Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս երկրում ուսուցչի ձայնը բացարձակ զրո՞ է»․բողոքի ակցիա՝ Գյումրու թիվ 38 դպրոցում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 17:40

Այսօր վաղ առավոտից Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող թիվ 38 դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա է անցկացնում` ցուրտ եղանակին ժամեր շարունակ բակում կանգնելով։ Բանն այն է, որ լրացել է դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ մինչ մրցույթի հայտարարումը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ այլ դպրոցի՝ թիվ 42-ի փոխտնօրենին՝ Արփինե Նիկողոսյանին։ Եվ երբ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը փորձել է ներս մտնել ու ներկայացնել տնօրենի ժ/պ-ին, կոլեկտիվը նրանց ներս չի թողել։

Մեր՝ դպրոցում գտնվելու պահին կոլեկտիվի անդամները ի նշան բողոքի կանգնած էին դպրոցի բակում, սակայն դպրոցում դասապրոցեսը խաթարված չէր, ուսուցիչները հերթափոխով ներս էին մտնում, դասերը պարապում ու դուրս էին գալիս։ Նրանց հետ կանգնած էին նաև Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանը, որը դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը, քիչ անց պաշտոնյաներին միացավ նաև կրթության վարչության պետի ժ/պ Հրայր Կարապետյանը, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը սպասում էր դպրոցի շենքից դուրս՝ մեքենայի մեջ։

gyumri_38_5 gyumri_38_4

Դպրոցի ուսուցիչները Aravot.am-ին դժգոհեցին, որ իրենց տնօրեն Գոհար Շահբազյանը թոշակային տարիքի չէ, երկու օր առաջ լրացել է նրա 60-ամյակը, նրան հարգում են դպրոցում, ընդունում, հմուտ կառավարիչ է, սակայն, չգիտես ինչու, նրան կամ դպրոցի փոխտնօրեններից որևէ մեկին տնօրենի ժ/պ նշանակելու փոխարեն գերադասել են բերել դրսից։ Վերջիններս վրդովված են, որ մարզպետը իրենց կարծիքի հետ հաշվի չի նստել, ավելին ժ/պ են բերել գաղտագողի․երբ կոլեկտիվը դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի 60-ամյակն էր նշում, հանկարծակի փողոցի խոսակցություններից է իմանում, որ նոր ղեկավար են դպրոց բերում։

gyumri_38_3 gyumri_38_6

«Մեր տնօրենին չգիտես ինչու չեն թույլատրում լինել տնօրենի ժ/պ, այլ ուղարկել են դրսից մեկ այլ դպրոցի փոխտնօրենի, քաղաքի գրեթե բոլոր դպրոցներում նույն գործընթացն է, բայց մյուս դպրոցներում նույն տնօրեններին թույլ են տվել ժ/պ լինելու, մեզ մոտ՝ ոչ։ Չենք հասկանում պատճառը, թե ինչ առանձնացված մոտեցում է։ Մեզ հետաքրքրում է՝ ինչո՞ւ հարցի պատասխանը, երեկ եղել ենք կրթության վարչության պետի, այնուհետ մարզպետի մոտ, բայց մեզ հուզող հարցը՝ ինչո՞ւ, թողել են անպատասխան։ Ուզում ենք հասկանանք՝ գուցե անձնական, կուսակցական խնդիր կա՞ տիկին Շահբազյանի հետ, թող ներկայացնեն կոլեկտիվին, ասեն ձեր տնօրենը թերացել է այս պարտականությունները կատարելիս։ Բայց իրենք ասում են՝ այդպես ենք ուզում, դա մեր իրավասությունների մեջ է, մենք ենք որոշողը, դուք իրավունք չունենք խառնվելու այս հարցին։ Մի ամբողջ կոլեկտիվի ասում են՝ ձեր գործը չէ, խաթարում են մեր աշխատանքը։ Մենք տիկին Շահբազյանի հետ աշխատում ենք ջերմ մթնոլորտում, երևի թե քաղաքի ամենահամերաշխ կոլեկտիվներից է, չեմ վախենում ասել, խնդիր չունենալով կոլեկտիվի ներսում, հիմա նման խնդրի առջև ենք կանգնում», -դժգոհեց ուսուցիչներից մեկը։

