Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ քեզ համբերություն եմ ցանկանում, Հայկազին այսօր մահացած են գտել». Փոխնախարարն այսպես է փոխանցել սպանության լուրը

Նոյեմբեր 14,2016 20:20

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Նա դատարանին պատմեց, թե ինչպես է իմացել դեպքի մասին:

«Դեպքի մասին 2015 թվականի հունվարի 29-ի առավոտյան եմ իմացել: Ինձ չեն ասել, որ սպանություն է, հետիս աշխատող ընկերներս արդեն գիտեին, ընկերներիցս մեկն ինձ ասաց՝ շտապ գնա ինստիտուտ, հարցրի՝ ինչի համար, ասաց՝ չգիտեմ, Հայկազիկը կռիվ է արել: Զարմացա՝ ոնց կլինի Հայկազը կռիվ անի, կռվարար չէ: Գնացի ինստիտուտ, ուղեկցեցին պետի սենյակ, երբ մտա սենյակ, տեսա քաղաքացիական ու զինվորական հագուստով շատ մարդկանց, միայն ՊՆ փոխնախարար Տոնոյանին ճանաչեցի: Պարոն Տոնոյանը սկսեց հարցեր տալ՝ Հայկազը աղանդավորության մեջ եղե՞լ է, ասացի՝ ճիշտ հասկացեք, մենք Աստծուն  հավատում ենք, բայց ոչ մի աղանդավորության մեջ էլ չկանք: Ընկերուհի, սիրած աղջիկ ունեցե՞լ է հարցրեց փոխնախարարը, ասացի՝ ոչ:

Պարոն Տոնոյանին ասացի՝ կարող եք հետաքրքրվել, Հայկազը կռվարար երեխա չէ, Մոնթեում էլ է սովորել երեք տարի, Հադրութում է  ութ ամիս ծառայել, ոչ մի տեղ չեպե չի եղել: Փոխնախարարն ասաց՝ հետաքրքրվել ենք, գիտենք: Հետո նայեց աչքերիս մեջ, հարցրեց՝ գիտես ի՞նչ է եղել, ասացի՝ ինձ ասել են, որ կռիվ է արել, բա հաստա՞տ չգիտես, ասացի՝ ոչ: Ձեռքը դրեց ուսիս, ասաց՝ քեզ համբերություն եմ ցանկանում, հարցրի՝ ինչ է եղել, ասաց՝ Հայկազին այսօր մահացած են գտել: Ես շոկի մեջ էի, նստած տեղումս ոչ մի ձայն չեմ հանել: Հետիս եկածը տարիքով մարդ էր, մտածեցին Հայկազի պապիկն է, ուշքը գնաց, ընկավ գետնին»,- դատարանում պատմեց Արկադի Բարսեղյանը:

Նրա խոսքով, ինքը հետո հետաքրքրվել է փոխնախարարից՝ ինչպես կամ ինչից է մահացել տղան, իրեն փոխանցել են, թե կախված են գտել. «Ասաց՝ առաջին վարկածը ինքնասպանությունն է, դատաբժիշկներն աշխատում են, այնինչ իրենք արդեն գիտեին, որ դա սպանություն է: Ինձ էին այդպես ներկայացրել»:

Դեպքի մասին իմանալուց հետո Արկադի Բարսեղյանը այցելել է իր որդու ընկերներին, նրա նախկին աշխատանքի վայր, հետաքրքրվել որդուց՝ արդյոք երբեւէ որդին գանգատվել է դժվար կյանքից, անլուծելի խնդիրներ ունենալու մասին, բայց բոլոր տեղերում էլ հերքել են, վստահեցրել են՝ Հայկազին վատ հոգեվիճակում երբեք չեն հանդիպել  կամ զրուցել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Նրանք մեղադրվում են հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում Հայկազ Բարսեղյանին դաժանությամբ սպանելու ու հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԱՄՈԹ ՈՒՆԵՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ! says:

    Սպանությունը խմբակային է, տեղի է ունեցել ոչ թե խոր անտառում այլ հսկողության ենթակա մի բուռ տարածքում, որտեղ բոլորն իրար գերազանց ճանաչել են ու շատ լավ իմացել թե ով ինչ է ուտում ու մտածում: Տարիներով ,,բացահայտվում են,, հատորներով գործեր են գրվում, դատեր են սկսում ու ձգում – հետաձգում են …. որ ինչ անեն (ով չի հասկանում?)
    ԱՄՈԹ ՈՒՆԵՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ!

  2. ԽԱՅՏԱՌԱԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԷԼ ԻՆՉԻ ԵՆՔ ԶԱՐՄԱՆՈՒՄ says:

    Այս ամենի մեղավորը մեր ինքնիշխանությունն է, ով ինչ ուզում է անում է, և գործը փակում են արդարացնելով մեղավորներին, դրա համար էլ շատերը առիթից օգտվելով, անում են այն ինչը անմարդկային է․․․

Պատասխանել ԱՄՈԹ ՈՒՆԵՑԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ!

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930