Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ներկայացուցիչը անհայտ կորածի մոր կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար ապացույցներ է պահանջում

Մարտ 23,2017 12:05

ՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի՝ կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու պահանջով Ս. Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննությունը: 2017 թ. մարտի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդեց հայցը, իսկ պատասխանողն առարկեց դրա դեմ: Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը դիրքորոշում հայտնեց կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքի և կենսաթոշակի վճարումը դադարեցնելու որոշումների անվավերության վերաբերյալ և պնդեց, որ հայցը ենթական է բավարարման:

Դրա առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը հարց ուղղեց, թե արդյոք ճանաչման հայց ներկայացնելու համար գույքային վնասի հատուցման ապացույցներ ներկայացված են հայցվորի կողմից, ինչին հայցվորը պատասխանեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը չի պարտավորեցնում հայցվոր կողմին նման ապացույցներ ներկայացնել, քանի որ գործողությունների ոչ իրավաչափ ճանաչելու հայցի շրջանակներում նախատեսված է գույքային հատուցում ստանալու մտադրության առկայության պահանջը:

Նա նշեց, որ հայցը ներկայացվել է այդ գործողության արդյունքում պատճառված վնասի հատուցում ստանալու համար, իսկ կրած վնասի ապացուցման հարցը կծագի հետագայում՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վարույթի շրջանակներում: Մ. Սանթրոսյանը իր դիրքորոշմամբ նշեց, որ հայցվոր կողմը բաց է թողել վիճարկման և գործողության կատարման հայց ներկայացնելու ժամկետները, իսկ ճանաչման հայց ներկայացնելու համար չի ներկայացրել բավարար ապացույցներ գույքային վնաս կրելու մասին: Ժամկետները բաց թողնելու հիմքով Մ. Սանթրոսյանը գտավ, որ գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ վճիռ կայացվելու դեպքում՝ խնդրեց հայցը մերժել: ՀՀ զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչը նույնպես դիրքորոշում հայտնեց՝ իր խոսքում նշելով, որ Ս. Սարգսյանի կենսաթոշակի իրավունքը դադարեցվել է կենսաթոշակային գործում համապատասխան տեղեկանքի բացակայության հիմքով և առանց այդ տեղեկանքի նրա նկատմամբ չի կարող նշանակվել ու վճարվել պարգևավճար: Ապացույցների հետազոտումից և դատավարության մասնակիցների ամփոփիչ խոսքը լսելուց հետո նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը գործի դատաքննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2017 թ. ապրիլի 10-ը՝ ժամը 13:00:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031