Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպվածներ, որոնց արդյունքում օպերային երգչուհին ռեժիսոր է դարձել

Մայիս 05,2017 15:00

Լիա Սարգսյանը՝ իր ստեղծագործական ուղու մասին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի 2003թ. հիմնած եւ ավանդաբար անցկացվող մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային փառատոնի ¥տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան) անունն արդեն հայտնի է աշխարհին։ Ժամանակին փառատոնն իրենց մասնակցությամբ պատվել են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ Նինա Մազուրը, Վրոցլավի փառատոնի նախագահ Վեցլավ Գերասը ¥Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը ¥Գերմանիա), Մարիա Տանանան ¥Լիտվա) եւ այն։ Փառատոնին իրենց արվեստով ներկայացել են ոչ միայն հայ դերասաններ, այլեւ արվեստագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից եւ այլն։
«Առավոտը» հետեւում էր երեւանյան տարբեր բեմերում ապրիլի 29-ից մայիսի 3-ը ՀՀ նախագահի տիկնոջ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացված ներկայացումներին։

Երեւանի երաժշտական կամերային թատրոնում Սոֆա Ազնավուրյանի «Հույս» մոնոօպերայի ներկայացմամբ, ըստ Զինաիդա Գիպպիուսիի «Մտահղացում» նովելի, հանդիպեցինք մոսկվաբնակ օպերային երգչուհի Լիա Սարգսյանին։ Ասում են, թե այս երգչուհուն փայլուն ապագա է կանխատեսել մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանը։ Իսկ հայ հանդիսատեսը Լիա Սարգսյանին, հավանաբար, կմտաբերի 1980-ականներին Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի Մոցարտի «Թատրոնի տնօրենը», Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», Գերշվինի «Պորգին եւ Բեսը», Ռախմանինովի «Ալեկո» եւ այլ ներկայացումներից։ Դասավանդել է նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Լիա Սարգսյանը՝ «Հույս» մոնոօպերայում:

Մեզ հետ զրույցում երգչուհին հիշեցրեց նաեւ, որ 2013թ. ռեժիսոր Վահե Շահվերդյանը, անվանի թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի խորհրդով, իրեն հրավիրել է Տուրգենեւի «Մեկ ամիս գյուղում» պիեսի բեմադրական աշխատանքներին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է Մոսկվա տեղափոխվելուն, արվեստագետը հավաստիացրեց, որ դա կապված է եղել ամուսնու աշխատավայրը փոփոխվելու հետ։ «Մինչ մեկնումս Մոսկվա՝ 1993թ. Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը հրավիրեց ինձ թատրոն, վստահեց Մադամ Բաթերֆլայի դերերգը Պուչինիի համանուն օպերայում, սակայն ցավում եմ, որ այն մնաց չիրականացված։ Իսկ Մոսկվայում «Գելիկոն-օպերա»-ի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանն ինձ հրավիրեց հանդես գալու գլխավոր դերերգով Վերդիի «Տրավիատա»-ում։ Վերջինս էլ չիրականացավ, որովհետեւ հիմա էլ ամուսնուս Եվրոպայից հրավիրեցին աշխատանքի։ Կարեւորում եմ Մոսկվայում իմ մանկավարժական գործունեությունը, օրինակ՝ Մայմոնդիի անվան պետական դասական ակադեմիայում, որը հայտնի է որպես «հրեական կոնսերվատորիա», շուրջ մեկ տարի դասավանդելուց հետո ինձ վստահեցին ղեկավարելու վոկալ բաժինը։ Ուսանողներիցս, որոնք այսօր ճանաչված դեմքեր են, օրինակ, Ելենա Իսաեւան դափնեկիր դարձավ հեղինակավոր «Bella Voce» մրցույթում, Մարիա Սոկոլովային էլ, որն այսօր Մեծ թատրոնի մեներգչուհի է, կոնսերվատորիայի իր դասարան հրավիրեց անվանի երգիչ Զուրաբ Սոտկիլավան, ծնունդով Ռոստովից տենոր Խաչատուր Բադալյանն էլ այսօր ցանկալի հյուր է հեղինակավոր շատ թատրոններում»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հավելեց նաեւ, թե արդեն չորս տարի է՝ աշխատում է Մ. Բրագինսկայայի արվեստանոցում եւ ամռան ամիսներին էլ վարպետության դասեր է անցկացնում հրավիրյալ վոկալիստների հետ։

Երգչուհին՝ Մոցարտի «Թատրոնի տնօրենը» օպերայում (1989թ., Երեւան):

Ինչ վերաբերում է «Արմմոնո»-ի շրջանակներում Սոֆա Ազնավուրյանի «Հույս» մոնոօպերային, հետաքրքրվեցինք, թե ինչու է հեղինակը հենց իրեն վստահել եւ ինչու է հենց ինքը բեմադրել, այլ ոչ թե որեւէ ռեժիսոր։ «Սոֆային ծանոթացրեց Երեւանի կոնսերվատորիայի իմ պրոֆեսորը՝ Սվետլանա Կոլոսարյանը, իսկ «Արմմոնո»-ի տնօրենը՝ ռեժիսոր Արսեն Ղազարյանի հետ։ Ինչ-ինչ պատճառներով վերջինիս հետ մեր ստեղծագործական կապը չստացվեց: Հետո Մոսկվայում լսել էի երեւանյան «Տոսկա»-
ի հաջողության մասին, որը բեմադրել է Նաիրե Ստեփանյանը, բայց, ցավոք, ինքը ժամանակի սղություն ուներ, եւ որոշեցի ինքս բեմադրել։ Այդ պատասխանատվությունը ստանձնեցի, քանի որ մտերիմ եմ եւ Մոսկվայում համագործակցել եմ ճանաչված ռեժիսոր Ֆիլիպ Սիտնիկովի հետ, որը քանիցս ակնարկել է, թե ռեժիսորական ձիրք ունեմ… Այս մոնոօպերայում մեծ է կոնցերտմայստերիս՝ Նատալյա Գաբրիելովայի դերը նույնպես»,- ասաց արվեստագետը։ Զրույցի ընթացքում Լիա Սարգսյանը պատմեց նաեւ եվրոպական տարբեր բեմերում կայացած մենահամերգների մասին, հիշեց, թե ինչպես է Լուսինե Զաքարյանի հետ որպես երգեհոնահար տարիներ շարունակ հանդես եկել Մայր տաճարում, Հայաստանում էլ առաջին կատարողն է եղել Ա. Վեբերնի վոկալ շարքի եւ գլխավոր դերերգով մասնակցել է Ի. Մատեի «Մուսադաֆ» օպերայի համերգային կատարմանը։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031