Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. Եվրոպայի խորհրդի դիտորդներն ասացին, որ անաչառ կլինեն գնահատականները տալուց

Սեպտեմբեր 16,2016 16:44

Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 7 թիմերը այդ տեղակայված են լինելու տարբեր ընտրատարածքներում:

Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների հետ: Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ դիտորդներին հետաքրքրում էր իրենց գնահատականները նախորդ ընտրությունների եւ այս ընտրությունների կազմակերպման վերաբերյալ. «Խոսեցինք ընտրական օրենսդրության փոփոխությունների մասին: Նրանց, մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչով են պայմանավորված քաղաքացիական հասարակության մտահոգությունները եւ առաջարկած փոփոխությունները, որոնք որ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունն էր առաջ քաշում, եւ ինչպես կարելի է հաղթահարել այդ խնդիրները:

Իհարկե՛, խոսեցինք չակերտավոր ավանդական ընտրախախտումների մասին, նրանք հարցնում էին, թե հատկապես ինչի վրա արժի ուշադրություն դարձնել՝ ընտրական գործընթացը օբյեկտիվորեն գնահատելու համար: Նրանք հարցնում էին մեր կարծիքը եւ հանդիպման վերջում ասացին, որ բավարարված են հանդիպման արդյունքով»:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ հանդիպման մասնակիցները փորձում էին իրավիճակը օբյեկտիվ ներկայացնել, վերլուծել առկա խնդիրները. «Մենք հույս հայտնեցինք, որ այն փոփոխությունները, որոնք կատարվել են Ընտրական օրենսգրքում՝ կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Չնայած փոփոխվել է օրենսգիրքը, այնուամենայնիվ, միայն օրենսդրությունից չէ կախված ընտրությունների որակը՝ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք որ բացասաբար են ազդում, եւ հիմնականում ընտրակեղծիքների այն տեխնոլոգիաներն են, որոնք կիրառվում են՝ ընտրակաշառքը, տարբեր տեսակի կառուսելները:

Այնպես որ եթե միջազգային դիտորդները կկարողանան այդ ամենը նկատել եւ օբյեկտիվ գնահատական տալ, շատ լավ կլինի: Դրա հետ մեկտեղ ես նաեւ ասացի, որ շատ հաճախ ընտրություններից հետո հայ հասարակությունը հիասթափություն է ապրում միջազգային դիտորդների գնահատականներից, որովհետեւ դրանք չեն համապատասխանում իրավիճակին որոշ դեպքերում: Ընտրողը տեսնում է կեղծիքները, իսկ դիտորդները եւս մեկ քայլ առաջ են արձանագրում»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք դիտորդները պատասխանե՞լ են իր նկատառմանը, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Իրենք ասացին, որ քանի որ իրենք իսկապես անկախ են իրենց զգում, որեւէ ազդեցություն չի լինելու իրենց վրա, եւ նույնիսկ իրենց պետությունների դեսպաններից են իրենք անվախ. իրենք չեն հանդիպում նրանց հետ կամ եթե հանդիպում են զուտ խորհրդատվական բնույթ է կրում: Մի խոսքով՝ իրենք մեզ ասացին, որ անկախ են զգում եւ անաչառ կլինեն գնահատականները տալուց: Կապրենք, կտեսնենք, թե ինչպես կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930