gyumri_38_1

Ուսուցիչները ենթադրում են, որ մարզպետը կուսակցական խաղերի մեջ է․ իրենց տնօրենը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է․ Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը, անցել որպես ավագանու անդամ, այլ հարց է, որ այս կուսակցությունը բոյկոտում ու չի մասնակցում ավագանու նիստերին։ Ուսուցիչների ենթադրմամբ, տնօրենի ժ/պ-ն դաշնակցական է, Հովսեփ Սիմոնյանը նրան ուղարկել է ինչ-որ հարցեր լուծելու։ «Մեզ մնում է միայն ենթադրություններ անել, քանի որ մեզ հստակ պատասխանող չկա, ասում են՝ մեր որոշումն է, պարտավոր եք ենթարկվել։ Ասում են՝ գնացեք ենթարկվեք մեր կամքին, մենք այդպես ենք ուզում, բա մեր մանկավարժական լուրջ կոլեկտիվի կամքը ո՞վ պիտի հաշվի առնի։ Մենք իրոք ուզում ենք հասկանալ, այս 40 հոգանոց կոլեկտիվի ձայնը բացարձակ զրո՞ է, թե՞ մենք ունենք հնարավորություն առաջարկել մեր տարբերակը, հիմա բողոքի այս ձևն ենք ընտրել», -ասաց մեկ այլ ուսուցիչ։

Դպրոցի կոլեկտիվը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին, նախազգուշացնում են՝ եթե այս մարզում իրենց ձայնը լսող չլինի ու հարցը լուծում չստանա, կգնան Երևան՝ կրթության նախարարից ու վարչապետից պարզաբանում պահանջելու։

Վերջիններս նաև նեղվել էին մարզպետարանից հնչող ավելորդ խոսակցություններից, թե տնօրեն Գոհար Շահբազյանը սեփականաշնորհել է կոլեկտիվին։ «Մեր տնօրենը դեռ թոշակային տարիքի չէ, նրա 60 ամյակը երկու օր առաջ լրացավ, հինգ տարի կարող է պաշտոնավարել, նա պարտադիր պիտի մասնակցի դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, բայց մինչ մրցույթի հայտարարելը փորձում են դրսից մարդ իջեցնել մեզ տնօրեն։ Հանգիստ աշխատել չէ՞ր կարելի, այս իրավիճակը ոնց որ արհեստական լինի ու դրսից ներմուծված, փորձում են խափանել մեր աշխատանքը, կոլեկտիվը պառակտել։ Կիսամյակի վերջ է, լարված աշխատանքներ, մենք այնքան զբաղված ենք, որ նման ձևով չի կարելի շեղել մեզ գործից, նոր տնօրեն պարտադրել։ Հիմա էլ սպառնում են՝ եթե այսպես շարունակեք, ձեր աշխատավարձն էլ կուշանա, քանի որ փաստաթղթերի հանձնում չի եղել։ 40 հոգի եթե աշխատավարձ չստանա, պատկերացրեք բոլորն ընտանիքներ ունեն, բանկերում վարկեր, ուսանող երեխաների վարձավճարներ, լարվածությունը կմեծանա ոչ թե 40 հոգու շրջանակում, այլ ամեն մեկին ավելացրած հինգ, վեց, տաս հոգու։ Ո՞րն է սրա նպատակը, մեզ անհայտ է»,-վիրավորված, նեղված ասում էին ուսուցիչները։

Մենք զրուցեցինք նաև տնօրենի ժ/պ Արփինե Նիկողոսյանի հետ, նա վստահեցրեց, որ ինքն անկուսակցական է, քաղաքականությամբ չի զբաղվում ու դեմ է, որ դպրոցը քաղաքականացվի։ Մեր հարցին՝ ո՞վ է ձեզ առաջարկել գալ թիվ 38 դպրոցի տնօրենի ժ/պ, տիկին Նիկողոսյանն ասաց, որ ինքը ունի հավաստագիր, դիմել էր մարզպետին աշխատանքի տեղավորվելու համար, Հովսեփ Սիմոնյանն էլ նրան առաջարկել է այս տեղը։ Նա ասաց, որ անպայման մասնակցելու է այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Մեր հարցին՝ մի՞թե չէր կարելի սպասել մինչև մրցույթը տեղի ունենար, Արփինե Նիկողոսյանն ասաց․ «Եթե իմ վերադասը գտնի, որ պիտի սպասեմ, կսպասեմ, ի՞նչ խնդիր կա»։ Մեր հարցին՝ եթե ձեզ չեն ընդունում, ինչպե՞ս եք աշխատելու, մեր զրուցակիցն ասաց, որ բողոքը իր անձի դեմ չէ։

Մենք պարզաբանումներ ստացանք նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, այն կներկայացնենք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հասկանալի է ուսուցիչների նեղված լինելը, այս կինը դպրոցն է կառուցում, իսկ մարզպետը անում է հակառակը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930