Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետներն անդրադարձան ՏԻՄ ընտրություններում ի հայտ եկած մարտահրավերներին

Նոյեմբեր 17,2026 19:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» քննարկում էր կազմակերպել «ՏԻՄ ընտրությունները Հայաստանում․ հիմնական մարտահրավերներ» թեմայով, որի ընթացքում անդրադարձ եղավ 2026 թվականին տեղի ունեցած և տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին, քաղաքական թույլ մրցակցությանը, արձանագրված չարաշահումներին։ ԺԱՏԿ փորձագետ Տաթևիկ Ղազարյանը, անդրադառնալով արդեն իսկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ի հայտ եկած մարտահրավերներին, նշեց հիմնական չորս խոշոր խնդիրներ։

Առաջինը համայնքներում հիմնական մրցակցության բացակայությունն է։

Երկրորդը՝ ընտրական օրենսգրքում ընտրական իրավունքի սահմանափակման հետ կապված փոփոխությունն է, երբ համապետական ընտրություններին մասնակցած քաղաքացիների մի մասը արդեն մեկ ամիս անց չկարողացավ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որովհետև ընդունված օրենքը գործում է հետադարձ ուժով, թեև դեկտեմբերին դեռ պետք է վիճարկվի տվյալ օրենքի սահմանադրականությունը։

Երրորդ խնդիրը վարչական ռեսուրսի կիրառումն է, որն առկա էր ինչպես ԱԺ ընտրություններում, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում, թեև վարչական ռեսուրսը նույնականացնելու շատ սուղ ռեսուրսներ կան։

Հաջորդը քրեական հետապնդումները կամ քրեական գործերն են, որոնք միանշանակորեն ազդեցություն են ունենում ընտրական միջավայրի ձևավորման, ընտրողների վարքի, հենց թեկնածության մասնակցի վրա։

Բանախոսն ընդգծեց, որ ՏԻՄ վերջին երկու ընտրատեղամասերում բուն ընտրությունների հետ կապված չունեն էական խախտումների օրինակներ, որոնք ընտրական գործընթացի թափանցիկության վրա կարող են ազդել, սակայն խնդիրները վերաբերում են մինչև ընտրությունները կատարվող գործընթացներին։

Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» Հ/կ նախագահ Գևորգ Քոթանջյանը, խոսելով վարչական ռեսուրսների չարաշահման և հնարավոր օգտագործման մասին, ասաց, որ շատ դեպքերում տեսնում են ռեսուրսի օգտագործման դեպքեր, բայց հնարավոր չի լինում ապացուցել, որ այդպես փորձ է կատարվում առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ։

«Մի քանի դրվագով մենք հաղորդում ենք ներկայացրել տարբեր համայնքներում հանցագործության մասին, որոնք մնացել են անհետևանք։ Եվ տեսնում ենք՝ իշխանությունը այն մարդկանց, որ իրենն են, երբեք չի կպնում։ Բայց վերջին ժամանակներում երևի թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք տեսանք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարույթ է իրականացնում և որոշում է դատարան դիմել այս դեպքում իշխանական թեկնածուի թեկնածությունը չեղարկելու նպատակով, քանի որ հիմնավորված է, որ վերջինս պաշտոնական լիազորությունները չարաշահելով՝ հակառակորդ թիմի ներկայացուցիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու նպատակով հեռացրել է աշխատանքից»,- ասաց Գևորգ Քոթանջյանը։

Բանախոսները նաև հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրեցին այլ խնդիրներ ևս և նշեցին, որ դրանք հանրության լայն զանգվածներին ավելի մատչելի ձևով ներկայացնելու անհրաժեշտություն կա։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել