Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կարևորել է ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն

Փետրվար 02,2017 14:26

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: ՀՀ կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը: Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի: Գործադիրի ղեկավարը կարևորել է ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն. «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»:

Կառավարությունը հավանություն է տվել նաև Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին: Ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ և կապահովվեն հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:

Հավանության է արժանացել Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը, որի նպատակը ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է: Նախատեսվում է, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի կատարելագործում, անհրաժեշտ մարզագույքով և որակյալ մանկավարժական կադրերով ապահովում:

Կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: 2016թ. ծրագրին 8 փուլով մասնակցել է սփյուռքահայ 900 երիտասարդ աշխարհի 38 երկրից:

Կընդլայնվի հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը

Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Կցորդի հաստիքի ստեղծումը կնպաստի նաև ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի դրույթների իրականացմանը:

Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով օրինագծերին, կարևորել է դրանց ընդունումը. «Մեր գործարար աշխարհի գործընկերներն են խնդրել այս հարցին ուշադրություն դարձնել: Մաքսիմալ ուշադիր եղեք»:

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտներում գործող օրենսդրության արդիականացմամբ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթների և սահմանումների ներառմամբ: Մասնավորապես` տեխնիկական կանոնակարգման և չափումների միասնականության ապահովման ոլորտներում սահմանվել և հստակեցվել է «պետական վերահսկողություն» հասկացությունը` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա կարգադրագրերի ընդունման հնարավորությամբ: Վերահսկողության, ինչպես նաև վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը և սահմանափակումները սահմանվել են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ներառմամբ: Հայ սպառողի «հայերեն» մակնշման պահանջը բավարարելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի պարտադիր «հայերեն մակնշման» պահանջը:

Կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. խմբ. Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` ապահովելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կապահովվի Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները, անհրաժեշտության դեպքում իրավական գործիքներով կապահովվի սահմանադրական մարմինների լիազորությունների թույլատրելի սահմանները և իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորումը, կբարելավվեն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործող կառուցակարգերը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է` հիմք ընդունելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնելու և աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2016թ. համապատասխան հանձնարարականը:

Պարզեցվել են դեղատնային գործունեության իրականացման հայտերի ձևերը

ՀՀ բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը նպաստելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերի պարզեցում և տարանջատում ըստ կատարած գործառույթի` վայրի փոփոխման, այլ վայրում ևս: Կրճատվել են լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերը: Կրճատվել են նաև դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը՝ առևտրի սրահը, սպասասրահը նախկին 18 քառ. մետրից դարձել է 12 քառ. մետր, հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է: Մեղմացվել է վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը. պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ:

Գործադիրը հավանություն է տվել Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությանը և 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին: Ռազմավարության ներդրման հիմնական նպատակը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգված և ամբողջական մատուցման շնորհիվ անբուժելի, արագ զարգացող և հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծումն է, հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերումը: Արդյունքում ակնկալվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացում, բնակչությանը մատուցվող պալիատիվ ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացում: Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը հանդիսանում է առողջապահության համակարգի գործունեության նոր ուղղություն, ռազմավարական, սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծառայություն: Ըստ վիճակագրական վերլուծության տվյալների՝ ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք ունի օրական շուրջ 3000 հիվանդ:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ Ռուբիկ Աբրահամյանին ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաuին» oրենքի և ՀՀ վարչապետի համապատասխան որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է որոշումներ: Մասնավորապես, սահմանվում են

զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը:

Կառավարությունը հաստատել է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և ՀՀ պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը, որը կհանդիսանա ուղեցույց օդանավակայանների կողմից արտակարգ իրավիճակներին արձագանքման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության իրականացման ու ՀՀ գործադիր մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման համար:

Գործադիրը հաստատել է ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը` համապատասխան օրենսգրքի պահանջներին ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման գործընթացը կարգավորելու նպատակով: Ըստ այդմ՝ հստակ կտարանջատվի, թե որ գերատեսչությունն ինչ տեղեկատվություն և ինչ պարբերականությամբ պետք է ներկայացնի ջրային ռեսուրսների պետական կադաստր` գրանցման, ինչպես նաև կսահմանվի ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքը, բովանդակությունը և տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728