Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական եւ հայկական մոտեցումների համընկնումները

Մարտ 14,2017 18:12

Անկարա-Ամստերդամ հարաբերությունների լարվածությունը հանկարծակիության գործոնի հետ կապ չունի: Դիպաշարին հետեւողը տեսել էր, թե ինչպե՛ս Եվրահանձնաժողովի հոլանդացի փոխնախագահը Թուրքիայի մասին ներկայացրել էր խիստ զեկուցում, որի հիման վրա Եվրամիությունը Թուրքիայի անդամակցության գործընթացը ժամանակավորապես առկախեց: Քաղաքական այս տրամաբանության պարունակում պարզ դարձան Հոլանդիայի վարչապետի քննադատությունները` տեղի թուրք համայնքին ուղղված: Տակավի՛ն, Լայդըն համալսարանի թուրքագետին Էրդողանը բռնապետ նկատելն ու ստացած պատվո մեդալը հետ դարձնելը, Ստամբուլում Հոլանդիայի հյուպատոսարանի ժամանակավոր փակումը, կամ հոլանդացի նշանավոր լրագրողների կողմից Թուրքիայում պատահածները իբրեւ ժողովրդավարության սպանություն որակելը: Կամ թե ինչպես հոլանդական կուսակցության ներկայացուցիչները վճռեցին, որ Թուրքիան չի կարող տեղ ունենալ Եվրամիությունում։ Հիմա էլ ընտանեկան հարցերի թուրք նախարարի արտաքսումը եւ արտգործնախարարի օդանավի Հոլանդիա վայրէջք կատարելու արգելումը:

Այս վերջին դեպքերի պատճառները` արտաքսումը եւ վայրէջքի արգելակումը, երկրորդական նշանակություն ունեն։

Խնդիրը, հակառակ հայտարարված զգուշացման ու արգելքին, Էրդողանի համարձակությունն է նման քայլերի դիմելու, նման ոտնձգություններ կատարելու: Անկարան, Մոսկվային հենված, սիրիական պատերազմում ռազմական միջամտություններ է կատարում, հակառակ ՌԴ-ի կողմից հովանավորված Դամասկոսի խիստ ամբաստանող հայտարարություններին, միջազգային ընտանիքին ուղղված պահանջին` հեռացնելու թուրքական զորքերը սիրիական տարածքներից:

Գրեթե բացառված է, որ Անկարան հակաեվրոպական այս քայլերին է դիմում առանց համաձայնեցնելու աշխարհաքաղաքական այլ ուժի հետ: Թուրքիան դեր ունի Եվրոպայում մարդասիրական, ապահովական եւ տնտեսական ճգնաժամեր ստեղծելու: Թուրքիան դեր ունի Եվրոպան անկայունացնելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման գործընթացում։:

Իսլամ-Եվրոպա բեւեռացած կացություն ստեղծելու, Եվրոպայում իսլամական գործոնը անկայունության լծակի վերածելու հստակ քաղաքականության դրսեւորումն է, որը տեղի է ունենում այս վերջին օրերին: Թուրքիան դեր ուներ միջինարեւելյան տարածաշրջանը արաբական գարնան հովերով ծածկելու. դեր ունի իր սահմաններից անարգել սիրիական եւ իրաքյան տարածքներ անցած ահաբեկիչները փախստականներին առընթեր Եվրոպա թափանցելու գործում: Գաղթականների հսկայական ալիքներ ստեղծելով Եվրոպայի տարածքում մարդասիրական եւ ֆինանսական ճգնաժամ ստեղծելու: Իսկ հիմա էլ Եվրոպայի մեջ ոչ միայն թուրք, այլեւ իսլամ զանգվածները հակաարեւմտյան լուրջ գործոնի վերածելու եւ ցամաքամասը անկայունացնելու:

(Ան)վերահսկելի քաոսներ առաջացնելու վարքագծով օժտված նոր աշխարհակարգի ձեւավորման մեջ Անկարան դեր ունի կատարելիք: Բայց այդ դերի առարկայացման համար բեւեռացումը անհրաժեշտ է պարարտ ենթահող ստեղծելու համար. Արեւմուտքի դեմ առավել գրգռիչ հայտարարություններ կատարելով` ցեղապաշտական որակումներ շպրտելով եւ իսլամ զանգվածներին զգայնությունը սրելու համար Արեւմուտքը իսլամաֆոբիայի մեղադրանքով բնութագրելով, Անկարան ներեւրոպական բեւեռացում է նպատակադրել: Այլ կերպ չի բացատրվում Էրդողանի հայտարարության այս բաժինը. «Արեւմուտքը անցնող օրերին իր իսկական դեմքը հստակորեն ցույց տվեց: Այն ինչ որ տեսանք… իսլամաֆոբիայի հստակ երեւույթ է: Ասել եմ, որ կարծում էի, թե նացիզմը վերջ է գտել, սակայն դա սխալ է: Նացիզմը կենդանի է Արեւմուտքում»:

Օրակարգը աշխարհաքաղաքական տարողություն ունի եւ գործընթացները, անկախ մեզանից ձեւավորվում են։ Քաղաքական արվեստը իրադարձությունների ճիշտ ընթերցումն ու ընկալումն է, բայց մանավանդ ընտրովի ժամանակին արդյունավետ քայլեր ձեռնարկելը:

Հայկական գործոնը կարող է համաեվրոպական եւ հայկական շահերի համընկնումներ նկատել եւ Թուրքիայի դեմ կիրառելի եվրոպական խաղաքարտերի վրա ուշադրություն կենտրոնացնել: Եվ այս դեպքում խաղաքարտերը միայն Ցեղասպանության, դրա ժխտման քրեականացմանը չեն վերաբերում։ Պահն է` Թուրքիայի աջակցությունը վայելող ադրբեջանական հարձակողապաշտությունն ու միջազգային համաձայնությունները խախտելու բազմակի դեպքերը դատապարտող եվրոպական կառույցների պաշտոնական հայտարարություններ հնչեցնելու:

 

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031