Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին պետք է քաղաքական դաշտ բերել և կան նորմեր, որոնց նա պետք է ենթարկվի». Լարիսա Ալավերդյան

Մայիս 05,2017 14:44

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ Հայաստանը չի կարողանում միջազգային հարթակներում ներկայանալ սեփական շահերով:

«Պատահական չէ, որ այսօր բանակցություններ չեն կայանում: Սա տագնապ է առաջացնում: Ադրբեջանի ու Թուրքիայի համար կա զուտ հայության խնդիր: Ապրիլյան պատերազմը վկայությունն է, որ քաղաքական էլիտայի վրա հույսներս դնելով՝ չենք հասնելու լինել-չլինելու խնդրի հաղթանակի: Մեր ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ քաղաքական ուժերն այդպես էլ արժանի չեղան հայ ժողովրդի ներուժին»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, բանակցային սեղանին նոր ոչինչ չկա, մինչդեռ հայկական կողմն ինքը պետք է օրակարգ թելադրի. «Նախևառաջ Ադրբեջանին պետք է քաղաքական դաշտ բերել և կան նորմեր, որոնց նա պետք է ենթարկվի»:

Անդրադառնալով մայիսի 1-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ տիկին Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այդկերպ ինքն իրեն է ստուգում, վարժում մկանները՝ պարզելու՝ կարո՞ղ է իրական պատերազմ սկսել: Իսկ ինչ վերաբերում է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությանը, բանախոսը իրատեսական հեռանկար է տեսնում:
«Քանի որ խորհրդային միությունից հետո Հայաստանը չբարձրացրեց Նախիջևանի հարցը, այնինչ Նախիջևանի հարցն ավելի պատրաստ էր միջազգային ատյաններում քննարկելու համար, քան արցախյան հարցը: Հայկական կողմը ոչ միայն դա չարեց, այլ թեման փակվեց»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, Թուրքիան, Ռուսաստանի հետ ինչ-ինչ շահեր ունենալով, ցանկանում է տարածաշրջանում դառնալ ամենակարևոր գործոնը և լինել լիդեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031