Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի օրը` Քաշաթաղում (Ֆոտոշարք)

Հունվար 28,2017 17:52

Մեր հաղթական բանակի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներում կայացան տոնական միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի այս օրը կայանում է այցելություն շրջանի տարածքի զորամասեր: Բերձորի արվեստի դպրոցի սաները և «Բերձոր» համույթի երգիչ-երաժիշտները համերգով հանդես են գալիս զինվորների համար, շնորհավորում տոնի առթիվ:

Այս տարի նախատեսված էր այց 2 զորամաս. դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել զինվորների համար, որոնք պետք է՝ հասնեն մարտական հենակետեր: Սակայն եղանակային պայմանների պատճառով (առատ ձյուն է տեղում) այցը հետաձգվեց: Հունվարի 28-ին՝ առավոտյան Բերձորի Խաղաղության հրապարակին կից բարձունքում գտնվող Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրում կայացավ ծաղիկների խոնարհում՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Այցելուները՝ շրջվարչակազմի և Բերձորում գործող այլ կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, բնակիչներ, ազատամարտիկներ, հյուրեր, հարգանքի տուրք մատուցեցին մարտիրոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում կանգուն խաչքար-կոթողների և 3 պատերի մոտ, որոնց վրա փորագրված են 300-ից ավելի քաջորդիների անունները, ովքեր իրենց կյանքը տվել են Քաշաթաղի շրջանի ազատագրման կռիվներում:

Օր առաջ «Շնորհավոր տոնդ, հայրենիքի պաշտպան» խորագրով յուրահատուկ հանդես կայացավ Բերձորի պետական մանկապարտեզում: Ավագ խմբի սաներն իրենց ծնողների, դաստիարակների, հյուրերի համար ներկայացան երգով ու ասմունքով, պարով: Հանդեսին մասնակից եղավ մանկապարտեզի ողջ անձնակազմը՝ զինվորական համազգեստով: Բեմում ապրիլյան քառօրյա պատերազմում և դրանից հետո կայացած մարտերի ընթացքում նահատակված քաջերի լուսանկարներն էին:

Ներկաներին ողջունեցին ու Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը: Հատուկ հրավերով մանկապարտեզում էր նաև շրջանային զինկոմիսարիատի անձնակազմը՝ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի գլխավորությամբ:

Հայոց Բանակի օրը շրջանի հանրակրթական դպրոցներում կայացան արիության դասեր, տոնական հանդեսներ: Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում 6-8-րդ դասարանների աշակերտները միացյալ հանդես եկան դպրոցի Փառքի սրահում: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, ասմունք՝ նվիրված հայ զինվորին, նրա բազկի ուժին:

Շրջանի երկրորդ քաղաքի՝ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը հեռախոսով տեղեկացրեց, որ կրթօջախի աշակերտները կազմակերպել էին հանդես և ելույթ ունեցան Թ. Կրպեյանի կիսանդրու մոտ: Շրջանի 52 դպրոցներում դասամիջոցների ընթացքում հնչում էին ռազմահայրենասիրական երգեր:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031