ԱԺ ընտրություններից ի վեր Գյումրու քաղաքային իշխանությունը լարված, սպասողական իրավիճակում է․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իշխանափոխություն իրականացնել այս քաղաքում․ նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնել, որն էլ վրդովեցրել է Վարդան Ղուկասյանին ձայն տված ընդդիմադիր քաղաքական ուժերին։
Տևական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ ունենալու իր երազանքը կարող է իրականացնել միայն մի հավանական տարբերակով․ այն է՝ Գյումրին խոշորացնելով, մոտակա մի գյուղ այս քաղաքին միավորելով ու վարչական նոր միավոր ստանալով։ Մնացած բոլոր տարբերակները դիտարկվում են որպես անօրինական քայլ, իշխանությունը զավթելու միջոց։
Սակայն Գյումրին խոշորացնելը կամ ինչպես ընդդիմադիր ուժերն են բնութագրում՝ պոչին գյուղ կպցնելը, խստորեն քննադատվում է․ թե՛ ընդդիմադիրները և թե՛ այս քաղաքի բնակիչներից շատերը այն համարում են անընդունելի, քաղաքային կոլորիտ ունեցող Գյումրու համբավը փչացնելու, այս քաղաքը դիմազրկելու միջոց։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Գյումրիում իշխանափոխություն անելու իր մտադրությունից, այն կա կառավարության օրակարգում, լրագրողների հետ ճեպազրույցում թեմային անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ մեկ անգամ ևս հաստատելով այն։
Կարդացեք նաև
Իսկ ո՞վ է լինելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն․ ՔՊ-ի մանդատով Ազգային ժողովի պատգամավոր դարձած Սարիկ Մինասյանի անունն այլևս այդքան էլ չի շրջանառվում, փոխարենը խոսվում է Դավիթ Առուշանյանի մասին, որը քաղաքային կառավարման փորձ ունի, «Բալասանյան դաշինքով» քաղաքապետ ընտրված Վարդգես Սամսոնյանի օրոք զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
Մարզպետի անունը շրջանառվում է նաև այն պատճառով, որ խոսք է գնում մարզպետարանները լուծարելու մասին։ Ըստ գյումրեցիների, Դավիթ Առուշանյանին չթույլատրեցին գնալ Ազգային ժողով՝ որպես պատգամավոր, քանի որ նրան դիտարկում են քաղաքապետի պաշտոնում, հատկապես որ շուտով մարզպետարաններ չեն լինելու, իսկ Դավիթ Առուշանյանն անպաշտոն չի մնալու։
Մարզպետարանները լուծարելու մասին խոսակցություններն էլ պատահական չեն․ ինչպես հայտնի է՝ կառավարությունը կրճատում է մարզպետարանների գործառույթները, օրինակ՝ անցած տարի բուժհիմնարկները մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից անցան առողջապահության նախարարության ենթակայության տակ, այս տարի էլ դպրոցները մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից անցան ԿԳՄՍ նախարարության անմիջական ենթակայության տակ։ Իսկ սա նշանակում է, որ մարզպետարանների անելիքները կրճատվում են, այս կառույցը իր վերահսկողական գործառույթը կորցնում է։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ինչպես Գյումրին խոշորացնելու, այնպես էլ իրեն որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու ու մարզպետարանները լուծարելու խոսակցություններին։
Անդրադառնալով Ախուրյան համայնքի որևէ գյուղ Գյումրիին միավորելուն ու այս տարբերակով արտահերթ ընտրությունների գնալուն, Դավիթ Առուշանյանն ասել է․ «Ես չեմ ուզում մեկնաբանել այն խոսակցությունները, որոնք Գյումրիում շրջանառվում են, որովհետև Գյումրիում ամեն օր մի նոր խոսակցություն է շրջանառվում, իմաստ չունի դրանք քննարկել կամ մեկնաբանել, ամեն մարդ մի պատկերացում ունի։
Այն, որ Գյումրիում խնդիրը լուծման կարիք ունի ու խնդիրը լուծվելու է, միանշանակ է։ Այն, ինչ ունենք Գյումրիում, այս վիճակում պահել ու շարունակել անթույատրելի է, որովհետև դրանց շահառուները հենց գյումրեցիներն են, մեր քաղաքի բնակիչներն են։
Միայն կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում և օրենքով մեզ տրված հնարավորությունների սահմաններում»։
Անդրադառնալով իր անվան շրջանառմանը՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուի, Դավիթ Առուշանյանն այսպես է արձագանքել․ «Այդ մասին քննարկում չի եղել, այդ մասով քննարկում չկա, ես Շիրակ մարզպետն եմ, շարունակելու եմ պաշտոնավարել մինչև այն օրը, երբ որ կամ մեր թիմը, կամ կառավարությունը, կամ մարզը կորոշի, որ իմ ծառայությունների կարիքն այլևս չկա։ Մինչև վերջին վայրկյանն աշխատելու եմ՝ ի շահ մարզի։
Այդ մասով քննարկումներ չկան, մարզպետարանների փակվելու մասով ևս քննարկումներ չկան։ Չգիտեմ՝ միայն մեր քաղաքո՞ւմ են նման խոսակցություններ, թե՞ մնացած մարզերում էլ կան, որ 2028 թվականին մարզպետարանները փակվելու են, նման նախագիծ չկա, նման քննարկումներ չկան»։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանին ձայն տված ընդդիմադիր քաղաքական ուժերը խոստացել են՝ ամեն գնով պահել քաղաքային իշխանությունը, չզիջել ՔՊ-ին, նրանցից ոմանք նույնիսկ երդվել են, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ երբեք չի ունենալու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































