Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեստանի գյուղապետ. Թեկնածու Հակոբ Հասրաթյանը այգեստանցիներին խոստացել էր հողի, գույքի հարկերը «ջրել», եթե ընտրվի (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2016 17:21 Share

Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը իր գյուղի մի քանի տասնյակ բնակիչներին դատի է տվել, քանի որ նրանք 5-6 տարի շարունակ չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները: Հողի հարկ, գույքահարկ հարյուրից ավելի այգեստանցիներ չեն վճարել եւ պարտքն այսօր գումարվել՝ 3,5 միլիոն դրամի հարկային պարտավորություն է դարձել: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը:

Բանն այն է, որ երեկ Այգեստանի մի խումբ բնակիչներ հենց գյուղում բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով նորընտիր գյուղապետի հրաժարականը: Այգեստանցիները shamshyan.com-ի հետ զրույցում նշել էին, որ գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը վրեժ է լուծում այն մարդկանցից, որոնք իր օգտին չեն քվեարկել եւ նրանց գործերն ուղարկել է դատարան, իսկ տեղեկանք ուզողներին էլ դեմ է տալիս հարկերի ցուցակը եւ ասում` մինչեւ չմուծեն` չի տա:

Այգեստանցիները նաեւ ասել էին, որ մշակույթի տան հետնամասը կրկին գյուղապետի նախաձեռնությամբ վերածվել է աղբանոցի, որտեղ գարշահոտություն է տիրում:
Երեք անգամ անընդմեջ ընտրված գյուղապետը, սակայն, չի հասկանում թե ինչո՞ւ նախկինում իր աշխատանքից դժգոհողներ չեն եղել: Ասում է` գյուղում կատարել եմ 200 միլիոն դրամի ներդրում, այնպիսի մանկապարտեզ եմ կառուցել, որ, հասկանալի պատճառներով, միայն Մխչյանի մանկապարտեզն է մեզնից առաջ:

Գյուղապետը նաեւ մեկ առ մեկ թվարկեց այդ տարիներին արած գործերը` 18 կիլոմետր խմելու ջրի ջրագիծ է անցկացրել, որն անգամ խորհրդային տարիներին չի եղել, ժամանակակից պայմաններով սպորտդահլիճ է կառուցել, գյուղապետարանի շենքն է վերանորոգել եւ անգամ ծառայողական մեքենայից է հրաժարվել` պետությանը անտեղի վնաս չպատճառելու համար:

Գյուղապետի ընտրություններում Սոկրատ Հովսեփյանի մրցակիցը Հակոբ Հասրաթյանն է եղել, եւ ակցիայի մասնակիցները, գյուղապետի խոսքերով, հենց նրա կողմնակիցներն ու բարեկամներն են: Սոկրատ Հովսեփյանը համոզված է, որ իր մրցակցի խոստումներն են եղել պատճառը, որ իր համագյուղացիներն այսօր «բունտ» են անում: Ըստ նրա, գյուղապետի թեկնածու Հասրաթյանը գյուղացիներին նախընտրական խոստում էր տվել` հենց ընտրվի` բոլոր պարտքերը չեղյալ է հայտարարելու, բայց, Սոկրատ Հովսեփյանի խոսքերով, որեւէ մեկն ի վիճակի չէ այդ պարտքերը չեղյալ անելու: Նա այդ հարցում մեղադրում է նախկին կառավարությանը, որը տարիներ առաջ որոշում կայացրեց գյուղացիների պարտքերը ներելու. «Գյուղացին այդ հոգեբանությամբ էլ մինչ օրս առաջնորդվում է, մտածում է` ինչի՞ վճարի, հնարավոր է կրկին ներեն պարտքերը»:
Մանրամասները` տեսանյութում

Սոկրատ Հովսեփյանը 22 տարի դատախազի պաշտոն է զբաղեցրել: Նրա խոսքերով, այդքան ներդրումներ կատարելու համար մարդկանց մոտ հարց է առաջանում` որտեղից ինձ այդքան գումար. «Մտածում են ամբողջ կյանքս լափել եմ, բայց ժողովուրդ ջան, ես չեմ լափել, բայց եթե լափել եմ ու բերել եմ դնում եմ գյուղի զարգացմանը` փառք ու պատիվ ինձ: Միանվագ 10 միլիոն դրամ թոշակ եմ ստացել եւ այդ ամբողջ գումարը կրկին ներդրել եմ գյուղի համար: Իմ թոշակը կազմում է 400 հազար դրամ, 150 հազար էլ աշխատավարձ եմ ստանում: 75 տարեկան մարդ եմ, ամեն օր ժամը 4-ին գնում եմ դաշտ, աշխատում եմ մինչեւ 8 անց կես, ապա գնում եմ աշխատանքի»:
Ինչպես Այգեստանի գյուղապետն ասաց, Այգեստանցիների բողոքների հիման վրա 6-րդ վարչությունը հյուրընկալվել է Այգեստանի գյուղապետարանում, սակայն ոչինչ չի գտել:

Սոկրատ Հովսեփյանը կարծում է, որ իրենց գյուղում բնակվող մի դատախազի` Արմեն Կարապետյանի մատն էլ է խառը, որ գյուղացիները դուրս են եկել իր դեմ: Արմեն Կարապետյանը Արարատի մարզի դատախազության աշխատակից է եւ ունեցել է 620 հազար դրամի հարկային պարտավորություններ:

«Ես ասացի, որ բերի հարկերը վճարի, այլապես լավ չի լինի: Չբերեց, ասացի, եթե դու երեք օրում հարկը չբերես տաս, քո վարքագծի մասին գրելու եմ գլխավոր դատախազին, բերեց հարկը տվեց եւ այդ օրվանից ես թշնամի վաստակեցի, բայց ես չեմ վախենում թշնամությունից, եթե այդ թշնամին օբյեկտիվ եմ վաստակում, այդ արշավն իմ դեմ կազմակերպում է Արմեն Կարապետյանը»,-ասաց պարոն Հովսեփյանը: Նա, որպես ապացույց, իր հետ բերել էր անդորրագրերը, որտեղ երեւում էր դատախազի կատարած վճարումները:

Aravot.am-ը հեռախոսով կապվեց նաեւ վերոնշյալ դատախազի` Արմեն Կարապետյանի հետ: Մեր հարցին, թե Սոկրատ Հովսեփյանն ասում է, որ իր հետ թշնամացել եք եւ գյուղացիներին հանել իր դեմ այն բանի համար, որ նա ստիպել է հողի հարկերը վճարեք, պարոն Կարապետյանն ասաց` բացարձակ իրականությանը չի համապատասխանում, այդ ամենը հերյուրանք է:

Մեր ճշտող հարցին, թե անդորրագրերը տեսել ենք եւ հերյուրանք է, որ թշնամացե՞լ եք, թե` որ այդքան հարկային պարտավորություն եք ունեցել, պարոն Կարապետյանն ասաց` ես հարկատու եմ եւ վճարել եմ եւ պետք է վճարեմ:

Ապա մյուս հարցերին Արմեն Կարապետյանը չցանկացավ պատասխանել` ասելով, որ բացարձակ ցանկություն չունի հարցաքննվել եւ պարզաբանում տալ, ապա ասաց, որ աշխատում է եւ իրեն թողնենք հանգիստ աշխատի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930