Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյան կրտսերի գայթակղիչ առաջարկն ու գյուղավարչության ՀՅԴ-ական պետի լավատեսությունը

Փետրվար 02,2017 19:21

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրեն լավ են ճանաչում, չկա մի համայնք, որտեղ մի քանի անգամ եղած չլինի: Պաշտոնյայի ասելով, իր ընտրազանգվածը կլինեն հենց գյուղերի բնակիչները:

«17 տարին լրանում է՝ ինչ ես Շիրակի մարզի գյուղատնտեսության վարչության պետն եմ: Ճիշտ է՝ Սառնաղբյուրը իմ ծննդավայրն է, սառնաղբյուրցիները ինձ օգնելու են ինչքան որ հնարավոր է, բայց հաշվեք, որ ես 17 տարի անընդմեջ միայն սառնաղբյուրցիների հետ չեմ աշխատել, Սառնաղբյուրից ժամը 8-ին դուրս եմ եկել, իրիկունը 8-ին տուն եմ գնացել այդ ժամանակահատվածում աշխատել եմ ե՛ւ Ախուրյանի, ե՛ւ Ամասիայի, ե՛ւ Աշոցքի հետ: Չեմ պարծենում, բայց վստահաբար ասում եմ՝ չկա մի համայնք, որ գոնե 3-4-5 անգամից պակաս եղած լինեմ այս ընթացքում: Առաջադրված թեկնածուներից շատ շատերը կարող է Շաղիկի տեղը չիմանալ, բայց այդ նույն Շաղիկում ես մի 20 անգամ եղել եմ, եթե ոչ 30 անգամ: Մի համայնք չկա, որ գյուղատնտեսության վարչության պետը եղած չլինի, հնարավոր չէ: Ժողովրդի 95 տոկոսը ինձ միանշանակ ճանաչում է», -ասաց Մովսես Մանուկյանը:

Մեր հարցին, թե օրինակ՝ ինչպե՞ս եք պայքարելու Բալասանյան ընտանիքի դեմ, նրանք բարեգործական հիմնադրամ ունեն, բավական ակտիվ են, անընդմեջ հանդիպում են գյուղապետերի, հետ, հետաքրքրվում՝ ինչի՞ պակաս ունեն՝ ցորենի, գարու, ագրոքիմիական լաբորատորիա են բացում, պատրաստակամ են նյութական օգնություն ցուցաբերելու, արդյո՞ք այս ձեւով Բալասանյան կրտսերն ավելի շուտ արդյունքի չի հասնի, քան դուք, որ տարիներ շարունակ շփվել եք գյուղացիների հետ, Մովսես Մանուկյանը պատասխանեց.

«Գիտեք մեր ժողովրդի մեջ էլ կան շատերը, կասեի մեծամասնություն են նրանք, որոնք գնահատում են մարդու աշխատանքը, մարդու հեղինակությունը, անցած ճանապարհը: Ձեր ասած դեպքում ոնց որ կաշառես մարդուն, որ քեզ ձայն տա, բայց երբ մարդուն օգնում ես ֆինանսապես կամ այլ ձեւով, մի մտածեք, որ այն մարդը, ով որ տալիս է, ավելի խելոք է, քան վերցնողը: Ուղղակի կյանքը էն ձեւի է դասավորվել, որ էսօր տվողը ունի, չտվողն էլ իրենից պակաս խելացի չէ, ու այդ խելացի մարդը ամեն ինչ կշռադատում է, չափում է, ձեւում է: Որտեղի՞ց են տալիս կամ ո՞նց են տալիս, այդ հարցն է առաջ գալիս, չէ՞: Էդ ոնց որ ոչ բոլորը կարող են տալ, մի քանիսն են կարող տալ, իսկ մեր ժողովուրդը իր հեղինակավոր խոսքն ասում է:

Ճիշտ է՝ այդ ամեն ինչը կա, բայց ժողովուրդը միշտ ինքն է որոշում, ճշմարտությունը ժողովրդի գնահատականի մեջ է: Ինքը կարող է էդ ցորենն էլ վերցնի, էդ դրամն էլ վերցնի, բայց իր խղճով գնա քվեարկի այն մարդուն, ում հարգում է: Գյուղական բնակավայրերում ապրողները պահպանողականներ են, իրենց մոտ, եթե նստվածք է տված, որ այս մարդը եկել է, գնացել է, օգնել է, իրեն ուրիշ բան ապացուցելը կամ փոխելը շատ դժվար է: Չնայած փոխողներ կլինեն միանշանակ, բայց ես մտածում եմ, որ մեծամասնությունը իրենց հոգու խորքում սիրում, հարգում են այն մարդկանց, որոնք իրենց ճանապարհն անցել են մաքուր, ազնիվ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728