Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ մասնակիցներ եւ վիրտուալ ժյուրի, բայց նյութական մրցանակներ

Դեկտեմբեր 07,2016 14:30

ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական դելփյան խաղերն
առաջին անգամ ոչ ավանդական ձեւաչափով անցկացվեցին

Ժամանակակից աշխարհում համացանցի առկայության պարագայում վիրտուալ ամեն ինչը առաջին պլան մղվեց… Վերջին շրջանում անգամ երաժիշտների վիրտուալ մրցույթներ են անցկացվում:

Վերջերս ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական դելփյան խաղերը նույնպես առաջին անգամ անցկացվեցին վիրտուալ կարգով: Այս մասին «Առավոտին» հայտնեց Հայկական ազգային դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների 6-րդ Դելփյան խաղերը անցկացվել են Հայաստանում՝ 12 երկրներից ժամանած արվեստագետների մասնակցությամբ: Իսկ ընդհանրապես, Խաղերը սկիզբ են առել մ.թ.ա. 582 թվականին եւ խորհրդանշում են Պյութոն հրեշի դեմ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակը, որն ի պատիվ սեփական հաղթանակի՝ հիմնել է խաղեր, որոնք անցկացվել են գլխավոր սրբավայր դարձած դելփյան տաճարի մոտ:

Ալեքսան Զաքյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ստուգատեսին մասնակցել է 73 հոգանոց կազմով, 69 մասնակից՝ 12 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, կերպարվեստ, ակադեմիական, էստրադային եւ ժողովրդական երգեցողություն, ազգային ու ժամանակակից պար, հագուստի դիզայն, ազգային նվագարաններ, կրկես եւ փողային գործիքներ) եւ 8 ժյուրիի անդամ, Դելփյան կոմիտեի 3 անդամ՝ Մարինա Կպրյան, Նելլի Սարգսյան, Ալեքսան Զաքյան: Հայաստանի պատվիրակությունից Խաղերի միջազգային հանձնաժողովներում ընդգրկված են եղել ճանաչված արվեստագետներ Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Սուսաննա Մարտիրոսյանը (ակադեմիական երգեցողություն), Գեւորգ Մանասյանը (ազգային նվագարաններ), Մուրադ Հակոբյանը (ազգային պար), Անիտա Հախվերդյանը (էստրադային երգեցողություն) եւ Ավետիք Ավետիսյանը (կերպարվեստ): Մեր զրուցակցի խոսքերով՝ հայկական Ազգային դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ հայկական պատվիրակությունը ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ թիմային հաշվարկով դարձյալ արժանացավ պատվավոր տեղերի: «69 մասնակից, այդ թվում՝ 27 անհատ արվեստագետ, 2 պարային անսամբլ եւ 1 կրկեսային խումբ արժանացան 18 մրցանակի՝ 3 առաջին, 8 երկրորդ եւ 7 երրորդ»,- մանրամասնեց Ալեքսան Զաքյանը: Կանխելով հարցը, պարոն Զաքյանն ասաց, որ Միջազգային դելփյան կոմիտեն մրցույթի վիրտուալ անցկացման հետ կապված մի քանի պայման էր ներկայացրել.

ուղարկված ձայնագրությունները պետք է լինեին չմոնտաժված, մեկ տեսախցիկով նկարահանված եւ այլն, ինչը Հայկական ազգային դելփյան կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ արդար մրցակցության գրավական էր:

Հետաքրքրությանը՝ կարելի՞ է ենթադրել, որ խաղերի կազմակերպիչը՝ Միջազգային դելփյան կոմիտեն (նստավայրը՝ Մոսկվա) մրցույթի անցկացման վիրտուալ ձեւաչափ էր ընտրել ֆինանսական սղության պատճառով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման ձեւաչափին մենք դեմ էինք, բայց մշակույթի նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց, այնուամենայնիվ, մասնակցել, մանավանդ՝ այս տարի խաղերը նվիրված էին ԱՊՀ կազմավորման 25-ամյակին: Մյուս կողմից՝ ԱՊՀ տարածքում Դելփյան խաղերը մշակութային պարտադիր միջոցառումների ցանկում է ներառված եւ հաստատված է մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե մրցանակներն է՞լ վիրտուալ հանձնվեցին, պարոն Զաքյանը պատասխանեց. «Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 9-ին կկայանա մեր երիտասարդ արվեստագետների մրցանակների հանձնման արարողությունն ու գալա համերգը»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031