Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ավետիսյան. «Ինչպե՞ս եմ ես դարձել Հադրութի գնդի հրամանատար, Ղարաբաղի ողջ ղեկավար կազմը գիտի»

Նոյեմբեր 11,2016 11:38

«Բացարձակ իրականությանը չի համապատասխանում Սուրեն Սարգսյանի հայտարարությունը: Ես իմ կյանքում երբեք ենթասպա չեմ եղել, ինչպես ինքն է հայտարարում`«պրապորշիկ Վարդան Ավետիսյան»: Իսկ թե ինչպե՞ս եմ ես դարձել Հադրութի գնդի հրամանատար, դա Ղարաբաղի ողջ ղեկավար կազմը գիտի: Մինչ այդ ես եղել եմ Մարտունու ինքնապաշտպանական շրջանում, զբաղեցրել եմ պաշտոններ, որից հետո ՊԲ բանակի հրամանատարի հրամանով ինձ ուղարկել են Հադրութի գնդի հրամանատար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվություն եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանն`անդրադառնալով ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի`իր հասցեին արած հայտարարություններին:

Վարդան Ավետիսյանը «զառանցանք» է համարում այն պնդումը, թե Հադրութի գնդում իր հրամանատարության մեկ ամսվա ընթացքում 26 տանկից 18-ը ոչնչացվել են կամ թշնամուն են անցել: Ավելին, նա պնդում է, որ գնդի գոյության օրոք անգամ 18 տանկ չի խոցվել:

700 հազար դոլարով «Կիլիկիո տուն» ռեստորանային համալիրն էլ ձեռք բերելու մասով հարցին Վարդան Ավետիսյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ: Ես գիտեմ, որ իր հայտարարությունները տենդենցիոզ նպատակ են հետապնդում»:

Վարդան Ավետիսյանն ասում է, որ իր անվան հետ այլ բաներ էլ են կապում, բայց ամենն ապատեղեկատվություն է, պարզապես այս պահին իրեն թիրախավորել են ու փորձում են վարկաբեկել:

Այս ամբողջ պատմությունը սկսվեց «Պահեստազորի սպաների համահայկական միության» տարածած հայտարարությունից, որով աշխարհազորայինների հրամանատարներին կոչ էր արվում`մոբիլիզացնել կամավորական ուժերը, Ադրբեջանում սպասվելիք զորավարժությունների օրերին: Այդ միության նախագահը Վարդան Ավետիսյանն է: Պարոն Ավետիսյանից հետաքրքրվեցինք`չի՞ կարծում, որ նման կոչն իսկապես անզգույշ էր, եթե անգամ այդ օրերին սահմաններում լարվածության վտանգ կա, մանավանդ, եթե դա հնչում է ՊՆ-ում պաշտոնավարող գեներալի կողմից:

Պարոն Ավետիսյանը նկատեց, որ այդ հասարակական կազմակերպությունը տարբեր շրջաններում տարբեր կոչերով է հանդես եկել`ապրիլյան պատերազմի օրերին մոբիլիզացվելու, «Սասնա Ծռերի» գործողություններն արկածախնդրություն են համարել եւ այլն. «Հասարակական խորհրդի անդամները կոչ էին նախապատրաստել`ելնելով Ադրբեջանի վերջին գործողություններից ու հայտարարություններից, որ մի քիչ միասնական լինենք, զգոն լինենք: Կոչը տարածվել էր, ավտոմատ անունս տակը գնացել էր: Հիմա չե՞նք դնելու էդ մարդկանց մորթենք: Հիմա սա դարձել է մի մեծ թնջուկ»:

Կազմակերպությունն, ի դեպ, մեր զրուցակցի պնդումով, ՊՆ-ի հետ համագործակցված չի աշխատում: Գեներալ Վարդան Ավետիսյանն էլ ամենի համար վերադասից նկատողություն չի ստացել: «Ինչո՞ւ պիտի նկատողություն ստանայի: Տեղի է ունեցել թյուրըմբռնում, որի համար ես պարզաբանումներ եմ կատարել»:

Հարցին`ընդունո՞ւմ եք, որ այդ կոչը խուճապի առիթ դարձավ, մանավանդ այն ընտանիքների համար, որոնք այս պահին սահմաններում ծառայություն իրականացնող որդիներ ունեն, Վարդան Ավետիսյանը պատասխանեց. «Պետք չէ խուճապի մատնվել: Բացարձակապես: Հակառակը, միշտ պետք է զգոն ու զգաստ լինել եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Գիտակցումով եւ ըմբռնումով պետք է մոտենալ»:

Երեկ կառավարությունում հաստատվեց որոշումը` ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների եւ նրանց ընտանիքների հատուցման հիմնադրամ ստեղծելու մասին: Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկվում եւ քննադատվում է «պարտադիր-կամավոր» սկզբունքով հիմնադրամներին հազարական դրամներ փոխանցելու իրողությունը ու խնդիրն այն չէ, որ հանրությունը չի ցանկանում օգնության ձեռք մեկնել: Բանակի, զինվորի եւ զինվորի ընտանիքի նկատմամբ հասարակության վերաբերմունքի ականատեսը քանիցս ենք եղել: Խնդիրը բանակում չարաշահումների չբացահայտված դեպքերն են, գեներալ-օլիգարխների գոյությունն ու գործունեությունը: Այս առիթով Aravot.am-ի դիտարկմանը Վարդան Ավետիսյանը պատասխանեց, որ նպատակը`լավ բան անելն է, ինչպես «Պահեստազորի սպաների համահայկական միության» տարածած հայտարարության նպատակն էր:

«Էդ տղաներն արժանացան քննադատության, իմ անվան հետ էլ բազմաթիվ բաներ կապեցին: Հիմա`մի լավ բան էլ ուզում են անել, էլի դժգոհությունների ալիք է առաջանում: Թե այդ հազարական դրամների «պարտադիր-կամավորական» սկզբունքն արդարացի է, թե արդարացի չէ`ժամանակը ցույց կտա: Ես գտնում եմ, որ սա մի լավ նախաձեռնություն է, սոցիալապես անապահով, վիրավոր եւ հաշմանդամ մարդկանց օգնելու: Մեր հասարակությունը նման նախաձեռնություններին ըմբռնումով եւ բարի արձագանքով պետք է մոտենա, ոչ թե քննադատի: Այս նախաձեռնությանը պետք է աջակցել, ոչ թե առանց դրա խորքերն ուսումնասիրելու, հետագայի արդյունավետությունն իմանալու`քննադատել: Ինչ լավ բան էլ անես, վատը կողքին միշտ գտնվելու է. ցավալիորեն այդպես է իրականությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930