Շատերն են օմեգա-3 ճարպաթթուների հավելումներ ընդունում՝ Ալցհայմերի հիվանդության, դեմենցիայի կանխարգելման նպատակով, սակայն նոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հավելումներն ամենևին էլ չեն բարելավում հիշողությունն ու մտավոր գործառույթները, ինչպես նաև չեն կանխում գլխուղեղի բջիջների կորուստը։
Հետազոտության առաջատար հեղինակ Հուսեյն Յասինը, որը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանության դպրոցի պրոֆեսոր է, հայտարարել է․ «Օմեգա-3 հավելումները, որպես կոշտ գործիք, անարդյունավետ են․․․ Անգամ եթե մենք օմեգա-3-ի բարձր մակարդակ էինք հայտնաբերում փորձարարական խմբի մասնակիցների գլխուղեղում, դա ամենևին էլ չէր բարելավում նրանց մտավոր գործառույթները»։
Այդ դեպքում ի՞նչն է իսկապես աշխատում։ Նրա խոսքով՝ առողջության ընդհանուր բարելավումը ֆիզիկական վարժությունների, սթրեսի նվազեցման, որակյալ քնի և բուսական ծագման մթերքներով հարուստ սննդակարգի օգնությամբ․ վերջինը կարելի է հարստացնել օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ յուղոտ ձկնատեսակներով, ընդեղենով ու սերմերով։
«Միջերկրածովյան երկրներում օմեգա-3-ի բարձր մակարդակը մտավոր գործառույթների լավ վիճակի ցուցիչ է,-ասում է պրոֆեսոր Յասինը,- Սակայն այդ կողմերում մարդիկ հավելումներ չեն ընդունում։ Նրանք յուղոտ ձուկ են ուտում, զբաղվում սպորտով, հանդիպում են ընկերների հետ ու հանգիստ, քիչ սթրեսային կյանքով են ապրում»։
Կարդացեք նաև
«Այս իմաստով օմեգա-3 ճարպաթթուները իրենց լավագույնս են դրսևորում՝ օգնելով գլխուղեղին», -հավելել է պրոֆեսորը։ «Սակայն եթե դուք տիպիկ արևմտյան սննդակարգ ունեք՝ արագ սննդի գերակշռությամբ, չեք զբաղվում սպորտով ու ողջ օրը սթրեսի մեջ եք, ապա, ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը, գլխուղեղում օմեգա-3-ի մակարդակի բարձրացումը ոչ մի նշանակալի ազդեցություն չի ունենալու»։
Ձկան յուղի և ջրիմուռներից ստացված հավելումների՝ թուլամտությունից պաշտպանող ազդեցության մասին բազմամյա հրապարակումներից հետո եկել է մեր հայացքները վերանայելու ժամանակը՝ հայտարարել է Ալցհայմերի հվանդության կանխարգելման հարցերով հետազոտող դոկտոր Ռիչարդ Այզեքսոնը։
«Օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են գլխուղեղի օպտիմալ առողջության համար, հատկապես APOE4 գենն ունեցող մարդկանց դեպքում, քանի որ այդ գենը մեծացնում է Ալցհայմերով հիվանդանալու վտանգը», -ասել է Այզեքսոնը, որը չի մասնակցել տվյալ հետազոտությանը՝ ավելացնելով․ «Սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ ճարպաթթուները լավ չեն ազդում այն մարդկանց դեպքում, որոնք ընդհանուր առմամբ չեն զբաղվում իրենց առողջությամբ»։
Օմեգա-3-ի արդյունաբերությունը ներկայացնող գլոբալ կազմակերպությունը (GOED) CNN-ին հայտնել է, որ հետազոտությունը պետք է դիտարկել «օմեգա-3-ի՝ ճանաչողական գործառույթների վրա ունեցած ազդեցության ապացույցների ողջ ծավալի համատեքստում»։
