«Քաղաքագիտական հայեցակետից հրապարակներ լցնելու մասին բղավոցները հույժ նման են քաղաքացիական պատերազմ, նվազագույնը՝ բախումներ հրահրելու մտադրության (դիցուք՝ 2008 թ․ մարտիմեկյան դիպաշարով), որոնք չափազանց վտանգավոր են անվտանգության խնդիրներ ունեցող, պարտություններից հետո դեռևս ուշքի չեկող պետության համար»․ «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
– «Ընտրությունները կեղծվել են ու դատա՞րկ է էս տեղերը։ Եվ հանրապետության խորհրդարանում էդ հարցը չի քննարկվո՞ւմ․․․ Ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ Ձեր հետեւորդների ձայները կեղծվել են՝ դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ Մենք ընդդիմադիր չե՞նք եղել, որ ձայները կեղծվել են հաջորդ օրը չամադանները հավաքած օդանավակայաններո՞ւմ ենք եղել»․ ընդդիմադիր լիդերներին էր դիմում-հեգնում Նիկոլ Փաշինյանը։ Ցավալի է, բայց մի հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ այն պահին՝ ամսի 8-ի գիշերը, երբ ինքն ու իր իշխանությունը ձայներ էին կեղծում, ընդդիմադիր լիդերները չպե՞տք է փողոցում լինեին։ Հետընտրական այս անհասկանալի իրավիճակին ինչ-որ բացատրություն ունե՞ք։
-Նիկոլ Փաշինյանի վերոբերյալ խոսույթը կարելի է գնահատել 3 հայեցակետից․ ա) իրավական՝ այս առումով բացարձակ սադրիչ և բախումներ հրահրող ձևակերպումներ են։ Ընդդիմության իրավական գործելակերպին՝ հավաքել ընտրախախտումների և ընտրակեղծիքների դեպքերը, դրանց փաթեթով դիմել ԿԸՀ և վարչական դատարան՝ վերահաշվարկներ ու դրանից բխող վերաքվեարկություն կատարելու ակնկալիքով, ապա՝ դիմումներին պատշաճ պատասխան չստանալուց հետո պատրաստվել ՍԴ դիմել՝ չեղյալ ճանաչելու ընտրությունների արդյունքները, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արձագանքում է աղաղակներով, թե «դուք տանը վեր ընկած եք․․․ մենք ընդդիմադիր չե՞նք եղել», իբրև ձեզ ընտրողներին լցրեք հրապարակները, բայց չէ՞ որ ընտրությունների արդյունքները իրավականորեն չեն որոշվում հրապարակներում, այլ օրենքի ուժով դատարաններում, և դրա մասին վարչապետ հանդիսացողը պիտի որ շատ լավ տեղեկացված լինի, բ) քաղաքագիտական հայեցակետից հրապարակներ լցնելու մասին բղավոցները հույժ նման են քաղաքացիական պատերազմ, նվազագույնը՝ բախումներ հրահրելու մտադրության (դիցուք՝ 2008 թ․ մարտիմեկյան դիպաշարով), որոնք չափազանց վտանգավոր են անվտանգության խնդիրներ ունեցող, պարտություններից հետո դեռևս ուշքի չեկող պետության համար և գ) մարդկային հոգեբանական դիտակետից նման արձագանքները վկայում են հեղինակի անհավասարակշիռ հուզական վիճակի մասին՝ տագնապի և ցասումի բռնկումներով։ Ելնելով այս արձանագրումներից՝ կարծում եմ, որ բնավ պետք չէ առաջնորդվել Փաշինյանի «առաջարկներով», ՔՊ ծրագրերին ընդդիմացողները պետք է առաջնորդվեն իրենց օրակարգով՝ հայկական, պետականամետ և սահմանադրական։ Ուզում եմ նշել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ողջամիտ, հավասարակշռված հայտարարությունը ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին, համակարգող խորհրդով և ծրագրային գործողություններ իրականացնելու արդյունավետ օրակարգով։
-Նախօրեին, խորհրդարանի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանը նաեւ փաստացի մեղադրեց ոչ միայն ընդդիմադիր լիդերներին, այլ ընդդիմությանը ձայն տված 500 հազար քաղաքացիներին՝ իրենց դիրքորոշմամբ Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու մեջ։ Ասաց՝ Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեդ Հաջիեւի՝ Դիլիջանում կայացած հանդիպումը այդ պատերազմը կանխելու համար էր։ Սա արդեն զավեշտ էլ չէ, նույնիսկ բարդ է բնութագրել, թե ի՞նչ է։ Ի՞նչ եք տեսնում սրա տակ թաքնված։
