Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվող Վլ. Խանդամիրյանին կալանքի տակ պահելը կամայական բնույթ է կրում. վերաքննիչ դատարանը կստուգի որոշման հիմնավորվածությունը

Մայիս 18,2017 10:25

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2016 թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակչի սպանության մեջ մեղադրվող Վ. Խանդամիրյանի իրավունքների պաշտպանությունը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. ապրիլի 25-ի որոշմամբ 2016 թ. դեկտեմբերին ձերբակալված, ապա կալանավորված Վ. Խանդամիրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով, և նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց:

Առաջին ատյանի դատարանի որոշումը համարելով անօրինական և չհիմնավորված՝ պաշտպան Ա. Զալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Դրանում շեշտել է, որ բացի նրանից, որ Վ. Խանդամիրյանին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունն ապացուցող հանգամանք քրեական գործում առկա չէ, առկա չեն նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված հիմքերը, որոնք անհրաժեշտ են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելու համար: Վ. Խանդամիրյանը չի խուսափել քննությունից. նախ ոստիկանություն է ներկայացել ինքնակամ, ապա ոստիկանության կանչով, որից հետո էլ ձերբակալվել է: Կալանքի մասին որոշում կայացնելիս դատարանը հաշվի չի առել ինչպես նրա անձը բնութագրող հանգամանքները, այնպես էլ կնոջ և երկու մանկահասակ երեխաների՝ իր խնամքին լինելու հանգամանքը, ընտանիքի կենցաղային պայմանները: Ավելին՝ դատարանը գտել է, որ շարունակում է առկա լինել հիմնավոր կասկածը՝ Վ. Խանդամիրյանի՝ կատարված հանցագործությանն ունեցած առնչության վերաբերյալ, այն դեպքում, երբ կասկածը հիմնավորող՝ դատարանի վկայակոչած ապացույցների մի մասը դատարանում չեն հետազոտվել, պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել անգամ ապացույցներն ստանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու: Իսկ որոշ ապացույցներ էլ մասամբ են տրամադրվել պաշտպանական կողմին, բայց և դրանք կասկածը հիմնավորող հանգամանքներ չեն պարունակում:

Դատարանի որոշման մեջ որոշ փաստեր ուշադրության ընդհանրապես չեն արժանացել: Կալանքը գրավով փոխարինելու միջնորդության մերժումն էլ պատշաճ հիմնավորում չի ստացել: Ինչը հիմք է տալիս պնդելու, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը կամայական բնույթ է կրում, և դատարանի որոշումը հակասում է ինչպես ներպետական ու միջազգային մի շարք իրավական ակտերի, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքով Ա. Զալյանը պահանջել է Վ. Խանդամիրյանին ազատել կալանքից կամ կալանքը փոխարինել գրավով՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով: Դատական նիստը նշանակված է 2017 թ. մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031