Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդն անդրադարձել է վարչապետի հրաժարականին

Սեպտեմբեր 09,2016 12:51

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր:

Խորհուրդն անդրադարձել է նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությանը: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում Հանրային խորհուրդն արդյունավետ համագործակցել է ՀՀ կառավարության հետ: Միաժամանակ, ներկաները համակարծիք են եղել Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր, իսկ դրա համար` նոր մոտեցումներ: Հանրային խորհուրդը հույս է հայտնել, որ ձևավորվող կառավարության ծրագրային դրույթները կբխեն այդ առաջնահերթությունից, իսկ Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության համագործակցությունը կշարունակվի առավել արդյունավետ:

Քննարկվել են նաև երկրի մի շարք ոլորտներում առկա խնդիրները` տնտեսություն, ռազմարդյունաբերություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ և այլն: Այս համատեքստում մասնավորապես քննարկվել է Հանրային խորհրդում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած աշխատանքային հանդիպումների հետագա ընթացքը և որպես առաջիկա հանդիպման անհրաժեշտություն` առաջարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպելու հարցը:

ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին:

Անկախության 25-ամյակի հետ կապված առաջարկ է հնչել նաև կոչով դիմել ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության և միասնության:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է մշակույթի ոլորտին: Քննարկման թեմա են դարձել ամերիկյան ընկերությանը խոշոր գումարի դիմաց պատվիրված և հասարակության լայն շրջանակների կողմից հավանության չարժանացած Հայաստանի ազգային բրենդն ու կարգախոսը: Որոշվել է հարցի վերաբերյալ ՀԽ մշակույթի ենթահանձնաժողում կազմակերպել համակողմանի քննարկում և ներկայացնել դիրքորոշում:

Քննարկվել է նաև Անկախության 25-ամյակի տոնական միջոցառումենրի շրջանակներում «Անկախության սերունդ» խորագրով համերգային ծրագրի համար պետական բյուջեից հսկայական գումար հատկացնելու հարցը, որը նույնպես դժգոհության ալիք է բարձրացրել հանրության որոշակի շրջանակներում: Այս հարցը նույնպես կքննարկվի ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում ներառվել են նաև ճանապարհային ոստիկանության համակարգում առկա խնդիրները: Որոշվել է հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մոտ ապագայում ` կազմակերպելով լայն քննարկում ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

ՀՀ Հանրային խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930