Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամները հանդիպել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

Ապրիլ 02,2017 08:07

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի առանցքային դերակատարությունը ԱՊՀ անդամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ սերտացման հարցում: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելությունը մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ճշգրիտ ու անաչառ գնահատման տեսանկյունից:

ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի առանձնահատկությունները եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորությունները՝ արձանագրելով, որ փաստաթուղթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ լիակատար փոխհամաձայնության պայմաններում:

«Նոր Ընտրական օրենսգիրքն առավել քան ժողովրդավարական է եւ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Ընտրողը պետք է համոզված լինի, որ իր ձայնը վճռորոշ է լինելու եւ չի կորչելու»:

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է պատվիրակության անդամներին ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակի առթիվ եւ դիտորդներին առաջիկա ընտրություններում մաղթել արդյունավետ աշխատանք:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկն ընդգծել է, որ իրենց փորձագետները դրական եւ արդյունավետ են գնահատել կատարված աշխատանքն ու փոփոխված օրենսդրությունը:

«Դուք ձեր առջեւ դրել եք թափանցիկ փաստաթուղթ ընդունելու նպատակ, եւ դա ձեզ հաջողվել է, ինչը գործնականում կկիրառեք ապրիլի 2-ին: Համոզված եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված կլինի»,-նշել է պարոն Պիրշտուկը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել նախընտրական քարոզչության իրականացման վերաբերյալ՝ փաստելով, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել հավասար պայմաններ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները երեկ նաեւ այցելել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի հետ։

Սեյրան Օհանյանն ամփոփ ներկայացրել է դաշինքի «365 օր» ծրագրի դրույթները, նախընտրական քարոզչության ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված խախտումները, անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ իրականացված բռնություններին ու ճնշումներին։

Նաև նշել է քաղաքականություն մտնելու իր որոշման դրդապատճառների մասին՝ ընդգծելով բանակին ամուր թիկունք՝ ուժեղ տնտեսություն և կառավարման նոր համակարգ ունենալու անհրաժեշտությունը։

Դիտորդները տեղեկացրել են, որ իրենց խումբը բաղկացած է ավելի քան 20 անդամից, ովքեր եղել են տարբեր շրջաններում, և արդեն իսկ որոշակի պատկերացում են կազմել ՀՀ ընտրական գործընթացի մասին։

Նաև հետաքրքրվել են Ընտրական նոր օրենսգրքից և ՀՀ սահմանադրական փոփոխություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930