Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ամենալուրջ կազմակերպությանը ուզում են վնաս տալ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2016 17:35

Օրերս Վերահսկիչ պալատը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում կատարված ուսումնասիրության եզրակացությունն է հրապարակել, ուսումնասիրության արդյունքներն էլ, ուղարկվել են դատախազություն, քրեական գործ է հարուցված:

Նշենք, որ ՎՊ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց, որ առարկություններ են ներկայացրել Վերահսկիչ պալատի բոլոր մեղադրանքներին, եւ չեն էլ ստորագրել ՎՊ-ի՝ հիմնադրամին ներկայացրած եզրակացությունների տակ:

Ըստ ՎՊ-ի, «Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել Հիմնադրամի 50% բաժնային մասնակցությամբ նոր՝ «Սորսիո» ՓԲ ընկերության ստեղծմանը եւ լիազորել է Հիմնադրամի տնօրենին, որպես Հիմնադրամի ներկայացուցիչ, կնքել ընկերության հիմնադիր պայմանագիր ընկերության մյուս 50%-ի բաժնետեր Հովհաննես Ավոյանի հետ: Նշված որոշումը հակասում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջին, քանի որ Հովհաննես Ավոյանը հանդիսանում է հիմնադրամի մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի անդամ: Հիմնադրամի բաժնեմասերի իրական (շուկայական) արժեքների գնահատում չի կատարվել: Հիմնադրամի բաժնեմասերն օտարվել են առանց Խորհրդի համապատասխան որոշումների»:

Այս առնչությամբ պարոն Ենգիբարյանն ասաց՝ «Երբ Համաշխարհային բանկի ծրագիրը եղավ, պետք էր 3 փորձնական ծրագիր, որպեսզի տրամադրվեր դրամաշնորհ, այսինքն` պետք է ցույց տայինք, որ Հայաստանում կարող ենք ստեղծել հաջողակ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններ: Այսինքն՝ պետության կողմից Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսված դրամաշնորհ էր, որը պետք է տրվի կազմակերպություններին, որոնցից մեկը «Սորսիոն» էր: Քանի որ դա դրամաշնորհ էր, եւ այդպես էլ մնաց, եւ քանի որ ո՛չ պետությունը եւ ոչ էլ Համաշխարհային բանկը պատրաստ չէին որեւէ ռիսկ վերցնել եւ բաժնեմաս ձեռքբերել, ապա մենք որպեսզի փորձարկենք, թե ինչպես պետք է աշխատի բաժնեմասային ներդրումը, ռիսկը մեր վրա վերցրեցինք ու բաժնեմասային ներդրում կատարեցինք: Մեզ ոչ միայն հաջողվեց ստեղծել լավագույն կազմակերպություններից մեկը, ոչ միայն գումար վերադարձնել, այլ հավելավճար էլ եղավ: Փաստերը չեն համադրում, կամայական եզրակացություն են անում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վերահսկիչ պալատն ուսումնասիրության համար ընտրել է հիմնադրամի այնպիսի ծրագրերը, որոնք հաջողված են եւ թերություններ չունեն. «Մի կարեւոր բան կա՝ դրանք ոչ պետական միջոցներ են, այսինքն` պետական շահի պաշտպանության տեսանկյունից անդրադառնալ ոչ պետական միջոցներին, դա նաեւ ներդրողների մոտ է հարց առաջացնում ՝վաղը կարող է մասնավորի մոտ հայտնվի քննչականը»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՎՊ-ն եզրակացությունը քննարկե՞լ է հիմնադրամի հետ, սովորաբար ՎՊ-ն, իրավապահ մարմիններին գործն ուղարկելուց առաջ եզրակացությունը քննարկում է մեղադրվողի հետ, ընդ որում, ՎՊ-ն հատուկենտ գործեր է ուղարկում դատախազություն, մտահոգիչ չէ՞, որ գերակա ճյուղ համարվող ոլորտի ընկերությանը հարվածի տակ են դնում, բացի այս, վարչապետը ՏՏ ոլորտից «աշխարհ շուռ տվող» ծրագրեր է պահանջել, պետական կառույցի նման գործելաոճը թեւաթափ չի՞ անի, մեր այս հարցերին ի պատասխան պարոն Ենգիբարյանն ասաց. «Մենք շահառու չենք պետական միջոցների, մենք բաց ենք, դեմ չենք ստուգումներին: Մենք ակնկալում էինք, որ քննարկում կլինի, ինչը տեղի չունեցավ»:

Պարոն Ենգիբարյանը բացատրեց, թե ինչո՞ւ է վիճահարույց ընկերության բաժնեմասը Հովհաննես Ավոյանը ձեռք բերել եւ ի՞նչ ազգակցական կապեր կան:

«Երկրի ամենալուրջ կազմակերպությանը ուզում են վնաս տալ, ապագա ստեղծող ընկերության հետ գործ ունեն եւ իրավական հարցերով փորձել վարկաբեկել, ճիշտ չէ»,-ասաց պարոն Ենգիբարյանը ՎՊ-ի գործելաոճին անդրադառնալով:

Հիմնադրամի ներկայացուցիչները վստահեցրին՝ ամեն ինչ արել են օրենքի սահմաններում եւ որեւէ օրենք չեն խախտել:

Եթե իրավապահ մարմինները պարզեն, որ օրենք չի խախտվել, ապա, ինչպես պարոն Ենգիբարյանն ասաց, չի բացառվում, որ իրենք դիմեն դատարան:

Հիմնադրամի իրավաբան Արամ Խաչատրյանի խոսքերով էլ՝ «Քրեական գործ է հարուցված, սակայն որևիցե դատավարական կարգավիճակով ներգրավված չէ որեւէ անձ: Թե կոնկրետ ո՞ր դրվագով է հարուցված քրեական գործը, նույնպես հայտնի չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031