Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Դեկտեմբեր 12,2016 16:03

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար և համոզմունք է հայտնել, որ Պիոտրովսկիների այս այցը երկար կմնա նրանց հուշերում:

«Այսօր միասին կմասնակցենք նաև Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի դրսևորում է գիտական այն մեծ աշխատանքի ու ներդրման համար, որն իրականացվել է Ձեր երջանկահիշատակ հոր կողմից՝ հայոց պատմության ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնելու ուղղությամբ: Առիթն օգտագործելով նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և հատուկ վերաբերմունքի համար»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար:

«Պարոն քաղաքապետ, թեև ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երևանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաև այսօր բացվող հուշատախտակն է: Համոզված եմ, որ հորս հիշատակը հավերժացնող յուրովի այդ անկյունը առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն կունենա նաև Պիոտրովսկիների բոլոր սերունդների համար», – նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

Այնուհետ, հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած բազմամյա ավանդի և համաշխարհային մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031