Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Սանհանգույցների մասին․ ինչպիսին են հանձնաժողովների աշխատանքային պայմանները 2026թ․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոններում. «Անկախ դիտորդ»

Նոյեմբեր 20,2026 14:58 Share
Աջակցեք aravot.am-ին

Քվեարկության կազմակերպման ու անցկացման համար բազմաթիվ մարդիկ՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ծառայություն իրականացնող ոստիկանների կարգավիճակով երկար ժամեր անց են կացնում տեղամասային կենտրոններում։ Ոստիկանության ծառայողների դեպքում դա առնվազն 24 ժամ է, իսկ հանձնաժողովի անդամների դեպքում առնվազն 15 ժամ։ Միևնույն տարածքում այսքան ժամ աշխատող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Այդ պայմանների գործնական ապահովումը «Անկախ դիտորդը» գնահատում է քվեարկության օրը ի թիվս այլ դիտարկումների։ Այս փուլում ուսումնասիրել ենք տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերի և մատչելիության վերաբերյալ ԿԸՀ կայքում հրապարակված տեղեկատվությունը՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով սանհանգույցների առկայությանը։

Այսպիսով՝ 2026թ․ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 12 համայնքում։ Այդ ընտրությունների սպասարկման համար ձևավորվել է 317 տեղամաս, որոնք տեղակայված են 309 շինությունում, այս շինություններից 7-ը միևնույն հաստատության մաս են։

Տեղամասերի 55%-ը տեղակայված են տարբեր տեսակի դպրոցներում, մոտ 9%-ը մանկապարտեզներում, 19%-ը մշակույթի տներում, ակումբներում և նմանատիպ հաստատություններում։ Ընդհանուր առմամբ, տեղամասային կենտրոնների առնվազն 95%-ը հանրային նշանակության տարածքներ են, որոնք իրենց գործունեության ընթացքում ենթադրաբար պիտի ապահովեն սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ։

Տեղամասային կենտրոնների 21%-ի դեպքում նշված է, որ սանհանգույց չկա, 9%-ի դեպքում սանհանգույցի մասին տվյալը բացակայում է։ Սանհանգույց չունեցող 66 տեղամասային կենտրոններից 60-ը հանրային նշանակության շինության մեջ է, 3-ը՝ մասնավոր տարածքում, իսկ 3-ի դեպքում հասցեից այդ տվյալը պարզ չէ։

Հանրային նշանակության շինություններում սանհանգույցի բացակայությունը խիստ մտահոգիչ է։ Առավել մտահոգիչ է, երբ այդ տարածքները ներառում են կրթական ուսումնական հաստատություններ։ Սանհանգույց չունեցող տեղամասային կենտրոններից 19-ը դպրոցներ են, 2-ը՝ մանկապարտեզ։

Որոշ բնակավայրերից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ որոշ դեպքերում այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն շինությունը ունի սանհանգույց, սակայն նշված է, որ չունի։ Սա մի կողմից դրական լուր է, մյուս կողմից խոսում է տեղամասային կենտրոնների նկարագրության վերաբերյալ անփույթ վերաբերմունքի մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ այդմ խնդրահարույց են թե՛ տեղամասային կենտրոնների կամ քվեարկության սենյակների վերաբերյալ տվյալների բացակությունը, թե՛ այն, որ առկա տվյալներում առկա են նաև անճշտություններ։

Տեղամասերի բաշխումն ըստ համայնքների՝

Անկախ դիտորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30