վերադարձը խորհրդարան:

-Չեմ բացառում: Ինքս ափսոսանք ապրեցի, երբ Հովի Աբրահամյանը գնաց կառավարություն: Նա խորհրդարանի լավագույն ղեկավարներից էր, քանի որ կարողանում էր համաձայնեցված աշխատանք տանել եւ դրական մթնոլորտ ապահովել խորհրդարանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930