Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլի հայերի մոտ 80 տոկոսը «ոչ» է ասել». «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր

Ապրիլ 18,2017 17:01

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է անկանխատեսելի և ագրեսիվ: Այսպիսի մտահոգություններ ունեն հասարակական-քաղաքական գործիչներն Անկարայում և Ստամբուլում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով Թուրքիայում անցած շաբաթվա վերջին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, տեղեկացրեց, որ հայ համայնքը հիմնականում «դեմ» է քվեարկել. «Ստամբուլի հայերի մոտ 80 տոկոսը «ոչ» է ասել: Քվեարկության օրը ես գնացի տեղամաս ու տեսա, որ մեր սնդուկներից դուրս բերվող քվեների մեջ ութսուն տոկոսով «ոչ»-երը գերազանցում էին: Սակայն սա ընդհանուրի մեջ արձագանք չգտավ»:

Պարոն Էստուկյանի համոզմամբ՝ մոտ 70.000-անոց հայ համայնքի վրա առանձնապես ազդեցություն հանրաքվեն ունենալ չի կարող:

Դառնալով Էրդողանի վարած քաղաքականությանը՝ պարոն Էստուկյանը նշեց. «Էրդողանը երկիրը տանում է մեծ ալեկոծումների: Նա միահեծան է, հետևաբար Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է անկանխատեսելի, և կանխատեսվում է ագրեսիվություն արտաքին քաղաքականության մեջ: Թուրքիան դառնում է ավելի քիչ վերահսկելի»:

Ըստ պարոն Էստուկյանի, եթե տասը տարի առաջ դեպի Եվրամիություն անդամակցելու հանրաքվե լիներ Թուրքիայում, երկրի մեծամասնությունը «կողմ» էր քվեարկելու, բայց հիմա հավանաբար «ոչ» ասողներն ավելի մեծ կլինեն` շնորհիվ երկրի ղեկավարության վարած քաղաքականության:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանը շեշտեց, թե այս ընտրություններն առանձնահատուկ են այն տեսանկյունից, որ կազմակերպվել են երկրում տիրող արտակարգ դրություն պայմաններում. «Երեկ բոլորս հաղորդագրություն ստացանք, որ երկրում դեռ շարունակվելու է արտակարգ դրությունը և դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ դա կտևի»:

Դիանա Յայլոյանը տեղեկացրեց, թե «ոչ» քվեարկողները հիասթափված են, բայց միևնույն ժամանակ փաստեց. «Երկու կուսակցությունները միասին ավելի շատ ձայն պիտի հավաքեին, քան հավաքեցին և փաստորեն, միասին իրենք իրենց ուժը կորցնելով՝ հաղթեցին այս ընտրությունները: «Այո»-ն ստացավ 51.5 տոկոս, ուստի իրենց ուզած փոփոխություններն իրականացնելու համար պետք է ստանան այլ ուժերի աջակցությունը, հատկապես քրդական»:

Դիանա Յայլոյանը փաստեց, որ 1994-ից հետո առաջին անգամ մեծ քաղաքները քվեարկեցին «դեմ». «Սա նշանակում է, որ այս քաղաքները, որոնք ավելի տնտեսական ուղղվածության են և հիմնական հարկ տվողներն են, դեմ են տնտեսական քաղաքականությանը»:

Aravot.am-ը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, թե հաջորդ հանրաքվեն լինելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելը: Հետաքրքրվեցինք՝ սա դիտակել որպես սպառնալի՞ք, թե «սուտ բանավեճ», թուրքագետ Լևոն Հովսեփյանն ի պատասխան նկատեց, թե վերջին շրջանում բազմաթիվ նման հայտարարություններ եղել են անգամ ամենաբարձր մակարդակներով: Նա Էրդողանի հայտարարությունը սպառնալիք համարեց. «Այդ հնարքը թուրքական իշխանությունները կիրառում են ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար: Բավականին դժվար է պնդել, որ Թուրքիայում նման հանրաքվե տեղի կունենա: Որքան էլ անդամակցության գործընթացները նման ճգնաժամում գտնվեն, ԵՄ-ն Թուրքիայի համար առաջնահերթ տնտեսական գործընկեր է և այդ հարաբերությունների խզումը, որը կարող է տեղի ունենալ նաև տնտեսական հարթություն վրա, կարող է աղետաբեր լինել թուրքական տնտեսության համար»:

Դիանա Յայլոյանի տպավորությամբ` այդ հայտարարությունը քաղաքական դիվիդենտներ շահելու սպառնալիք է: Նա տեղեկացրեց, որ երեկ գիշեր ԵՄ-ն արդեն հրապարակել է Թուրքիայում անցկացված հանրաքվե մասին զեկույց, որում շեշտը դրել է ոչ այնքան այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում խախտումներ են եղել, այլ որ հանրաքվեն անցկացվել է արտակարգ դրության ժամանակ, ինչը արգելված է, քանի որ այդ պարագայում ազատ ժողովրդավարական քննարկումներ տեղի ունենալ չեն կարող:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930