Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պաշտոնյան՝ Շիրակի մարզի Դաշնակցության վարկանիշային ցուցակում

Փետրվար 10,2017 20:00

Շիրակի մարզի ՀՅԴ վարկանիշային ցուցակի թեկնածուներից մի քանիսի անուններն արդեն հստակեցված են, նրանք իրենց փաստաթղթերն են պատրաստում ԿԸՀ ներկայացնելու համար: Թեկնածուների շարքում են բժիշկներ, Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ, գյուղապետեր:

ՀՅԴ վարկանիշային ցուցակով կառաջադրվի Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որն, ի դեպ, իր անձնական էջից բացի, այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում որպես քաղաքական գործիչ է էջ բացել՝ տեղադրելով իր լուսանկարներն ու հարցազրույցները: Ցուցակի մեջ կան նաեւ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի, Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանի, Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի անունները: Այս անձանց անունները վերջնականապես որոշված են:

ՀՅԴ-ի Շիրակի մարզի նախնական վարկանիշային ցուցակում (այն` ըստ Շիրակի մարզի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների, տվել են հաստատման ՀՅԴ Գերագույն մարմնին, դեռ վերջնական տարբերակն իրենց մոտ չկա, թեեւ վերը թվարկված 5 ընկերների անուններն արդեն հստակեցված են) տեղ են գտել նաեւ նոր անուններ:

Օրինակ՝ նրանց ցանկում են շիրակցիներին, հատկապես գյուղապետարանների աշխատակիցներին քաջածանոթ, սակայն ՀՅԴ-ի համար բացարձակ նոր դեմք համարվող Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության նախկին պետ Կարլեն Աբրահամյանը: Վերջինիս դեռ 4-5 ամիս առաջ թոշակի էին ճանապարհել, սակայն գյուղերում իր կապերն օգտագործելու ու  ՀՅԴ-ին սատարելու նպատակով Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը  նրան օրերս նշանակեց մարզպետի խորհրդական՝ աշխատանքից հեռացնելով  Շիրակի նախկին փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանին:

Նոր դեմք է նաեւ արթիկցի բժիշկ Արա Հարությունյանը, ըստ արթիկցիների, նա եւս շրջապատի մարդ է, լայն կապեր ունի: Հնարավոր է ցուցակում ընդգրկվի նաեւ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության նորանշանակ պետ Արամ Անտոնյանը:

ՀՅԴ կանանց ցանկում տեղ է զբաղեցրել Մարալիկի թիվ 1-ին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Հովհաննիսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, այս տիկնոջն առաջարկել են սատարել ՀՅԴ-ին՝ հետագայում տնօրեն դարձնելու պայմանով:

Որպես վարկանիշային թեկնածու՝ շրջանառվում է նաեւ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանի անունը: Հիշեցնենք, որ այս դպրոցի կոլեկտիվը դեմ էր Շիրակի մարզպետի՝ Արփինե Նիկողոսյանին իրենց դպրոցում տնօրենի ժ/պ նշանակելու որոշմանը՝ պնդելով, որ նրան բերում են ՀՅԴ-ին սատարելու համար:

Վերջիններս պահանջում էին ժ/պ նշանակել իրենց երկարամյա տնօրենին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Շահբազյանին: Այժմ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայացել է, երկու մասնակիցներն էլ՝ թե՛ Արփինե Նիկողոսյանը, թե՛ Գոհար Շահբազյանը անցողիկ միավորներ են ստացել, մնում է մարզպետի որոշումը, թե ում կնախընտրի:

Ինչեւէ, ամենահետաքրքիրն այն է, որ ՀՅԴ վարկանիշային ցուցակում տեղ է գտել նաեւ Արթիկի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի  ղեկավար Խաչատուր Վարագյանի անունը, որը ՀՀԿ-ական է: Շիրակի մարզի ՀՅԴ կառույցից հաստատեցին, որ նրա անունը կա վարկանիշային թեկնածուների ցանկում:

Նկատենք, որ, ՀՀԿ վարկանիշային թեկնածուների ցուցակը կազմելիս էլ՝ նրա անունը ներառվել էր: Ինչո՞ւ է  փաստաթղթերը ներկայացնելու պահին Խաչատուր Վարագյյանը առաջադրվում ՀՅԴ ցուցակով, ոչ իր կուսակցության, այս հարցը պարզելու նպատակով զանգահարեցինք Խաչատուր Վարագյանին: Հարցրեցինք՝ հարմա՞ր է արդյոք հեռախոսով պատասխանել մեր հարցերին, պարոն Վարագյանը սկզբում համաձայնեց, սակայն, երբ իմացավ հարցի բովանդակությունը, ներողություն խնդրեց՝ ասելով, որ այս պահին ժողովի է, մեզ հետո կզանգահարի: Մենք ՀՀԿ Շիրակի մարզային կառույցից ճշտեցինք, որ պարոն Վարագյանը դուրս չի եկել ՀՀԿ  շարքերից:

Հիշեցնենք, որ Խաչատուր ու Մխիթար Վարագյանները նեղված են Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարությունից. նախ այն պատճառով, որ Արթիկի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ առաջադրեց նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, իսկ Մխիթար Վարագյանը ինքնառաջադրվեց՝ դառնալով Արթիկի քաղաքապետ: Բացի այդ, ՀՀԿ տեղի պատասխանատուները, վերջերս այցելելով Խաչատուր Վարագյանի ղեկավարած գազի գրասենյակ, աշխատակիցներին հորդորել էին իրենց ձայնը տալ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին: Եվ սա այն դեպքում, երբ Խաչատուր Վարագյանի անունը նույնպես կար ՀՀԿ վարկանիշային ցուցակում: Այս ամենից վիրավորված՝ այժմ Վարագյանները սատարում են ՀՅԴ-ին:

Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Վարագյան եղբայրների՝ ՀՅԴ-ին մեծ թվով ձայներ խոստանալու դիմաց Շիրակի դաշնակցական իշխանությունը շահագրգռված է Խաչատուր Վարագյանին նշանակել տալ փոխմարզպետ՝ կառավարությունից  Շիրակի մարզպետարանում փոխմարզպետի երրորդ հաստիքը բերելով:

Հիշեցնենք, որ Վարագյանների ավագ եղբայրն էլ՝ Դավիթ Վարագյանը մեծ, հզոր կապեր ունի թե՛ Ղազախստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում. նա շատ մոտ է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Չնայած Խաչատուր Վարագյանը քաղաքակիրթ ձեւով հրաժարվեց մեզ հետ զրույցից, այդուհանդերձ մենք կփորձենք լսել նրան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. էդիկ says:

    Ցավ է, որ Գյումրին իր դեմքը փոխում է: Բնիկ Լենինականցին բոլոր հարցերում հանդես է գալիս լոկ լուռ դիտորդի կարգավիճակում, որի շնորհիվ աջից ու ձախից գյումրին առանց որևէ դիմադրության բառի բուն իմաստով գրավում են հրոսակախմբերը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728