Կարդացեք նաև
-Նման սպառնալիք-մեղադրանքների ներքո պարզ անզորությունն է, հնարավոր ձախողման գիտակցումը։ Ն․ Փաշինյանը դեռ հունիսի 8-ի ցայգալույսին հասկացել էր, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մերժում է հավերժ պարտությունն ու ազգային շահերի ստորադասումը, օտարահպատակության գաղափարաբանությունը պետության անվտանգության և խաղաղության հիմք դարձնելու ՔՊ ծրագիրը։ Հասարակության մեծամասնության համար Արցախյան պայքարը շարունակվելու է, Բաքվի բանտերից հայ գերիների ազատության համար պայքարն այլընտրանք չունի, Արարատը հայոց սրբազան լեռն է, ցեղասպանները պետք է միջազգային դատարաններում դատապարտվեն, ինքնիշխան, ժողովրդավարական, իր քաղաքացիների իրավունքների ու պատմական ճշմարտությանը հետամուտ Հայաստան պետությունը մեր անվտանգության միակ գրավականն է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էլ՝ մեր հոգևոր անսասան հիմքը։ Հունիսի 7-ից հետո պարզ է դառնում, որ հայ ժողովրդի մեծամասնությանը չես վախեցնի պատերազմի դամոկլյան սրով, մեզ իրական խաղաղություն է պետք, որը Արմեն Գրիգորյանն իր թիմով երբեք չի կարող բերել, իրենց բերածն արդեն, ցավոք, տեսել ենք։ Եվ ամենակարևորը ադրբեջանցիներին բնավ հարկ չկա անընդհատ ու անընդմեջ հիշեցնել Հայաստանի դեմ պատերազմի մասին, «մեզ մեծամասնությունը չի ընտրել, եկեք, հասեք» ենթադրյալ տրամաբանությունը լուրջ չէ։
-Որոշ վերլուծաբաններ արտահերթ ընտրություններ են կանխատեսում, որոշ ընդդիմադիրներ ուրախացել են, պնդում են, որ ՔՊ-ականները «պանիխիդայի» դեմք ունեն, ՔՊ-ականներն էլ ասում-խոսում, երգում-պարում, ծափ են տալիս․ Ձեր տպավորությամբ արտահերթ ընտրություննե՞ր կունենանք, թե առաջիկա հինգ տարին էլ դատապարտված ենք ՔՊ-ի հետ անցկացնել։
-Ո՛չ, մենք դատապարտված չենք, սթափության ժամը եկել է, կարևոր չէ՝ ով է ուրախացել, ով է հոգեհացին հատուկ տրամադրություններով համակվել։ Կարևորն այն է, որ ՀՀ քաղաքացին ուզում է ապրել անվտանգ և աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կռվախնձոր չդարձող, հավասարակշռող դիվանագիտություն վարող ինքնիշխան երկրում, որն իր հայրենակիցների իրավունքների պաշտպանն է բոլոր հարթակներում, որի ղեկավարներն արհեստավարժ և անձնվեր գործիչներ պիտի լինեն՝ օրինահարգ և պատասխանատու։ Համոզված եմ, որ Հայաստանում ի վերջո ազատ, արդար, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններով իշխանություն է փոխվելու։
-Ուշագրավ է, բայց անգամ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո ՌԴ նախագահը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ի հակառակ սպասումների, իսկ ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարները իրենց վերջին հանդիպման ընթացքում նաեւ Հայաստանի ճակատագիրն են քննարկել։
-Անկեղծորեն այնքան էլ կարևոր չեմ համարում շնորհավորել-չշնորհավորելու հանգամանքը։ Ակներև է, որ Ադրբեջանը և Թուրքիան աջակցում են Փաշինյանի կուսակցությանը, նրանց ուղեգծին, իսկ Ռուսաստանը փորձում է հասկանալ, թե թուրք-ադրբեջանական հաղթարշավի ստատուս-քվոն վերջնականապե՞ս հաստատվել է, թե՝ ոչ։ Եթե համոզվեց՝ կշնորհավորի, ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են դրական հունով, քանի որ այս երկու պետություններն իրենց չեն դիրքավորում որպես ախտաբանական հակառուս, այլ վարում են հավասարակշռված քաղաքականություն՝ ի նպաստ իրենց ազգային շահերի, ի տարբերություն ՔՊ Հայաստանի, որն իր արտաքին քաղաքականությունը դարձրել է օտար պետությունների հետ սակարկության մանրադրամ՝ ի վնաս իր անմիջական շահերի։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2026


















