«Օրինակ՝ 33 հետազոտություններ բացահայտել են օմեգա-3 հավելումների պաշտպանիչ ազդեցությունը զարգացող Ալցհայմերի հիվանդության նկատմամբ», -ասել է տվյալ կազմակերպության մասնագետներից մեկը՝ հավելելով․ «Էյկոզապենտաենաթթուն (EPA) և դոկոզահեքսաենաթթուն (DHA)՝ օմեգա-3 կարևոր ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան յուղի հավելումներում, ամենաշատ ուսումնասիրված սննդանյութերից են։ Հրապարակվել է ավելի քան 50 000 գիտական հոդված և իրականացվել շուրջ 5 000 կլինիկական հետազոտություն, իսկ գիտական գրականության զգալի մասը օմեգա-3-ը կապում է ճանաչողական գործառույթների բարելավման հետ»։
Ի՞նչ է հայտնի օմեգա-3 ճարպաթթուների կարևորության մասին
Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմին․ դրանք նվազեցնում են արյան ճնշումը, մեծացնում «լավ» խոլեսթերինի մակարդակը, նպաստում բջիջների առողջության պահպանմանը՝ նվազեցնելով քաղցկեղի, դեմենցիայի, Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգը։
Օմեգա-3 ճարպաթթուները նշանակալի ազդեցություն ունեն գլխուղեղի առողջության վրա։ Մասնագետների խոսքով՝ մարդու գլխուղեղի մոտ 60 տոկոսը լիպիդները կամ ճարպերն են կազմում, որոնցից 35 տոկոսը բաժին է ընկնում օմեգա-3-ին, որը, սակայն, չի արտադրվում օրգանիզմի կողմից։ Այս ճարպաթթուների աղբյուրը սնունդն է, մասնավորապես՝ յուղոտ ձկնատեսակները (սաղմոն, սարդինա և այլն), ընկույզը, չիայի ու կտավատի սերմերը և այլն։ Սակայն շատերը չեն օգտագործում այս մթերքները՝ փոխարենը գերադասելով հավելումների ընդունումը։ Ձկան յուղով հավելումները պարունակում են էյկոզապենտաենաթթու և դոկոզահեքսաենաթթու, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում։ Էյկոզապենտաենաթթուն պայքարում է բորբոքման դեմ ու խթանում է սրտի առողջությունը, դոկոզահեքսաենաթթուն համարվում է ուղեղի, աչքերի ու կենտրոնական նյարդային համակարգի հիմնական կառուցվածքային նյութերից մեկը։ Վեգանների համար նախատեսված հավելումները պարունակում են ծովային ջրիմուռների յուղ, որը էյկոզապենտաենաթթվի և դոկոզահեքսաենաթթվի աղբյուր է։
Չիայի, կանեփի և կտավատի յուղով պատիճները օմեգա-3-ի մեկ այլ տարատեսակ են պարունակում, որը կոչվում է ալֆա-լինոլենաթթու․ սա հակաօքսիդանտ է, որը կարևոր դեր ունի սնունդն էներգիայի վերածելու գործում։ Այն նաև առողջարար է սրտի համար․ այս տեսակի հրաշալի աղբյուր է հունական ընկույզը։
Վերադառնանք վերևում քննարկվող հետազոտությանը․ պրոֆեսոր Յասինը նշում է․ «Երբ դուք օմեգա 3 ճարպաթթուներ եք ստանում՝ ձուկ ուտելով, դուք միայն դրանք չեք ստանում՝ այլ մի ողջ ձուկ՝ լի սննդանյութերով»։
Օրինակ՝ սաղմոնը պարունակում է սպիտակուցներ, А, D, В-12 վիտամիններ, այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են սելենն ու կալիումը, և, իհարկե, բարձրակարգ օմեգա-3 ճարպաթթուներ։
«Դա պետք է լինի առողջ ապրելակերպի մի մաս։ Եթե մենք նույն սաղմոնը տապակենք, այն այլևս նույնքան օգտակար չի լինի։ Մենք կարող ենք քայքայել օմեգա 3 ճարպաթթուները՝ ձուկը տապակելով, կամ չեզոքացնել դրանք կարտոֆիլ ֆրիի հետ համակցելով»։
Հետազոտության հեղինակները օմեգա-3 ճարպաթթուների ընդունումը համեմատում են ծովի մեջ մի կաթիլի հետ այն մարդկանց դեպքում, որոնք չեն մարզվում, սնվում են ուլտրավերամշակված մթերքներով, ունեն ավելորդ քաշ՝ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկով։ Մի խոսքով՝ եթե մարդն ունի անառողջ կենսակերպ, օմեգա 3 հավելումները պարզապես չեն աշխատի։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ



















































