Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգ-բանակ արվեստի ստուգատես կանցկացվի

Դեկտեմբեր 17,2016 13:30

Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան նախատեսում է «Ազգ-բանակ» խորագրով արվեստի ստուգատես անցկացնել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, որոշել են արձագանքել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համանուն տեսլականին, քանի որ գաղափարն իրենց հոգեհարազատ է: «Որոշեցինք ստեղծել արվեստի ստուգատես, որը ամենամյա է լինելու: Ի՞նչ ենք անելու՝ ներգրավելու ենք նկարիչների, գրողների, երաժիշտների, կոմպոզիտորների, լրագրողների: Բոլորին խնդրելու ենք, որ մեկ-երկու օր անցկացնեն բանակում, ապրեն զինվորի կյանքով, օրվա ռեժիմով, օգտվեն զինվորական ճաշարանից:

Արդյունքում՝ նկարիչը նկարելու է, լուսանկարիչը լուսանկարելու է, լրագրողը հրապարակումներ է պատրաստելու, գրողը գրելու է եւ այսպես շարունակ: Իսկ երգիչները անելու են մի բան, որը կոչվելու է հայրենասիրական երգի եւ պետական օրհներգի ուսուցում: Մենք նախօրոք հայրենասիրական երգերի տեքստերն ուղարկելու ենք բանակ, զինվորները սովորելու են երգերի խոսքերը, CD-ներ ենք ուղարկելու, որ լսեն երաժշտությունը, ընտելանան, դրանից հետո երգիչները գնալու են ու զինվորներին սովորեցնելու են այդ երգերը: Հետո մենք այդ ամբողջով հանդերձ՝ կազմակերպելու ենք համերգային, ստուգատեսային միջոցառում, այսինքն՝ ամփոփելու ենք, թե օրինակ՝ ո՞ր երգչի սովորեցրած երգերն են զինվորները երգելու, նկարիչը իր ցուցահանդեսն է բացելու, լուսանկարիչը՝ նույնպես, այդ օրը մամուլում լինելու են բանակի մասին հրապարակումներ, ցանկալի է ամեն ինչ ստուգատեսի օրը լինի: Ամենակարեւոր ցանկությունը, որ ուզում ենք իրականացնել, դա ալմանախի նման հրատարակում է: Ցանկանում ենք լուսանկարիչների, նկարիչների գործերը տպագրել, կոմպոզիտորների երգերը՝ նոտաներով ու ամեն տարի մեկ համար հրատարակենք»,- գաղափարը ներկայացրեց պարոն Մանասյանը:

Նրա ձեւակերպմամբ, այդպիսով «կգրվի» բանակի տարեգրությունը: «Դա նաեւ առիթ է, որ մտավորականները բանակի հետ ավելի շատ շփվեն: Վերջերս եղանք Արցախում, եւ ասեմ, որ մեծ ոգեւորվածություն առաջացավ մտավորականների շրջանում, որ հաճախակի գան, գրեն ու միայն հեռուստատեսությամբ չնայեն այդ ամեն ինչը»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նրանից տեղեկացանք, որ արվեստի ստուգատեսի օրը դեռ հայտնի չէ, քանի որ առայժմ հայտերի ընդունման փուլն է, բայց չի բացառվում, որ գլխավոր միջոցառումը կայանա Բանակի տոնի նախօրեին:

Արդեն 30 նկարիչ համաձայնել է մասնակցել արվեստի ստուգատեսին, նաեւ բազմաթիվ երգիչներ են դիմել:

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի:

«Առավոտ»

16.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031