Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ տանող Սիսիան-Գորիս ճանապարհը 1 տարի առաջ անմխիթար էր, մեկ տարի անց էլ նույն վիճակում է

Ապրիլ 08,2017 15:00

Ամեն տարի Հայաստանի ճանապարհների վերանորոգման համար բյուջեից միլիոններ են դուրս գրվում, բայց, այդուհանդերձ, հանրապետության միջպետական, միջմարզային ու գյուղական ճանապարհները անմխիթար վիճակում են: Երեկ այդ մասին կառավարության նիստում փաստեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը` միջմարզային տրանսպորտի արդիականացման հարցը նույնպես պայմանավորելով նոր ճանապարհներ ունենալու գործոնով:

Հանրապետության մի քանի ճանապարհների ռազմավարական նշանակությունը հատկապես ընդգծվեց անցյալ տարի ապրիլի պատերազմի օրերին, երբ հարյուրավոր վիրավորներ, տեխնիկա եւ այլ իրեր էին տեղափոխվում այդ ճանապարհներով Արցախ եւ հակառակ ուղղությամբ:

Ճանապարհների վերանորոգումը ստանձնած կապալառուներն էլ խոստովանում են, որ ճանապարհները հին են, մաշված ու ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման կարիք ունեն, մինչդեռ ամեն տարի կառավարությունը գումարներ է հատկացնում միայն փոսալցման ու ճաքալցման համար:

Երեկ «Առավոտը» տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ գոնե ռազմավարական նշանակության ճանապարհները չեն հիմնանորոգվում, որ ամեն տարի միայն փոսալցվում ու ճաքալցվում են` այդկերպ բյուջեի ծախսերն էլ դարձնելով անարդյունավետ:
Վահան Մարտիրոսյանը, սակայն, համամիտ չէ, որ փոսալցումն ու ճաքալցումն անարդյունավետ ծախս են` վստահեցնելով, որ դրանք ժամանակավոր լուծումներ են ճանապարհների վիճակն անցանելի պահելու համար, մինչեւ որ մեծ գումարներ կգտնվեն ընդհանուր հիմնանորոգելու:

Նախարարին փոխանցեցինք նաեւ վարորդների, ավտոներկրողների դժգոհությունները, որոնք դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման բիզնեսով են զբաղվում: Նրանք վերջերս ասուլիս էին հրավիրել` ներկայացնելով բոլոր այն դժվարությունները, որոնք կրում են ճանապարհների պատճառով, ինչի հետեւանքով էլ տուժում է նրանց բիզնեսը:
«Հիմա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին շինարարություն է գնում, եւ այն բացելուց հետո հիմնական ծանրաբեռնվածությունը կանցնի այդ ճանապարհով: Ընթացքում մենք մշակում ենք ծրագրեր այդ ճանապարհահատվածի համար»,- ի պատասխան՝ ասաց նախարարը:

Մեր այն հարցին, թե Վանաձոր-Ալավերդին էլ են փոսալցում կատարում, նախարարն ասաց, որ այն կապիտալ վերանորոգում են:

Հարցին, թե քանի՞ տարվա երաշխիք պետք է ունենա կապիտալ վերանորոգված ճանապարհը, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց` 12 տարվա. «Ասֆալտ-բետոնե ծածկը ունենում է 12 տարվա կյանք, բայց այն պայմանով, որ 7-րդ կամ 8-րդ տարում կատարվում է միջին նորոգում»:

«Առավոտի» այն հարցին, թե տարիներ առաջ մի գերմանական սարք ներկրվեց Հայաստան, որով Վերահսկիչ պալատը պետք է իր ստուգումների հիմքում դներ այդ սարքի հետազոտության արդյունքները. սարքը պետք է պարզեր, թե այս կամ այն ասֆալտը, երկաթ-բետոնի բաղադրությունը որքանով են որակյալ, կա՞ արդյոք այդ սարքը, եւ այն օգտագործվո՞ւմ է վերահսկման ժամանակ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ սարքն այժմ էլ աշխատում է, եւ լաբորատորիաներով վերահսկվում են:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհներին, որոնք մեկ տարի առաջ էլ անբարեկարգ էին, մեկ տարի անց էլ` նույն վիճակում, ինչին «նպաստում» են նաեւ Իրանից Հայաստան եկող-գնացող մեծ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը, ապա Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդ ճանապարհը պետք է հիմնանորոգվի, հիմա ինչ-որ կատարվում է, դա միջին նորոգում է կամ ուղղակի փոսալցման աշխատանքներ. «Ճանապարհը հին է, հիմքերը թուլացել են, դրա համար հիմնանորոգման ծրագիր է պետք, ծրագրերը ներկայացրել ենք, ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլինի»:
Նախարարը նաեւ ասաց, որ միայն այդ ճանապարհը չէ, որ վատ վիճակում է, հանրապետությունում շատ ճանապարհներ կան, որ անմխիթար են:

