Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը մոլորակում ահագին մեծ կապեր ունի». ՀՀԿ պատգամավորը՝ Հովիկ Աբրահամյանի սխալ ոճի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 14:51

Այսօր 5-րդ գումարման ԱԺ-ի 10-րդ նստաշրջանն էր: Նիստի մեկնարկին մասնակցելու համար պատգամավորները շտապում էին մտնել դահլիճ: Երբ ՀՀԿ պատգամավորներ Հրանտ Գրիգորյանը, Վազգեն Կարախանյանը միասին գալիս էին, վերջինս, տեսնելով, որ Գագիկ Շամշյանը լուսանկարեց իրենց, հետաքրքրվեց՝ լավ նկարեցի՞ր, ո՞նց դուրս եկանք: Շամշյանը հումորով պատասխանեց. «Ինչ կա՝ էդ եք, հո Ալեն Դելոնը չեք»:

Aravot.am-ը Վազգեն Կարախանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասելիքներ ունի նոր նստաշրջանից, նոր վարչապետից, նոր սկզբից: Նա պատասխանեց. «Ամեն ինչ լավ է լինելու՝ դեպի առաջընթաց: Հույսը վերջինն է մահանում»:

Նա վստահեցրեց, որ Կարեն Կարապետյանը բավականին լավ կազմակերպիչ է, տնտեսական հարցերի մեջ խորամուխ մարդ. «Մոլորակում ահագին մեծ կապեր ունի»: Մեր զարմանքին, որ մոլորակո՞ւմ՝ Վազգեն Կարախանյանը ճշտեց՝ «Երկիր մոլորակում, լավ»:

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անի Կարեն Կարապետյանը,որ Հովիկ Աբրահամյանը չէր կարողանում անել, ի՞նչ գլոբալ փոփոխություններ պետք է անի՝ Վազգեն Կարախանյանը պատասխանեց. «Մոտեցումների հետ կապված խնդիր կա, կարծում եմ: Իրոք, խնդիրներ կան, որոնք նոր մոտեցումներ են պահանջում: Ինքը խորհրդի նիստի ժամանակ պարտավորվեց, որ պատրաստ է նոր մոտեցումների եւ կարող է անել քայլեր, որոնք այս կարծրատիպերը կմեղմացնեն»:

Երբ հարցրինք՝ ձախողե՞լ է Հովիկ Աբրահամյանը՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, ուղղակի աշխատանքային ոճի խնդիր կա: Կարծում եմ, միակ պատճառը հրաժարականի դա էր: Աշխատաոճը, մոտեցումները չէին համապատասխանում մեր այսօրվա իրավիճակին ու ժամանակներին»:

Հարցին՝ ասում են՝ նախկին վարչապետների օրոք առաջընթացը դանդաղել է ու հիմա «Գազի Կարենի» հետ գազ տված գնալու են՝ անցնելով անգամ արագաչափերը՝ Վազգեն Կարախանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում այդ գազ տվածը, բայց որ ինքը գազի համակարգի աշխատող է ու բավականին լավ իմիջ ունի՝ բոլորիս հայտնի է: Ես վստահ եմ, որ իսկապես լավ է լինելու, գոնե 1-2 քայլ առաջ ենք գնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930