Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ Սամվել Կարապետյանը ջանքեր է գործադրում՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին միավորելու․ «Հրապարակ»

Հունիս 20,2026 11:30 Share

«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանն է։

– Մինչ հետընտրական փուլում մասնակից, հատկապես ընտրական շեմն անցած ուժերից ժողովուրդն ակնկալում է հստակ դիրքորոշում՝ հետագա պայքարի, մանդատ վերցնել-չվերցնելու եւ այլնի հետ կապված, Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի միավորման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ ընդդիմությունը սխալ է թույլ տվել. շատ կուսակցություններ գերագնահատել են իրենց հնարավորությունները, իսկ նախապես միմյանց հետ պայմանավորվել չի հաջողվել: Նա առաջարկում է ստեղծել համակարգող խորհուրդ եւ հրապարակայնորեն քննարկել հետագա քայլերը: Որքանո՞վ էֆեկտիվ կլինի այս նախաձեռնությունը, եւ որչա՞փ ժողովուրդը ողջամիտ կհամարի պայքարի այս մեթոդը։

– Սամվել Կարապետյանն ունի մի պատմական առաքելություն՝ համախմբել մեր ժողովրդին, այդ թվում՝ քաղաքական ուժերին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադրումից անմիջապես հետո բազմաթիվ ճանաչված հանրային եւ քաղաքական գործիչներ համալրեցին այդ կուսակցության շարքերը՝ միանալով Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմին։ Այնուհետեւ, երբ որոշում կայացվեց՝ մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քաղաքական դաշինք կազմեց «Նոր դարաշրջան» եւ «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեց «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ «Ազատություն», «Ժառանգություն», «Կայունություն», ՀԺԱՄ կուսակցություններն անվերապահ աջակցություն հայտնեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Այդպիսի դիրքորոշում հայտնեց նաեւ «Հայաքվե» քաղաքացիական միավորումը, ինչպես նաեւ՝ զոհված զինծառայողների ծնողներին միավորող ամենամեծ՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։ Մի շարք առանցքային կուսակցություններ, որոնք չէին մասնակցում ընտրություններին, կոչ արեցին իրենց համակիրներին՝ քվեարկել ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Արդյունքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը խորհրդարան անցած ամենամեծ քաղաքական ուժն է։

Այժմ Սամվել Կարապետյանը ջանքեր է գործադրում՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին միավորելու, նաեւ արտախորհրդարանական դաշինք կազմելու համար՝ մեկտեղելու մեր ընդհանուր ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու եւ պետության կործանարար աղետը կանխելու նպատակով։ Այս դեպքում խոսքն ընդհանուր արժեքների եւ նպատակների վրա հիմնված համագործակցության մասին է, որի ձեւաչափը եւ իրականացման կարգավորումները կորոշեն այն ուժերը, որոնք կհամախմբվեն եւ հիմք կդնեն հետագա համագործակցության համար։ Վստահ եմ, որ այն, ինչպես նախորդ դեպքերում, հաջողություն կունենա։

Արա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930