Հարցին՝ ներդրողներ չե՞նք կարող բերել ճանապարհների համար էլ, պարոն նախարարը պատասխանեց, որ այդ դեպքում դրանք կդառնան վճարովի, քանի որ ճանապարհի վրա ներդրում անել ցանկացող գործարարը պետք է կոմերցիոն ակնկալիք ունենա:
Ճանապարհների ընդհանուր վիճակից խոսելով՝ նախարարն ասաց, որ այս պահին գնահատում են եւ համապատասխան ֆինանսական միջոցների պարագայում կամ պետք է անեն հիմնանորոգում, կամ միջին նորոգում, կամ ուղղակի փոսալցում: Այն մարզերը, որտեղ ճանապարհների վիճակը շատ վատ է, ժամանակավոր լուծումներ կգտնեն՝ մինչեւ ֆինանսական աղբյուրները կլինեն:

Հարցին, թե գուցե ասֆալտի որակն է՞լ կապ ունի, որ ամեն տարի ճանապարհները քայքայվում, մաշվում են, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ Հայաստանում ճանապարհների որակը կախված է նաեւ բնակլիմայական պայմաններից. «Դուք տեսնում եք, թե Հայաստանում ջերմաստիճանային տատանումն ինչքան մեծ է, ամառվա + 50-ից մինչեւ ձմեռվա -30, -40: Ճանապարհներն այդ պայմաններում դժվար են դիմանում»:
Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնող կազմակերպություններին, որոնք որակի հաշվին գումարներ են լվանում, նախարարը վստահեցրեց, որ վերջին տարիներին սարքած բոլոր նոր ճանապարհները որակյալ են: Իսկ ատկատների մասով ասաց, որ փաստեր չունի. «Եթե նման փաստեր ունեք, խնդրում եմ՝ ինձ էլ ասեք»:
Նախարարին նաեւ մատնացույց արեցին դեպի Արցախ տանող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, որը ուղիղ մեկ տարի առաջ քարուքանդ վիճակում էր, եւ պատերազմից հետո էլ անցել է մեկ տարի` նույն անմխիթար վիճակում է:
«Այդ ճանապարհի հիմքերը խարխլված են, դա պետք է հիմնանորոգվի, այնտեղ արվել է փոսալցում կամ միջին նորոգում, ինչը որ ժամանակավոր բնույթ է կրում: Մեր ճանապարհներն այն վիճակում են, որ միանգամից ամբողջ ճանապարհների հարցը լուծելու համար շատ մեծ ներդրումներ են պետք»:

Թե որքան գումար կպահանջվի՝ պարոն Մարտիրոսյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ երեք շաբաթվա ընթացքում այդ հաշվարկները կունենան:

Ինչո՞ւ ճանապարհները առաջնահերթ խնդիրների շարքին չեն դասվում՝ «Առավոտի» հարցին, չէ՞ որ դրանք ռազմավարական նշանակության են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց` ո՞վ է ասում, որ առաջնահերթությունների մեջ չեն: Մեր այն դիտարկմանը, թե բացի Հյուսիս-հարավ ճանապարհից, որի շինարարությունը վարկային միջոցներով է, չենք տեսնում բյուջեից որեւէ խոշոր հատկացում կարեւոր նշանակության ճանապարհների կապիտալ վերանորոգման համար, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Տեսա՞ք, այսօր ֆինանսների նախարարն ասաց, որ հայտեր ներկայացնենք բյուջեն վերանայելու համար, եւ այդ հայտը ներկայացնելու ենք»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930